Երևանի 20 ամենավատ «մահվան վերելակները»

Երևանի 20 ամենավատ «մահվան վերելակները»

Երեւանի «մահվան վերելակները» փոխելու ուղղությամբ, բացի նախընտրական խոստումներից, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարեսկզբին մի քանի խոստում էլ տվեց։ Նա խոստովանեց, որ քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն լուծել խնդիրը եւ ունեն մայրաքաղաքի բնակիչների օգնության կարիքը։ Նույն ժամանակահատվածում քաղաքապետարանը հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանի կարիքների համար վերելակների ձեռքբերման մրցույթ․ 2 վերելակ՝ Աճառյան 44 շ․, Շինարարների 15/2 շ․ հասցեներում, 5-ը՝ Իսահակյան թաղ. 3/1շ․, Խաղաղ Դոնի 31 շ․, Խաղաղ Դոնի 1շ․, Արարատյան 62/1 շ․, Շիրազի 36 շ․ հասցեներում։ Ընդհանուր թվով՝ 20 վերելակ։ Քաղաքապետարանի լրատվականից հայտնեցին, որ հենց 20 վերելակ էլ փոխվել է 10 վարչական շրջաններում, եւս 100-ը նախատեսվում է փոխել 2020-ին։

Ինչպես հայտնի է՝ Երեւանի քաղաքապետարանից հայտարարել էին, որ շուրջ 4 հազար 500 վերելակից 3 հազար 500-ը փոխելու կարիք կա։ Այդ դեպքում ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ 20 վերելակները։ Լրատվականից հայտնեցին, որ քաղաքի ամենավատ վերելակները դրանք են։ Իսկ գնահատականները ստացվել են համատիրություններից, թաղապետարաններից եւ ԱԻՆ-ից։

ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ, այո, մայրաքաղաքի վերելակների մոտ 70 եւ ավելի տոկոսը, ելնելով վերելակների տեղադրման տարեթվերից ու տեխնիկական վիճակից, կարիք ունի փոխարինման։ Իսկ մյուսնե՞րը։