Դուք նոյեմբերի 9-ին ռուսներին կանչեցիք, որ Արցախը փուլ առ փուլ հանձնեք

Դուք նոյեմբերի 9-ին ռուսներին կանչեցիք, որ Արցախը փուլ առ փուլ հանձնեք

Հայաստանում փաստացի իշխանություն չկա, որովհետեւ իշխանություն՝ առաջին հերթին նշանակում է սեփական երկրի նկատմամբ պատասխանատվություն, պատասխանատվություն այդ երկրում կատարվող ցանկացած իրադարձության համար: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները 6 տարվա ընթացքում այդպես էլ չհասկացան, որ իրենք այլեւս ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ չեն, որ Հայաստանում կատարվողի պատասխանատվությունը վերահասցեագրեն ինչ-որ մեկին, ինչ-որ կառույցների, որ այդ պատասխանատվության իրական հասցեատերն իրենք են:

Թվում է, թե Ալեն Սիմոնյանը Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարն է, որովհետեւ ԱԺ կայքում գրված է, որ նա զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը: Շատերը հենց այդպես էլ մտածում են, որ եթե ինչ-որ տեղ գրված է, որ այս կամ այն մարդն ինչ-որ պաշտոն է զբաղեցնում, նշանակում է հենց այդպես էլ կա: Նա նաեւ նստում է ԱԺ նախագահի աշխատասենյակում, նրան որպես ԱԺ նախագահ անվտանգության ծառայություն է հասնում, նա ստանում է ԱԺ նախագահին հասանելիք աշխատավարձը: Բայց այս ամենը խնդրի միայն երեւութական կողմն է, որովհետեւ Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարը չի կարող խոսել այնպես, ինչպես խոսում է Ալեն Սիմոնյանը: Լրագրողները նրան հարց են տալիս ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու իրավունքից զրկելու մասին, նա ասում է, որ իր անձնական կարծիքով՝ «ճիշտ կլինի, որ նրանք այնտեղից դուրս գան»: 

Նախ՝ ի՞նչ է նշանակում «անձնական կարծիքով», երկրի օրենսդիր իշխանության ղեկավարն անձնական կարծիք կարող է ունենալ իր անձնական կյանքի եւ խնդիրների վերաբերյալ, պետական կառավարման հարցերի վերաբերյալ նա պետք է արտահայտի միայն իշխանության ընդհանրական տեսակետը: Կարող են ասել, որ նա անձնական կարծիք է արտահայտում, քանի որ տեղյակ չէ պետական կարծիքի մասին, նրան դրա մասին չեն տեղեկացնում: Բայց ո՞վ պետք է տեղեկացնի` այդ ընդհանրական կարծիքը պետք է ձեւավորվի նաեւ իր մասնակցությամբ: Եթե ձեւավորվում է առանց իրեն, ուրեմն նա երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարը չէ: 

Ավելի զավեշտալի է, թե ինչպես է նա բացատրում ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հեռացնելու ցանկությունը. «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ նրանք այնտեղից դուրս գան: Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն: Դուք վստա՞հ եք, դուք վստա՞հ եք (դիմելով հարց տվող լրագրողին՝ մի քանի անգամ կրկնում է), ես վտահ չեմ: Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին, հլը չեմ ասում, որ հաճախ նաեւ ձեւ արեցին, ամեն ինչ արեցին, որ այդ սահմաններն ավելի խոցելի լինեն: Եկան Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ արեցին, եկան Լեռնային Ղարաբաղ` հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին, հետո էլ ռուս խաղաղապահներից հինգ հոգի մարդ իրադարձություններից 2-3 ժամ հետո մահացան, ասին` տեսա՞ք` մենք ոնց էինք աշխատում: Եկան հայերին ուղեկցեցին, դա էր պաշտպանելը, մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ կուղեկցեն դուրս»:
Նախ՝ ռուսներն ինքնակամ չեն եկել Արցախ, նրանց այնտեղ հրավիրել է Ալեն Սիմոնյանի անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը` ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Չստորագրեր Փաշինյանն այդ հայտարարությունը, ռուս զինվորականները գուցե ընդհանրապես չհայտնվեին այնտեղ: Ռուսներին Փաշինյանը Լեռնային Ղարաբաղ հրավիրեց ոչ թե արցախցիներին պաշտպանելու, այլ սեփական իշխանությունը, նաեւ Ալեն Սիմոնյանի աթոռն ու ծառայողական մեքենան փրկելու համար: Նոյեմբերի 10-ին հայ ժողովուրդը քիչ էր մնում երկրում հեղափոխություն աներ, որովհետեւ հազարավոր հայ մարդիկ շոկի մեջ էին հայտնվել` տեղեկանալով, որ Փաշինյանը շաբաթներ շարունակ խաբել է իրենց, ասել է՝ հաղթում ենք, Շուշիի համար մարտերը շարունակվում են, բայց ի վերջո իմացան, որ խայտառակ պարտվում ենք, Շուշին կորսված է, եւ հաջորդը կարող է լինել Ստեփանակերտի ու ամբողջ Արցախի կորուստը: Այդ ժամանակ էր, որ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության մյուս ներկայացուցիչները մտել էին բունկերներն ու տարբեր թաքստոցներ՝ հայ ժողովրդի վրեժխնդրությունից խուսափելու համար: Փաշինյանը ռուսներին կանչեց, որ Արցախի կորուստը լինի փուլային, որ ինքն ու իր իշխանությունը կարողանան ուշքի գալ, ժամանակ շահել, կարողանան ճնշել հանրային դժգոհությունը: Արեւելյան ասացվածքն ասում է. «Ձրիակերի կյանքի ամենաերանելի պահն այն է, երբ ինքը կարող է թքել իր բարերարի երեսին»: Հիմա Ալեն Սիմոնյանը հանգիստ կարող է թքել ռուսների երեսին, որովհետեւ 2020 թվականին նրանց շնորհիվ կարողացան պահել իշխանությունը եւ ոչ միայն այդ ժամանակ, իսկ հիմա կարող է անպատիժ թքել նրանց երեսին: Ռուսները չէին պաշտպանում՝ թող ՔՊ ջոկատը պաշտպաներ, Փաշինյանի կոչով իբրեւ թե այդպիսի ջոկատ կար կազմավորված: Այդ ջոկատի գործողությունները Հայաստանը թալանելուց, երկիրը ոչնչացնելուց դուրս որեւէ կերպ չեն դրսեւորվում: 

Ինչ վերաբերում է «Զվարթնոցից» իրենց ուղեկցելուն, ապա պետք չէ այդքան վախենալ ուղեկցելուց: Պետք է վախենալ, որ մի օր ռուս սահմանապահները կարող են իրեն, Փաշինյանին եւ ՔՊ-ական իշխանության մյուս ներկայացուցիչներին թույլ չտալ օդանավակայանով լքել Հայաստանը: Այ, իսկական սպառնալիքը դա կլինի, եւ դրանից խուսափելու համար իսկապես կարելի է ռուսներին հեռացնել օդանավակայանից: Բայց Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը չգիտեն, թե դա ոնց պետք է անեն, ում պետք է ասեն, ում պետք է դիմեն, որ ռուս սահմանապահներն այլեւս ծառայություն չիրականացնեն օդանավակայանում: Եթե անգամ գտնեն էլ հասցեատիրոջը, այնքան էլ վստահ չեն, որ իրենց դիմումները չեն մերժվի: Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի իշխանություններն ուզում են ռուս սահմանապահներին հանել օդանավակայանից ու չեն կարողանում: Նման անհեթեթ վիճակներում չհայտնվելու համար ճիշտ կլինի, որ զբաղվեք նրանով, ինչը ձեզ թույլատրված է` հարկեր հավաքեք ու իրար հետ մեջ-մեջ անեք: Թե չէ՝ սահման, սահմանապահ, ռազմաբազա, միջազգային դրություն, մեր պատասխանը Չեմբեռլենին: Դուք ո՜ւր, Չեմբեռլենը` ուր:

Ավետիս Բաբաջանյան