Ֆիզիկոսների տարածքը տրամադրում են հնագետներին, հնագետների շենքը՝ Հաշվեքննիչ պալատին
Օրերս Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկով է հանդես եկել` ՀՀ ԳԱԱ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երեւանի Չարենցի 15 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել Հաշվեքննիչ պալատին, իսկ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը տեղակայել Ներսիսյան 25 հասցեում։
Թե ինչով է Պետական գույքի կառավարման կոմիտեն հիմնավորել իր առաջարկը, եւ արդյոք առկա՞ է ինստիտուտի փակման վտանգ, ինչպես այս օրերին ահազանգում են մասնագետներից շատերը, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ նման վտանգ չի տեսնում, քանի որ ինստիտուտը շատ արդյունավետ աշխատող կառույց է։ «Փակման վտանգ դժվար թե լինի, բայց անձնակազմի կրճատման վտանգ կարող է լինել եւ ոչ միայն մեր ինստիտուտի հետ կապված»,- ասում է տնօրենն ու ներկայացնում հիմնավորումը, ըստ որի՝ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ Հաշվեքննիչ պալատը՝ վերջինիս կողմից վարձակալական հիմունքներով զբաղեցված տարածքը պետական սեփականություն հանդիսացող տարածքով փոխարինելու խնդրանքով։
Ուղարկված նամակ-գրության մեջ, ինստիտուտից տարածքը վերցնելու մասով, արվել է նաեւ այսպիսի հիմնավորում-ձեւակերպում՝ «ոչ արդյունավետ օգտագործվող տարածք», ինչին տնօրենը կատեգորիկ համաձայն չէ եւ մեջբերում է ինստիտուտի գիտխորհրդի նիստի արձանագրությունից մի հատված. «ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը ոչ միայն գերարդյունավետ է շահագործում իր պահանջները հազիվ բավարարող տարածքը, այլեւ տալիս է պատկառելի գիտական արտադրանք, որը չափելի է ներկայացված գործունեությամբ, աշխարհի ամենաբարձր ազդեցության գործակից ունեցող հանդեսներում առկա հրապարակումներով, նաեւ ակտիվ դեր է խաղում հանրային կարծիքի, ազգային ժամանակակից ինքնության ձեւավորման եւ փորձագիտական ու խորհրդատվական կարծիքների տրամադրման գործընթացներում, ինչպես եւ օժտված է ներդրումային մեծ հնարավորություններով (իրականացնում է Եվրամիության եւ այլ միջազգային բազմամիլիոնանոց ծրագրեր, արտասահմանյան խոշոր բյուջեով արշավախմբեր է ներգրավում երկրում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում, բացառիկ՝ որոշ դեպքերում միակ աղբյուրն է Հայաստանում տուրիզմի զարգացման համար)»։
Անդրադառնալով իրենց տարածքի հարցին՝ տնօրենը նկատում է. «Մենք անընդհատ բարձրացրել ենք այն հարցը, որ մեզ տարածք է պետք, որովհետեւ մենք ուզում ենք ընդլայնել եւ բարելավել լաբորատորիաները, բայց իրականում մենք տարածք ունենք, ուղղակի սարսափելի վատ վիճակում է գտնվում, այսինքն՝ այս տարածքը մեզ լրիվ բավարար է, ուղղակի պետք է եղածը վերանորոգել եւ զարգացնել։ Հիմա՝ այս տրամաբանության մեջ, եթե մենք նույնիսկ տեղավորվենք իրենց առաջարկած շենքում, միլիոնավոր դոլարներ են պետք, որպեսզի այդ շենքը դառնա մեր կարիքներին համապատասխան»։
Տնօրենը հավելում է, որ սա դեռ հրաման չէ, այլ՝ հարցը քննարկելու առաջարկ։ Նամակն էլ իրենց եկել է ԳԱԱ-ի կողմից, եւ ըստ այդմ էլ՝ իրենց պատասխանն ուղարկվել է ակադեմիային.«Պատասխանի բովանդակությունը, որ ընդունել ենք գիտխորհրդի մեր ընդլայնված նիստում, մի քանի կետերով հիմնավորում է, թե ինչու է անիմաստ այդ առաջարկը։ Մեկը՝ որ տարիների ավանդույթ ունեցող, մեր երկրում կարեւոր դեր խաղացող կենսունակ հիմնարկ է, որն իրագործում է բազմաթիվ միջազգային ծրագրեր, ունի կիրառական մեծ նշանակություն։ Ինստիտուտի հաջողության գրավականներից մեկը ոչ միայն համբավ ունեցող գիտնականների առկայությունն է, այլ նաեւ իր տեղը։ Մեզ հետ համագործակցող տարբեր հիմնարկներ գտնվում են ինստիտուտի հարեւանությամբ, ինչը հնարավորություն է տալիս ամենօրյա ռեժիմով հետազոտական աշխատանքներ անել։ Բացի այդ, ինստիտուտի գիտաշխատողներից շատերը նաեւ դասավանդում են բուհերում, ուստի ինստիտուտի ներկայիս տեղադրությունը նպատակահարմար է պետական, հասարակական ու գիտական այլ հիմնարկների հետ կապերի պահպանման ու զարգացման համար»։
Ա. Բոբոխյանը նկատում է՝ պետք է հաշվի առնել, որ ինստիտուտի շենքային պայմանները տարիների ընթացքում հնարավորինս հարմարեցվել են հաստատությունում իրականացվող հետազոտական աշխատանքների ու անձնակազմի պահանջներին, որոնց համար արվել եւ արվում են նյութական մեծ ներդրումներ, իսկ այլ նպատակներով կառուցված ու կահավորված շինություններն իրենց ինստիտուտին հարմարեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի։ «Պատկերացրեք՝ եթե մենք գնանք առաջարկվող շենքը, պետք է սկսենք նորից այն հարմարեցնել մեր պահանջներին»,- ասում է նա ու նկատում, որ ինստիտուտի տեղանքը եւ հասցեն վաղուց հայտնի են նաեւ միջազգային գործընկերներին, որի փոփոխությունն աշխատանքային անհարմարություններ կստեղծի նրանց համար։
Ինչ վերաբերում է ինստիտուտում աշխատող մասնագետներին, ապա ունեն մոտ 200 աշխատող, որից միայն գիտնականների թիվը 150-ն է, մյուսները վարչատնտեսական աշխատակիցներն են։ Ակնհայտ է, որ այս առաջարկի տակ թաքնված նպատակ կա՝ թեթեւացնելու նաեւ գիտական հիմնարկների հաստիքացուցակը, ըստ այդմ՝ այդ առաջարկը, որոշում կամ հրաման դառնալով, կենթադրի նաեւ որոշակի կրճատումներ։
Հետաքրքրական է, որ ինստիտուտին հասցեագրված նամակում պարզաբանված եւ գրված չէ, թե ինչ տարածք է Ներսիսյան 25 հասցեն, եւ ինչ կա այդ հասցեի տակ։ «Մենք ենք գնացել այդ հասցեի հետքերով եւ տեսել, որ առաջարկվող Ներսիսյան 25 հասցեում է գտնվում ԳԱԱ ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտը։ Մեր այցելությունն այդ ինստիտուտ պարզեց, որ շենքը չի համապատասխանում Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գործունեության պահանջներին, իսկ այդ պահանջները բավարարելու համար անհրաժեշտ կլինեն առնվազն մի քանի միլիոն դոլար արժողությամբ հավելյալ ներդրումներ»։ Պարզվում է՝ նշյալ հաստատությունում աշխատող մարդիկ եւս անակնկալի են եկել, քանի որ անտեղյակ են եղել, որ իրենց ինստիտուտի շենքն ուզում են տալ հնագետներին։ Ավելին՝ ֆիզիկոսներն ասել են, որ տարածք չունեն հնագետներին տալու համար, եւ այն հազիվ իրենց է բավարարում, ու այդ տարածքում կիրառական հետազոտություններ, փորձարկումներ են արվում։
«Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տեղահանությունը միայն կխաթարի ինստիտուտի կողմից տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ստեղծված ենթակառուցվածքները եւ դրա հետագա զարգացումը,- պնդում է տնօրենը։- Եթե մենք նույնիսկ որոշենք այս տարածքից դուրս գալ, պատկերացրեք, որ մոտ մեկ տարի կտեւի դուրս գալու պրոցեսը, մինչեւ իրավական տեսանկյունից այդ ամենը նախապատրաստեն։ Ապա մի տարի կտեղափոխվենք ուրիշ տեղ, հետո էլ մի տարի կինտեգրվենք նոր տեղին, իսկ այդ 3 տարվա ընթացքում մեր ինստիտուտը կաթվածահար կլինի։
Կարծիքներ