Նշտարդ տուր՝ ասեմ, կամ՝ իշտահիդ քացախ

Նշտարդ տուր՝ ասեմ, կամ՝ իշտահիդ քացախ

Խոստովանեմ՝ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Վահան Քերոբյանը տնային կալանքի տակ, իսկ Արսեն Թորոսյանը դրսում՝ ազատության մեջ: Մի՞թե Վահան Քերոբյանի մոտ կոռուպցիոն ռիսկերն ավելի մեծ են ու շատ, քան Արսեն Թորոսյանի: Հավանաբար, Վահան Քերոբյանը «կրայնին» էր, յուրատեսակ քավության նոխազ: Այլ բացատրություն չունեմ: Վահան Քերոբյանը, ի վերջո, մարդ չէր սպանել: Փող է, կերել են կամ չեն կերել՝ հասկացանք: Իսկ ինչո՞ւ է ազատության մեջ Արսեն Թորոսյանը՝ հայտնի ВОЗ-ի տղան, որի խղճին հազարավոր մահեր կան ծանրացած: Եվ, առհասարակ, Սասուն Խաչատրյանը կամ ԱԱԾ-ն ի՞նչ ծրագրեր ունեն Արսեն Թորոսյանի հետ կապված:

Հիշում եմ, որ նույն Արսեն Թորոսյանը մի պահ հայտնվեց կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, բայց հաջողացրեց պլստալ՝ փուռը տալով ուրիշներին եւ սպառնալով ՔՊ-ական վերեւներին, որոնք եւս ակտիվ էին քովիդի տարիներին, երբ ինքը տակավին առողջապահության նախարար էր: Փաշինյանն այդ ժամանակ պետք է նրա հարցերը լուծեր, բայց վախեցավ Քերոբյանի ճակատագրին արժանացնել «դոկտոր մահին»: Ինչո՞ւ… Արսեն Թորոսյանը, գուցե, շա՞տ բան գիտեր ՔՊ-ական վերնախավի անցուդարձից: Արսեն Թորոսյանից նույնիսկ հաշվետվություն չպահանջեցին՝ ինչպե՞ս են ծախսվել որպես օգնություն Հայաստան եկած դրամական միջոցները, ինչպե՞ս են բաշխվել բժշկական սարքավորումները, պետպատվերի ահռելի գումարները: Հաշվետվություն, որի տակ պետք է լինեին Արսեն Թորոսյանի (առողջապահության նախարար), Տիգրան Ավինյանի (պարետ) եւ Նիկոլ Փաշինյանի (քովիդի հաղթահարման աշխատանքների ակտիվիստ եւ համակարգող) ստորագրությունները, գոյություն չունի: Թե բա՝ մենք ինչ անում, բաց ենք անում: Շատ բաց եք, տղերք, շատ:

Արձանագրեմ, որ առողջապահության համակարգն անգամներով ավելի կոռումպացված համակարգ է, քան Քերոբյանի խեղճուկրակ էկոնոմիկայի նախարարությունը: Մենք սա գիտենք դեռ օրորոցից: Շտկել առողջապահության համակարգը՝ անհնար է: Հիպոկրատի երդվյալ հրեշտակներն ամբողջ աշխարհում մի այնպիսի կուռ պատնեշ են քաշել այդ համակարգի շուրջ, որ օձն իր պորտով, հավքն իր թեւով… Ազնիվ բժիշկները թող ինձ ներեն, բայց նրանք այս համակարգի երեւացող մասն են միայն: Մաֆիան ներքեւում է՝ ջրի տակ, որ համաշխարհային ողջ պրոցեսը վերահսկում է այս կամ այն կառավարության մեջ ներդնելով սեփական ВОЗ-ի տղաներին: Թմրանյութերից մինչեւ մարդկային օրգանների վաճառք, համաճարակների տարածումից մինչեւ հակահամաճարակային պայքար, աշխարհում մարդկանց թվաքանակի «կարգավորումից» մինչեւ ծխախոտի ու աղի դեմ պայքար՝ սպիտակ խալաթով «հրեշտակներն» այսօր ամենուր են:

Ոչ մեկին հաշվետվություն չներկայացրած եւ նախարարի աթոռից պատգամավորական աթոռի մեջ տեղավորված Արսեն Թորոսյանն ԱԺ-ում երեկ զրույց է բացել մի շատ նուրբ թեմայի շուրջ, որ, կարելի է ասել, բացահայտ առնչություն ունի մարդկային օրգանների վաճառքի հետ: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նա հայտարարել է, թե ինքը երբեք չի հրաժարվի մահվան դեպքում իր օրգանները որեւէ մեկին հանձնելուց, եթե դրանք առողջ լինեն։ Նրա այս խոսքերից հետո աչքերս մի պահ խոնավացան, բայց երբ ուշքի եկա եւ տեսա, թե ով է այդ խոսքերն ասում, իսկույն զգաստացա: Հաջորդ վայրկյանին արդեն մի անզուսպ ծիծաղ էր բռնել ինձ՝ էս ինչ ա ասուուում, էս ոնց ա ասուուում…

Եվ, ուրեմն, սիրելի հայրենակիցներ, հիվանդանոցում հայտնվելու դեպքում երբեք թուղթ չստորագրեք այն մասին, որ համաձայն եք «մահվան դեպքում» ձեր օրգանները հանձնել ուրիշի: Ձեր «մահը» կարող է արագանալ եւ նույնիսկ վրա հասնել շատ անսպասելի: Օրգաններ Արսեն Թորոսյանին շատ են պետք՝ այս «հումանիտար» բիզնեսը զարգացնելու համար: Ձեր մահվանից հետո նա ձեզնից անվճար կվերցնի առողջ օրգանները եւ թանկ կվաճառի «կարիքավորներին»: Հիմա այդ պրոցեսի «օրինականացմանն» է լծվել Արսեն Թորոսյանը: «Մահվանից» հետո, հասկանալի է, ոչ մեկին պետք չէ իր առողջ օրգանը, բայց դա պետք է Արսեն Թորոսյանին, որ այն վաճառի Հայաստանում կամ, որ ավելի հավանական է, արտահանի եւ ավելի մեծ եկամուտներ ստանա: Եվ Արսեն Թորոսյանը թող ինձ չհամոզի, որ դա անում է մեր պետության շահերից ելնելով: Ով-ով, բայց ես գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում «առողջապահություն» կոչվող համակարգը, եւ ինչպես է այն շրջանցում թե՛ պետությանը, թե՛ պետության «բոբիկ» ղեկավարին, թե՛ Սասուն Խաչատրյանին ու ԱԱԾ-ին: 

ՀԳ. Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես հրաժարվում եմ Արսեն Թորոսյանից եւ մնացած ՔՊ-շնիկներից որեւէ «առողջ» օրգան ստանալու իմ իրավունքից: Լսեցի՞ք, սիրելի վիրաբույժներ: