Ով կարծում է, որ Մոսկվան կփոխվի, ապուշ է
Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու՝ Մակրոնի աղմկահարույց հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել աշխարհում։ Ֆրանսիայի նախագահի խոսքերը բուռն քննադատության արժանացան նույնիսկ Փարիզի մերձավոր դաշնակիցների շրջանում, իսկ ՆԱՏՕ-ում, ընդհանրապես, հերքեցին նման սցենարի հավանականությունը։
Իսկ ինչպե՞ս են Ուկրաինայի հասարակական եւ քաղաքական շրջանակներն արձագանքում Ելիսեյան պալատից հնչող առաջարկությանը։ «Հրապարակ»-ի այս դիտարկմանն ի պատասխան՝ ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան նշեց․ «Ուկրաինայի բոլոր քաղաքացիների փոխարեն չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ես հասկանում եմ, որ Էմանուել Մակրոնի խոսքերը մեծ ոգեւորություն են առաջացրել, բայց պետք է հաշվի առնել, որ նա իր նախագահության երկրորդ ժամկետում է եւ մտադիր է վերընտրվել։ Այսինքն՝ նա կարող է իրեն թույլ տալ վառ եւ աղմկահարույց հայտարարություններ անել»։ Ինչ վերաբերում է Ուկրաինա բազմազգ կամ որեւէ երկրի զորքեր ուղարկելու հնարավորությանը, քաղաքագետը ներկայում դա քիչ հավանական է համարում, քանի որ դրա համար նախադրյալներ եւ հստակ ազդանշաններ չկան։
«Այս պահին ոչ մեկը նման ռեսուրս չունի, թեեւ Ֆրանսիան ունի օտարերկրյա լեգեոն, որտեղ, ի դեպ, ծառայել են բազմաթիվ ուկրաինացիներ, եւ Փարիզը կարող է խաղարկել այդ լեգեոնի տարբերակը։ Բայց ես ձեռնպահ կլինեի դիտարկել, թե այն լայնածավալ նշանակություն կունենա, այս պահին դա պարզապես իրատեսական չէ»։
Ամեն դեպքում, Մագդայի համոզմամբ, Մակրոնի այդ խոսքերը կարեւոր են եւ կարող են օգնել ուկրաինացիներին՝ ավելի արդյունավետ կազմակերպել համընդհանուր զորակոչը եւ հասկանալ, որ իրենք միայնակ չեն ռուսների դեմ պատերազմում։ Ռուսաստանից եկող արձագանքն արդեն վկայում է դրա մասին՝ ընդգծեց մեր զրուցակիցը։
Ուկրաինացի գրող, հրապարակախոս, լրագրող Սերգեյ Մարտինյուկի համոզմամբ էլ՝ նման հայտարարություն պետք է արվեր երկու տարի առաջ եւ ոչ միայն Մակրոնի կողմից։
Ըստ նրա՝ աշխարհը տեսնում է «ռասիստների հանցագործությունները եւ ջայլամի պես գլուխը թաքցնում է ավազի մեջ։ «Չարը պետք է պատժվի։ Անկարելի է դատապարտել ոմանց, իսկ մյուսների վրա աչք փակել: Ով կարծում է, որ Մոսկվան կփոխվի, ապուշ է։ Երկու տարի շարունակ Ուկրաինան կռվում եւ պաշտպանում է ամբողջ աշխարհին։ Պաշտպանում է ազատությունը, ընտրության իրավունքը, ժողովրդավարությունը։ Ուկրաինան Արեւմուտքին սովորեցրել է չվախենալ ռուսներից. Ուկրաինան այս պատերազմում ցույց տվեց Ռուսաստանի իրական դեմքը։ Ինչո՞ւ է աշխարհը լռում․․․»,- եզրափակեց ուկրաինացի մտավորականը։
Կարծիքներ