Հայաստանի վիճակը շատ ավելի ծանր է, քան պատկերացնում ենք

Հայաստանի վիճակը շատ ավելի ծանր է, քան պատկերացնում ենք

Վիեննայում տեղի ունեցած վերջին բանակցությունների ժամանակ կարծես թե հաստատվել են նոր իրանա-արեւմտյան պայմանագրի դրույթները։ Այսպես. ԵՄ արտաքին հարցերով պատասխանատու Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ կարծես թե հաջողվեց իրանցիների հետ որոշակի համաձայնության գալ, եւ հիմա հարցը քաղաքական որոշումների տիրույթում է։ Զրուցել ենք թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։ 

«Պատժամիջոցները, որոնք կիրառել էր Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ՝ դեռեւս իրանական հեղափոխության ժամանակահատվածում, Բարաք Օբաման փորձեց վերացնել եւ Իրանի հետ գալ ընդհանուր համաձայնության։ Գիտենք, որ Իրանի նկատմամբ առաջին պատժամիջոցը կիրառվել է 1980 թվականին, երբ որ իրանական հեղափոխականները հարձակվեցին Միացյալ Նահանգների դեսպանատան վրա եւ գրավեցին այն։ Դրան հաջորդեց Իրան-Իրաք պատերազմը, որի ժամանակ շարունակվեցին այդ պատժամիջոցները եւ մինչեւ օրս էլ շարունակվում են։ Հիմա՝ այն խնդիրը, որը կա Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, հետեւյալում է․ ԱՄՆ-ն ցանկանում է իր հեգեմոնիան պահել-պահպանել աշխարհի նկատմամբ եւ կարիք ունի, որ միջազգային ասպարեզում էներգակիրների գինը չբարձրանա»,-  ասաց Վազգեն Պետրոսյանը։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո էներգակիրների գինը թռիչքաձեւ բարձրացել է, եւ հիմա խնդիրն այդ թռիչքի դեմն առնելն է, մանավանդ որ արդեն գնում ենք դեպի ձմեռ, եւ Եվրոպան կարիք ունի էներգակիրների։

«Բացի այդ, այս տարիների ընթացքում Միացյալ Նահանգների նավթային պահուստները պակասել են, եւ հիմա իրենք խնդիր ունեն էներգակիրների։ Տեսնում ենք նաեւ, որ Ջո Բայդենը, իշխանության գլուխ գալուց հետո, անմիջապես փորձեց Իրանի հետ բանակցություններ վարել եւ դրանք ինչ-որ հանգուցալուծման հասցնել։ Բայց խնդիրն այստեղ միայն Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները չեն։ Այստեղ կան նաեւ Իրան-Իսրայել, Իրան-Չինաստան, Իրան-Սաուդյան Արաբիա, Իրան-Ռուսաստան հարաբերություններ։ Եվ այս հարաբերությունների բարելավման ու դրանք ճիշտ ուղու վրա բերելու համար Միացյալ Նահանգներն ավելի շատ խոչընդոտներ ունի, քան  2014-2015 թթ.-ին էր, երբ սկսվեցին այդ բանակցությունները։ Հիմա ԱՄՆ-ն ստիպված է մի կողմից համաձայնել Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի շահերին տարածաշրջանում, մյուս կողմից՝ Իրանի շահերին։ Բայց այն բանակցությունները, որոնք այսօր ընթանում են, դեռեւս հեռու են որեւիցե զիջումներից՝ կողմերի կողմից։ Քանի որ իրենք հիմնական խնդիրները լուծել են, բայց քաղաքականության մեջ «շան գլուխը թաղված է մանրուքների մեջ»։ Իսկ «մանրուքներում» Միացյալ Նահանգները որոշ բաներ է պահանջում Իրանից եւ չի ուզում գնալ զիջումների։

Պահանջներից է նաեւ, որ իսլամական կորպուսի կազմակերպության անունն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանվի։  Իրանն էլ իր հերթին չի ուզում զիջել եւ սահմանափակել հեռահար, թեւավոր հրթիռների արտադրությունը։ Այդ իսկ պատճառով Իրանը հնարավորինս արագացրել է միջուկային զենքի ստեղծման սահմանին հասնելու ժամկետները»։

«Եկող շաբաթ կկնքվի՞ արդյոք  որեւիցե համաձայնագիր՝  դժվար է ասել։ Մյուս կողմից, եթե այս երկու երկրներն իրար հետ համաձայնության չգան, նավթի եւ էներգակիրների գինը միջազգային շուկայում շարունակելու է վերելք ապրել։ Ընդամենը երկու օր առաջ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունը հայտարարեց իր պահուստային ֆոնդի պաշարների մասին եւ ներկայացրեց, թե ինչքան պակասորդ ունեն։ Այդ իսկ պատճառով նավթի գինը 1,2 տոկոսով բարձրացավ՝ հասավ 95 դոլարի։ Եթե այսպես շարունակվի, նավթի գինը նորից կհատի 100 դոլարը, որը բավականին լուրջ թիվ է բոլոր երկրների՝ մանավանդ զարգացող երկրների համար»,- ասաց Պետրոսյանը։

Խոսելով այն մասին, թե ինչ կտա Հայաստանին Իրանի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցների կրճատումը, Պետրոսյանն ասաց․ «Հայաստանը, ունենալով այսօրվա իշխանավորներ, որոնք ո՛չ մտածում են այսօրվա մասին, ո՛չ ապագայի, միայն ու միայն  իրենց աթոռները պահելու եւ պահպանելու մասին են մտածում, ոչ մի բան չեն տալու մեզ այդ  պատժամիջոցների կրճատումները»։

«Աշխարհն իր տեմպերով առաջ է շարժվում, իսկ Հայաստանում իշխանավորները միայն  մտածում են, թե ինչպես հագուրդ տան Ալիեւի ու Էրդողանի ախորժակներին։ Իրենք անընդհատ ուզում են զիջել։ Այսօրվա իշխանավորները չեն մտածում Հայաստանի անվտանգության մասին, մտածում են՝ դրսից փողերը գան եւ իրենց անվտանգությունն ապահովեն։ Այդ իսկ պատճառով Հայաստանի վիճակը շատ ավելի ծանր է, քան պատկերացնում ենք։ Քանի այս իշխանավորներն այս օրակարգով, այսպիսի ընդդիմությամբ են շարժվում առաջ, հայ ժողովուրդը քաոսի մեջ է լինելու, իսկ այս քաոսից պետք է դուրս գալ։ Տնտեսական առումով հայ ժողովրդի եւ Հայաստանի համար դա ոչ մի օգուտ չի բերի, քանի որ Նիկոլ Փաշինյանի եւ, ինչու չէ՝ նաեւ նախկինում Սերժ Սարգսյանի գործուն ջանքերով Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային բացարձակապես բոլոր ծրագրերից։ Հայաստանը չի համարվում որպես տարանցիկ պետություն  բացարձակապես ոչ մի երկրի համար։ Եվ բոլոր հայտարարությունները ընդամենը մնում են հայտարարությունների սահմաններում, գործնական որեւիցե քայլ չի կատարվում՝ Հայաստանի տեղն ու դիրքն ամրապնդելու եւ հայկական շահն առաջ մղելու համար»,- եզրափակեց Վազգեն Պետրոսյանը։