Եթե Ռուբեն Վարդանյանը մինչեւ 2020 թ. պատերազմը գար Արցախ, ամեն ինչ այլ կլիներ

Եթե Ռուբեն Վարդանյանը մինչեւ 2020 թ. պատերազմը գար Արցախ, ամեն ինչ այլ կլիներ

Արցախի նախկին պետնախարար, բարերար, այսօր Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մատենա» միջազգային դպրոցն Արցախում տեւական ժամանակ կազմակերպում էր «Առաջնորդում եւ մոտիվացիա» դասընթացներ, որոնք նախատեսված էին հանրային, մասնավոր ոլորտների աշխատակիցների եւ մասնագետների լայն շրջանակի համար։

«Մատենա» միջազգային դպրոցը չորս ծրագիր է իրականացրել Արցախում, ընդ որում՝ վերջին երեքը` շրջափակման պայմաններում։ Չնայած առաջացած խնդիրներին՝ կազմակերպիչները կարողացել էին առցանց դասընթացներ անցկացնել։ Արցախցի Շուշան Հայրապետյանն այժմ Հայաստանում է շարունակում «Մատենա»-ի դասընթացներին մասնակցել, որոնք կավարտվեն մարտի 2-ին։ Բայց, ինչպես Շուշանն է ասում, Արցախում՝ բլոկադայի պայմաններում անձամբ Ռուբեն Վարդանյանի ներկայությունը վայելելու, նրա դասախոսությունները լսելու տպավորություններն ու հիշողությունները բոլորովին այլ էին։

«Ռուբեն Վարդանյանին դեռ համացանցով 10 տարի առաջ եմ հետեւել։ Ավելի վաղ էի հետաքրքրվել նրա գործունեությամբ, նրա մտքերը հետաքրքիր էին։ Մեզ մոտ կա կարծրատիպ, չէ՞, եթե բիզնեսմեն է՝ անգրագետ է, Վարդանյանը փոխեց էդ կարծրատիպը։ Շատ ուրախացա, երբ եկավ Արցախ։ Ամեն մարդ չէ, որ կթողներ ընտանիքն ու կհայտնվեր մի կռվախնձոր վայրում։ Չէի պատկերացնում, որ պետական կառավարման ոլորտը կվերցնի ձեռքը։ Նույնիսկ աշխատավայրում քննարկում էինք, թե դա ինչ կտա մեզ։ Բայց կարճ ժամանակում շահեց արցախցիների վստահությունը։ Ինքը դրսում շատ էր քայլում` հատկապես Ստեփանակերտի եկեղեցու մոտ շատ էր լինում, ու, ոնց ասում են՝ արցախցիների համար դարձել էր «սվոյ չելավեկ»»,- մեզ պատմեց Շուշան Հայրապետյանը՝ ընդգծելով. Վարդանյանն առաջինն էր, որ Արցախում նախաձեռնեց մի կրթական ծրագիր, որն իրականացվում էր նախարարների մակարդակով։ «Միանգամից սկսվեց կրթական ծրագրերի բում, նախ առաջին դեմքերն ընդգրկվեցին ծրագրում, նախարարների մասնակցությամբ դասընթացներ էին անցկացվում։ Ռուբեն Վարդանյանն այն մարդն էր, որ միանգամից հասկացավ, թե ինչն է մեզ պակասում, նկատեց, որ կառավարման ոլորտում հետ ենք՝ սովետական դարաշրջանում ենք մնացել, ինտենսիվ կապ չկար աշխարհի հետ, հմտությունների պակաս ունեինք։ Մի շարք մասնագետների հրավիրեց։ Ես սահմանադրական մարմնում էի` Հաշվեքննիչ պալատում էի աշխատում։ Նեղվում էի՝ մեզ չէին հրավիրում այդ դասընթացներին, ու, ի վերջո, արդեն բլոկադայի պայմաններում հերթը հասավ մեզ։ Ռուբեն Վարդանյանն արդեն պաշտոն չուներ, բոլորս թեւաթափ էինք․ մտածում էինք՝ հիմա կթողնի կգնա, կմնանք նորից այս վիճակում։ Բայց երբ մնաց, դա ավելի մեծ քայլ էր, քան իր Արցախ գալը։ Էդ էֆեկտն արցախցիների մոտ ավելի մեծ եղավ։ Ինքը չնստեց տեղը, տեսավ, որ կրթության պակաս ունենք, մի շարք ծրագրեր նախաձեռնեց։ Օրինակ, «Մենք ենք մեր սարերը» ծրագրի միջոցով կազմակերպվում էին հայկական ավանդական երգ ու պարերի օրեր, եւ դռները բաց էին բոլորի առաջ, ցանկացողները կարող էին աշխատանքից հետո գնալ ու մասնակցել։ Դեպի եկեղեցիներ տուրեր էին կազմակերպվում։ Անընդհատ մեզ դրդում էր, որ զարգանայինք, շարժվեինք տեղից։ Ինչպես ասացի՝ ինձ հաջողվեց հաղթահարել մրցույթը եւ մասնակցել դասընթացին, որն արդեն իրականացվում էր հանրային եւ մասնավոր ոլորտի մասնագետների համար։ Ընտրվեց 50 մասնակից, հասկացանք, որ հեշտ չէ` պիտի արժանի լինես։ Առաջին անգամ որ մասնակցեցի դասին, մեզ հետ Գերմանիայից, Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից օնլայն դասեր էին անցկացնում առաջատար մասնագետները, միակ կենդանի շփումը Ռուբեն Վարդանյանի հետ էր։ Ի՞նչն էր հետաքրքրիր․ բլոկադայի պայմաններում, թեկուզ մյուսների հետ օնլայն շփումով, մենք մեզ բլոկադայի մեջ չէինք զգում, այլ թվում էր՝ կապը ողջ աշխարհի հետ է։ Ռուբեն Վարդանյանը դրանով մեզ հասկացնում էր, որ ոչ մի սահմանափակում խոչընդոտ չէ, եթե ուզում ես․․․․ բացի այդ՝ մեզ շեղում էր, մոռանում էինք նյութականի եւ խնդիրների մասին»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ «Մատենա»-ի դասընթացներից հետո իր աշխարհընկալումն ամբողջությամբ փոխվել է։

«Նրա դասախոսությունները լսելը մի առանձնակի հաճույք էր։ Մեջբերումներ էր շատ հաճախ անում, ամեն անգամ հեղինակին եւ գործը նշում էր։ Կարող էր, չէ՞, ասել ու անցնել առաջ, բայց միանգամից 3 հարց էր դրանով լուծում։ Նախ՝ ազնվությունը, որ արդարացի չէ հեղինակին չհիշատակելը, երկրորդ՝ խոսում էր փաստերով, եւ, ամենակարեւորը՝ մեզ ինքնազարգացման էր մղում, հասկացնում, որ անընդհատ պիտի կարդանք։ Երբ մեջբերեց Ջորդան Պիտերսոնի խոսքերը՝ երեկվա ու այսօրվա համեմատական անցկացնելով, ինձ ստիպեց գրադարանից վերցնել հեղինակին եւ կարդալ։ Ի դեպ, այդ գրադարանը նույնպես Ռուբեն Վարդանյանն էր ստեղծել, որտեղ տարբեր թեմատիկայով գրքեր կային։ Մուլտֆիլմերից էր հաճախ մեջբերումներ անում։ «Մաուգլին», որ հազար անգամ տեսել էի, երբեք մտքովս չէի անցկացրել այն պահը, երբ գոյապայքարի համար կենդանիները շրջափակում են ստեղծում։ Վարդանյանին լսելուց հետո մոտս նոր մշակույթ է ձեւավորվել, ֆիլմեր դիտելիս փորձում եմ տողատակերը բացել։ Երբ լսում էի նրան, մտածում էի՝ էս մարդն էս պահին կարող էր միջազգային ճանաչում ունեցող որեւէ կառույցում դասախոսել, բայց եկել ու մեր առաջ է խոսում»։

Շուշան Հայրապետյանը վստահ է՝ եթե Ռուբեն Վարդանյանը մինչ 2020 թ. պատերազմը մեկներ Արցախ, ամեն ինչ այլ կլիներ։ Հիշեցնենք, որ նա Արցախ մեկնեց 2022 թվականի սեպտեմբերին` նախապես հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից: «Ինքը շատ խաղաղասեր էր, ասում էր՝ պատերազմը հարց չի լուծում, դա կարճաժամկետ էֆեկտ է, այսօր իրենք հաղթեցին, վաղը՝ մենք, բայց դա հարցի լուծում չէ, միայն գիտելիքն ու ինքնակրթությունն են ճամփան։ Ինքն ուշ եկավ Արցախ, իրեն ժամանակ էր պետք, որ մեր ինքնագիտակցությունը բարձրացներ, պիտի փոխվեր մեր մտածողությունը։ Եթե նա կառավարման ոլորտում մինչ պատերազմն ընդգրկվեր, այսքան սխալ թույլ չէինք տա։ Գիտեք՝ ես կարծում եմ, որ իր պակասը ոչ միայն Արցախում էր, այլեւ հիմա նաեւ Հայաստանում կա»։

Ու չնայած Շուշան Հայրապետյանն այս պահին գործազուրկ է, չի հուսահատվում․ «Մի պահ թվում է, թե գիտելիքն այլեւս ոչ մեկին պետք չէ, հակառակ դեպքում աշխատանք կգտնեի, բայց չեմ հուսահատվում, գալու է այդ օրը, երբ գիտելիքն է որոշելու։ Ես վստահ եմ, որ Բաքվի բանտում էլ Վարդանյանը դիմակայում է պատվով, այդքան հոգով ուժեղ եւ մտավոր հարուստ մարդը չի հանձնվի, դա իր տեսակը չէ։ Ինքը հայի ուժին, գենետիկային էր հավատում, ասում էր՝ մենք լավ ազգ ենք, ինչքան մեծեր ենք տվել աշխարհին, էդ գենետիկան ունեցող ազգը չի կարող վերանալ, շեշտում էր, որ մեր վերջնանպատակը միավորվելն է․․․»։