Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հարյուր տարուց ավելի հնչեցվող ստոր սուտը եւ Արցախի ողբերգությունը

Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հարյուր տարուց ավելի հնչեցվող ստոր սուտը եւ Արցախի ողբերգությունը

Ազգերի լիգայի որոշումից հետո թվում էր, թե հարցը փակված է, բայց՝ ոչ․ պետական մակարդակի բարձրացված թուրք-ադրբեջանական սուտը սկսեց հնչեցվել ամեն հարմար պահի: Աայսօր թուրք-ադրբեջանական տանդեմին գրեթե հաջողվել է հասնել իրենց նպատակին՝ մնացել է 45 կմ երկարության Սյունիքի տարածք` նրանց միավորման համար: Բայց նույնիսկ դա քիչ է համարում նորահայտ սուլթանիկ Իլհամը․ Երեւանը եւ Սեւանը նույնպես ադրբեջանական են: 

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան գտնվում էր տրոհման շեմին, բայց նրան հաջողվեց սերտ կապեր հաստատել բոլշեւիկյան Ռուսաստանի հետ, եւ 1920թ., հաղթեց Հունաստանին ու փրկվեց անվերապահ կործանումից: Թուրքիան էլ հանձն առավ՝ տարածել բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը Միջին Ասիայում եւ Արեւելքում: 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական «բարեկամության եւ եղբայրության պայմանագիրը»: Բանակցություններին չմասնակցեց Սովետական Հայաստանի ներկայացուցիչը: Ղարսի մարզը (ռուսական միապետության կազմում էր 1879 թվից), Երեւանի գուբերնիայի Սուրմալուի գավառը, Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռով (Ռուսաստանի կազմում էր 1828-ից ) տրվեցին Թուրքիային: Կողմերը համաձայնեցին, որ Էրիվանի գուբերնիայի Նախիջեւանի գավառը, որտեղ անհիշելի ժամանակներից բնակվում են մեծամասամբ հայեր, դառնա ինքնավարություն եւ «Ադրբեջանի պրոտեկտորատ»:

«Նախիչեւան»-ը (հայկական բառ է՝ Նախիջեւան) նշանակում է Երկիր մոլորակի ցամաքային տեղանք (վայր), որտեղ առաջին անգամ ոտք է դրել Նոյը ջրհեղեղից հետո: Անասելի վատ է ընկալվում այն, թե ինչ հեշտությամբ է բոլշեւիկյան Ռուսաստանը նվիրաբերել բնիկ հայկական տարածքները Թուրքիային ու Ադրբեջանին: Դժբախտաբար սա շարունակվեց հետագայում եւս: Դրանով Թուրքիան դրեց առաջին հիմնաքարը՝ տարածքայնորեն միանալու իր իսկ կազմավորած Ադրբեջանի հետ: Մոսկովյան հակահայկական պայմանագրի կնքման գործում Թուրքիային մեծ ծառայություն է մատուցել ազգային հարցերի գծով այդ ժամանակվա կոմիսար (մինիստր) Ստալինը: Ահա մի հատված մոսկովյան պայմանագրի կնքումից հետո թուրքական պատվիրակության անդամների հեռագրից՝ թուրքական բանակի հրամանատար Կարաբեքիրին․ «Ստալինն անձամբ մոլի թշնամի է հայերին… Պայմանագրի ստորագրումն իրականացավ Ստալինի շնորհիվ»: Դա է հաստատում նաեւ բանակցությունների մասնակից, Մոսկվայում Թուրքիայի առաջին դեսպան, գեներալ Ալի Ֆուադ Ջեբեսոյը՝ իր հուշերում:

Ղարսի 1921թ. հոկտեմբերի 13-ի պայմանագիրը՝ անդրկովկասյան հանրապետությունների եւ Թուրքիայի միջեւ, կրկնեց մոսկովյան պայմանագրի հիմնական դրույթները: 1921թ. մարտի 16-ի եւ հոկտեմբերի 13-ի պայմանագրերի հետեւանքով Հայաստանը կորցրեց 30 հազար քառակուսի կմ՝ իր պապենական տարածքից: Հայաստանի սովետականացումը չօգնեց, նրան սպասվում էր եւս մեկ ճակատագրական արհավիրք՝ արդեն կապված Արցախի հետ: Հայտնի է, որ Անդրկովկասի սովետականացումն սկսվեց XI Կարմիր բանակի օգնությամբ, արեւելքից արեւմուտք նրա շարժման ուղղությամբ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան): Ապրիլի 28-ին հռչակվեց Ադրբեջանի սովետականացումը: Սովետական Ադրբեջանի ղեկավարությունն անմիջապես սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել «բուրժուական» Հայաստանին՝ պահանջելով Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջեւանը: Նորից հնչեցվեց թուրքական ծրագիրը՝ օգտվելով ստեղծված բարենպաստ իրավիճակից, միավորել Ադրբեջանը Թուրքիային, քանի դեռ Հայաստանում սովետական կարգեր չեն հաստատվել: 

1920թ. փետրվարի 18-ին, Շուշի են ժամանում Էնվեր փաշայի եղբայրներ Նուրի փաշան եւ Խալիլ բեյը, ովքեր թուրքական բանակների հրամանատարներ էին, մի խումբ սպաների հետ: Նրանք իրականացնում են կազմակերպչական աշխատանք, եւ 1920թ. մարտի 23-ի գիշերը հրի են մատնվում Շուշիի հայկական թաղամասերը՝ 30 հազարանոց Շուշիի գերակշռող մասը՝ 90% հայ բնակչությամբ: 8 հազար հայ սպանվում է, մյուսներին հաջողվում է դուրս պրծնել կրակից: Թուրք-ադրբեջանական տանդեմի անպատժելիությունը թույլատրում է նրանց այսօրվա հետնորդներին՝ հորջորջել, որ Շուշին իրենց է պատկանել, ավելին՝ այնտեղ բացել թուրքական հյուպատոսություն: ՌՍՖՍՌ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը (հավերժ նրան բարի հիշատակ) անմիջապես պարզաբանեց ստեղծված իրավիճակը եւ չգնաց սովետականացված Ադրբեջանի ղեկավարության պահանջների բավարարմանը: Նա գտնում էր, որ «Ղարաբաղը բնիկ հայկական տարածք է», իսկ Լենինին ուղղված 29 հունիսի 1920թ. նամակում նշում է․ «Եվ խոսք լինել չի կարող ադրբեջանական ասկերներին հայերի դեմ ուղարկելուն՝ հայերից առգրավելու այն մարզերը, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ունի հավակնություններ», «խլել Հայաստանից ինչ-որ մասեր եւ մեր ձեռքերով հանձնել դրանք Ադրբեջանին՝ դա կնշանակեր՝ արեւելքում մեր քաղաքականությանը հաղորդել կեղծ երանգ: Դա կխարխլի մեր քաղաքականության մասին պատկերացումը՝ որպես մաքուր, անշահախնդիր եւ օբյեկտիվ»:

Չնայած Ստալինի հեռագրին՝ ՌԿՊ(բ) Կովբյուրոյի եւ Կովկասյան ճակատի ՌԽ անդամ Գ. Օրջոնիկիձեին, 8 հուլիսի 1920թ. «Իմ կարծիքն այնպիսին է, որ չի կարելի անվերջ մանեւրել կողմերի միջեւ, հարկավոր է պաշտպանել կողմերից մեկին որոշակի, այս դեպքում, իհարկե, Ադրբեջանին Թուրքիայի հետ միասին: Ես խոսել եմ Լենինի հետ, նա չի առարկում. Ստալին»: Գ. Չիչերինին հաջողվեց չբավարարել Սովետական Ադրբեջանի նկրտումները, ընդհուպ մինչեւ սովետական կարգերի հաստատումը Հայաստանում (29 նոյեմբեր 1920թ.): XI Կարմիր բանակի հրամանատարությունը եւս հրաժարվեց բավարարել Սովետական Ադրբեջանի պահանջները, իսկ Զանգեզուրը կարողացան պաշտպանել հայկական ինքնապաշտպանական ուժերը: Այսպիսով Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքային միացման ծրագրի իրականացումը XX դարի քսանական թվականներին տապալվեց:

Լեռնային Ղարաբաղը սկուտեղի վրա, առանց նույնիսկ մեկ կրակոցի Ադրբեջանին տրամադրեց ՌԿՊ(բ) Կովկասյան բյուրոն՝ իր 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ, երբ նույն բյուրոն մեկ օր առաջվա որոշմամբ (4 հուլիսի) Լեռնային Ղարաբաղը համարեց Հայաստանի անբաժան մաս: Հերթական չարագործ դերը խաղաց Ստալինը: Պատմաբանները եւ քաղաքագետները դեռ պիտի պարզեն Ստալինի պրոթուրքական պահվածքի պատճառները: Հետագայում Արցախի հայերի համար առավել ահավոր գտնվեց Կովբյուրոյի որոշման բ) կետը՝ «հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին՝ որոշել ինքնավար մարզի սահմանները եւ ներկայացնել Կովբյուրոյի հաստատմանը»:

Փոխանակ նոր ձեւավորվող մարզի մեջ մտցնելու Ղարաբաղի այն տարածքները, որոնք կային Ռուսաստանի հետ Ղարաբաղի միացման պահին (1813թ.), կամ կազմեին խառը հանձնաժողով՝ բաղկացած ռուսներից, ադրբեջանցիների, հայերից, որը կորոշեր մարզի ծավալը եւ սահմանները, այդ հարցերի լուծումը վերապահեցին Ադրբեջանի Կենտկոմին: Օգտվելով բ) կետից, առանց համաձայնեցնելու Կովբյուրոյի հետ, որը պահանջվում էր, ադրբեջանական իշխանությունները հեռահար նպատակով Լեռնային Ղարաբաղից կտրեցին եւ ինքնավար մարզի մեջ չմտցրին Շամխորի, Խանլար-Գետաշենի, Շահումյանի շրջանները՝ 97-98% հայ բնակչությամբ, հյուսիս-արեւմուտքում (մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի, ադմիրալ Իսակովի հայրենիքը), Քելբաջարի եւ Լաչինի շրջանները՝ արեւմուտքում, եւ մայր Արաքսի երկայնքով հարավային շրջանները: Ղարաբաղի առաջին լուրջ տրոհումը եղավ: Արդյունքում 1923թ. կազմավորված ԼՂ ավտոնոմ մարզը (ԼՂԱՄ) հետագայում վերանվանվեց ԼՂԻՄ,  լիովին իզոլացվեց Հայաստանից եւ բոլոր կողմերով շրջափակվեց Ադրբեջանով: Դա Ադրբեջանին թույլատրեց ժամանակի ընթացքում արտագաղթի հասցնել բոլոր այն հայկական բնակավայրերը, որոնք դուրս էին թողնվել ԼՂԻՄ-ից, եւ Արաքս գետի երկայնքով հնարավորինս մոտենալ Թուրքիային: 

Այսօր դժվար է պատկերացնել Հայաստանի եւ ԼՂՀ ապագան առանց Քելբաջարի (Քարվաճառ) եւ Լաչինի (Բերձոր) շրջանների: Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի միջեւ արհեստականորեն ստեղծված այդ սեպը (այսպես կոչված՝ Կարմիր Քուրդստան) հանդիսանալու է լարվածության մշտական աղբյուր, մասնավորապես՝ նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի համար, քանզի բազմակի չափով մեծացել է սահմանը, որն անհրաժեշտ է պաշտպանել:

ԽՍՀՄ փլուզումից առաջ՝ 1990 թ. ապրիլի 3-ին, ընդունվեց ԽՍՀՄ օրենք՝ կապված «ԽՍՀՄ-ից դուրս գալու հետ խնդիրների լուծման կարգի մասին»: 1991թ. հիմնվելով դեռեւս գործող այդ օրենքի, միջազգային իրավական նորմերի վրա՝ կազմավորվել են երկու անկախ պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետությունը եւ ԼՂՀ-ն: Ռուսական կողմը, ցավոք, ոչ մի ձեւով չի շեշտադրում ԽՍՀՄ այդ օրենքը: Նոր կազմավորված Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) անմիջապես քայլեր ձեռնարկեց՝ ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու: Տիրանալով Անդրկովկասյան զինվորական օկրուգի 4-րդ բանակի զինանոցին՝ ԱՀ զինվորական ստորաբաժանումները ձեռնարկեցին հարձակողական լայնամասշտաբ գործողություններ ԼՂՀ-ի դեմ: Առաջին ամիսներին ունենալով խոշոր քանակի սպառազինության միջոցներ՝ ադրբեջանցիները հասան տպավորիչ հաջողությունների: Գրավվեց, թալանվեց եւ ավերվեց ԼՂՀ տարածքի կեսից ավելին: Նախագահ Էլչիբեյը ցինիկորեն հայտարարեց՝ «շուտով ոտքերը կթրջի Սեւանի ջրերում»: Չստացվեց: Հերոսական ջանքերով հայերին հաջողվեց կանգնեցնել թշնամուն, իսկ այնուհետեւ նրան դուրս շպրտել Արցախի տարածքի մեծ մասից: Չօգնեց նաեւ իշխանափոխությունն Ադրբեջանում: Ալիեւ ավագի խնդրանքով միջամտեց Ռուսաստանը:

Հայկական կողմը, հարգելով Ռուսաստանի միջնորդությունը, 1994թ. մայիսին համաձայնեց դադարեցնել ռազմական գործողությունները: ԼՂԻՄ-ի շուրջն ազատագրված տոհմիկ հայկական տարածքները հանդիսացան արժանի պատասխանն ադրբեջանական հարձակմանը:
Ցավոք, 1994թ. հետո Ադրբեջանը շարունակեց նվաճողական քաղաքականությունը եւ ժամանակն օգտագործեց բանակի մոդեռնացման, հարձակողական զենքերի ձեռքբերման համար, արհամարհելով հայերի իրավունքը՝ ապրելու իրենց հազարամյա տարածքների վրա:

Իլհամ Ալիեւը հրամայել է ջնջել բոլոր այդ գրությունները: Լկտի տգետը երեւի չգիտի, որ հետազոտողների կողմից բոլոր այդ գրությունները եւ ճարտարապետական տարրերը վաղուց հաշվառված են եւ հրատարակված առանձին ժողովածուների եւ ալբոմների տեսքով: Ցանկացած հարմար պահի դրանք կվերականգնվեն: Այդ տարածքներին հավակնող ադրբեջանցիները կարո՞ղ են հակադրել գեթ մի արժեքավոր կառույց՝ թեկուզ ավելի ուշ շրջանի:

Արցախի (Ղարաբաղ) տարածքի մի մասի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) ստեղծումով Թուրքիան եւ Ադրբեջանը հայտնվել են իրարից 150 կմ-ից ավելի հեռավորության վրա, որը կարող է համահունչ լինել որոշ երկրների (Իրան, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ այլ) ստրատեգիական շահերին:

44-օրյա պատերազմը տարածաշրջանում ստեղծել է անհավասարակշռության վիճակ: Ամփոփելով փաստենք թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Նախիջեւանը, Զանգեզուրը, Արցախն իրենց պատկանելու վերաբերյալ պնդման լկտի սուտ լինելը: Դրանով տանդեմը սահմանել է Գինեսի ռեկորդ՝ լկտի ստերի եւ այն իրականություն դարձնելու ուղղությամբ զանգվածային ապօրինի մեթոդներ կիրառելու բնագավառում: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իմանա այդ մասին եւ վերջ դնի թուրք-ադրբեջանական տանդեմի անպատժելիությանը: Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում:

Լենսեր Աղալովյան
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս 
ֆիզմաթ. գիտ. դոկտոր