Պառակտել ու թշնամացնել բոլորին

Պառակտել ու թշնամացնել բոլորին

Պատկերացնում եմ Նիկոլ Փաշինյանի եւ ուսապարկերի ցնծությունը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման կապակցությամբ։ Հիմա իսկը պահն է հիշելու «էդ ո՞ր մի դատավորն ա, որ պիտի իմ ասածը չանի» թեւավոր արտահայտությունը: Պարզ է, որ բոլոր դհոլչի դատավորներն ու դատախազները պատրաստ են սրբորեն կատարելու եւ անգամ գուշակելու, թե ինչ է ուզում իրենց վարչապետի սիրտը: Ի դեպ, ծառայամիտների պակաս մեր երկրում երբեք չի եղել` երիտասարդ դատավորի հայրն էլ նախկինների հրահանգներն էր նույն եռանդով գուշակում եւ կատարում: Բայց խնդրին նայենք բոլորովին այլ տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց երեք տարում պառակտել ու իրար դեմ հանել բոլորին` բոլոր համակարգերում առաջացնել թեւեր, ընդ որում` կատաղի հակամարտող թեւեր:

Պատկերացրեք, թե ինչպես են այս դատավորին վերաբերվելու իր 100-ից ավելի գործընկերները, որոնք իրենց մեջ ուժ են գտել եւ դեմ են դուրս եկել իշխանություններին, չեն վախեցել եւ իրենց վրդովմունքն են հայտնել Սյունիքի դատավոր Բորիս Բախշիյանի դեմ ձեռնարկված հալածանքների կապակցությամբ: Մի ամբողջ համակարգ` նույնպես դատավորներ, որոնք փաստերի հետ են գործ ունենում եւ տասնյակ նման վճիռներ են կայացնում, հայտարարեցին, որ դատավորին հետապնդելու հիմքեր չկան, որ այս գործընթացն ապօրինի է, քաղաքական հստակ ենթատեքստով: Իսկ նրանցից մեկը գտավ, որ կան ոչ միայն քրեական հետապնդման, այլեւ կալանավորման հիմքեր: Բայց դատական համակարգը միակը չէ, որն այս օրերին բզկտվում է` ճամբարների բաժանված: Փաշինյանի վարչակազմը կարողացել է սփյուռքի մեր ամենամիասնական համայնքներից մեկը պառակտել. այս օրերին Ֆրանսիայում է գտնվում սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը, որի այցի առիթով ֆրանսահայ համայնքում լուրջ խմորումներ են ընթանում: