Բուն «հայկական» ՀԿ-ները կո՞ղմ են, թե՞ դեմ Ստամբուլյան կոնվենցիային

Բուն «հայկական» ՀԿ-ները կո՞ղմ են, թե՞ դեմ Ստամբուլյան կոնվենցիային

Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ավելի են սրվել օտար ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունների կողմից մեր երկրում ծավալվող գործունեությանն ուղղված քննադատությունները եւ կասկածամտությունը։ Քաղաքական կամ քաղաքացիական (դժվար է ասել) դրդապատճառներով որոշ շրջանակներ, օրինակ, պարսավանքի արշավ են սկսել «Բաց հասարակության հիմնադրամների»` Սորոսի գրասենյակի դեմ ու պարբերաբար հանրությանն են ներկայացնում այդ ՀԿ-ից գրանտներ ստացողներին եւ գրում վերջիններիս, իրենց պնդմամբ, «ապազգային» գործունեության մասին։

Հետհեղափոխական հասարակությունում կասկածների ու մութ գործարքների մասին զրույցները, բնական է, միշտ թարմ ականջներ են գտնում։ Եթե արեւմտյան կառույցների հայաստանյան ներկայացուցիչների գործելաոճը թելադրվում է, պատկերավոր ասած, «վճարողների» կողմից, եւ դա բնական է, ապա հարց է առաջանում, թե որոնք են այն բուն «հայկական» կազմակերպությունները, որոնք գեներացնում են «հայկական» օրակարգը` կոռուպցիայի դեմ պայքարից մինչեւ հանրային այլ խնդիրների բարձրաձայնում ու դրանց լուծումների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելով։ Ստեղծված իրավիճակում այսպիսի կազմակերպությունները պետք է ակտիվանան։ Նորերը պետք է ստեղծվեն ու ֆինանսավորեն բուն հայկական օրակարգ ու թեմաներ, որպեսզի որպես հասարակություն՝ չմնանք դատապարտված՝ քննարկելու միայն «դրսից» թելադրվող հարցերը (ակամայից հիշեցի Շիրակի մարզպետարանի շրջաբերականը ԼԳԲՏ անձանց խորհրդակցությունների հրավիրելու անհրաժեշտության մասին), ինչպիսին է, օրինակ, բուհերում «Հայոց լեզու» եւ «Գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու այս անհասկանալի արշավը։

Հասարակությանն ամենից շատ ներկայում հետաքրքրող հարցը Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումն է, որը, ըստ քննադատների, կոչված է պաշտպանելու ոչ ավանդական կողմնորոշում ունեցող փոքրամասնությունների իրավունքներն ու «ներսից քանդելու հայկական ընտանիքի մոդելը»։ Երկրորդ հարցը, հավանաբար, Ամուլսարն է։ Հետո` «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Եկեղեցու պատմություն» առարկաների ճակատագիրը։ Ու այդպես շարունակ։

Եթե, ենթադրաբար, Սորոսի գրասենյակի կամ այդ գրասենյակի հետ ժամանակին առնչություն ունեցած ու ներկայում կառավարության անդամ կամ ԱԺ պատգամավոր հանդիսացող անհատների գործունեության դրդապատճառները գրեթե պարզ են, անհասկանալի է մնում սփյուռքյան կառույցների կամ անհատների կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների լռությունը ներհայաստանյան հարցերում, իսկ երբեմն էլ` անհասկանալի գործունեությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից այդ հաստատության 15-ամյակի առթիվ գումարված միջազգային համաժողովին, օրինակ, հայկական ամենահին բարեսիրական կազմակերպության` Հայ բարեգործական ընդհանուր միության անունից ներկայացող մի երիտասարդ կին ելույթ ունեցավ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների մասին։ Բավականին խիտ գույներով ներկայացնելով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության հարցերը («ամեն երրորդ կինը ենթարկվում է բռնության» եւ այլն)՝ ՀԲԸՄ ներկայացուցիչը, մասնավորապես, պնդեց, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացումից հետո կարող է որոշակիորեն կարգավորել այս ոլորտը։

Հարց է առաջանում` արդյոք մեկդարյա հարուստ պատմություն ունեցող ՀԲԸՄ-ն հիմա է՞լ է միանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քարոզարշավին, երբ ազգային շատ ուժեր, եկեղեցին ու քաղաքական մի շարք կուսակցություններ արդեն իսկ դեմ են արտահայտվել այդ փաստաթղթին, նույնիսկ ՔՊ-ականներն են խուսափում բացեիբաց պաշտպանել այն։
Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ դիրքորոշում այս հարցում ունեն Ռուբեն Վարդանյանի IDEA հիմնադրամը, Ամերիկայի հայկական համագումարը, ռամկավարները, հնչակյանները։ Թե՞ սպասում են Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, որպեսզի դիրքավորվեն այդ ծիրում։

Տարիներ շարունակ, մասնավորապես, Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպանները խոսում են տարբեր բարեգործական կազմակերպությունների` այդ հանքում շահաբաժին ունենալու մասին։ Իսկ միգուցե գործա՞րք է տեղի ունեցել տարբեր խմբերի միջեւ` «Ամուլսարն» ընդդեմ «Ստամբուլյանի» ֆորմատով, եւ մենք դեռ անտեղյակ ենք։