Նման «ժողովրդավարության» պայմաններում այլ բան սպասել պետք չէ

Նման «ժողովրդավարության» պայմաններում այլ բան սպասել պետք չէ

Թեպետ իշխանությունն ամեն առիթով ասում է, որ բացառիկ դեմոկրատիա է հաստատել, սակայն պարբերաբար հուժկու արշավներ են կազմակերպում այլակարծության դեմ: Ամենաթարմ օրինակը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի նկատմամբ հարձակումներն էին: Խումարյանը քննադատել էր վարչապետի հարցազրույցը, որից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը, որը կազմած է Փաշինյանի աջակիցներից, հայտարարություն տարածեց, թե տնօրենը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, ուրբաթ օրն էլ դիմել են ԶԼՄ-ների դիտորդ մարմնին, որ լրագրողական համայնքի կողմից չընդունված այդ կառույցն իր գնահատականը տա Խումարյանի «անընդունելի վարքին»: Զրուցել ենք Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիլիթ Թումանյանի, ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանի եւ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի հետ:

Լիլիթ Թումանյան. «Նրանք ուզում են պարզել, թե Գարեգին Խումարյանն իրավունք ունե՞ր արդյոք իր տեսակետն արտահայտել Հանրային ռադիոյի կայքէջում, թե՞ ոչ: Այստեղ պետք է մի բան ֆիքսել. Հանրային ռադիոյի տնօրենը պետական պաշտոնյա չէ: Պետական պաշտոնյան իրավասու է անել միայն այն, ինչը նկարագրված է իր լիազորությունների շրջանակում: Մնացած բոլոր անձինք իրավասու են անելու այն, ինչ արգելված չէ օրենքով: Հանրային ռադիոյի տնօրենի աշխատանքի նկարագրում արգելված չէ նման գրառումներ անելը: Հանրային ռադիոն չունի խորհուրդ, իսկ տնօրենի նկարագիրը միայն վարչական չէ` ստեղծագործական աշխատանք է, եւ կարող է նման հոդվածներ հրապարակել, չկա որեւէ սահմանափակում: Տնօրենը կարող է հաղորդում վարել, կարող է սյունակներ գրել... ԶԼՄ-ների դիտորդ մարմնին դիմելու համար չկա որեւէ նախադրյալ: Ցանկացած պաշտոնյա, ով հրաժարվում է քողարկված կամ բացահայտ սպասարկել պետական իշխանություններին, կանգնում է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, որովհետեւ այսօր դու կա՛մ ազգային շահերն ես ներկայացնում, կա՛մ սպասարկում ես այս կառավարության շահերը, որոնք ազգային չեն: Դա վերաբերում է բոլորին, անգամ մասնավոր բիզնեսներին»: Ի դեպ` Պետրոս Ղազարյանն էլ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ նույն Ռադիոյում փոթքասթ է վարում, ծայրահեղ քաղաքական գնահատականներ հնչեցնում, կարո՞ղ ենք ասել, որ օրենք են խախտում։ «Չկա սահմանափակում, նրանք եւս ստեղծագործական աշխատանք են անում, նույն բանն է մոտավորապես: Բայց քանի որ Խումարյանի արարքը դիտարկում են որպես կառավարության ղեկավարի դեմ ուղղված քայլ, այդ պատճառով էլ նրան, այսպես ասած, քննում են, մյուսներին` ոչ:  Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների դիտորդ մարմնին... լրագրողական համայնքը հասկանում է, որ պատժիչ ֆունկցիա են կատարում, սակայն այդ գործառույթն իրենց վերապահված չէ»:

Սաթիկ Սեյրանյան. «Եկեք հասկանանք, թե ինչն է նորմալ այս երկրում. նորմա՞լ է, որ 5 հազարից ավելի զոհ տված, նոր զոհեր բերող իշխանությունը մնում է իշխանության ղեկին, պաշտոններ է զբաղեցնում: Նորմա՞լ է, որ պայմանավորված ու ծրագրավորված պատերազմի մեջ ներքաշողը մնում է իշխանության ղեկին: Նորմա՞լ է, որ Հայաստանը բոլոր հարեւանների հետ թշնամացնող իշխանությունը մնում է իշխանության: Նորմա՞լ է, որ Հայաստանը տնտեսական, սոցիալական ծանր վիճակի մեջ ներքաշողները շարունակում են իշխանավարել: Նորմա՞լ է, որ պետականության գաղափարը հայկականության գաղափարի հետ հակադրողն իշխանության ղեկին է: Արցախը հայաթափողն է, ի վերջո, շարունակում իշխանավարել.... ես աջակցում եմ Հանրային ռադիոյի տնօրենի քայլը՝ որպես ՀԺՄ նախագահ, որպես խմբագիր, որպես լրագրող եւ որպես ՀՀ քաղաքացի: Ես կանգնած եմ Գարեգին Խումարյանի կողքին եւ չեմ ընդունում ԶԼՄ-ների դիտորդ մարմնի որեւէ հայտարարություն: Բոլորի կենսագրություններն անձամբ հիշում եմ, անձամբ լուսաբանել եմ, հատ-հատ գիտեմ` ով ով է»:

Արամ Աբրահամյան. «Կարծում եմ` ԶԼՄ-ների դիտորդ մարմնին դիմելու մեջ վատ բան չկա, որովհետեւ այն պետական կառույց չէ, այլ հարց, որ, իմ կարծիքով, այդ խորհուրդը որոշում է կայացնելու Գարեգին Խումարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Դա վաղ թե ուշ տեղի կունենա: Իշխանությունները չեն կարող «մարսել» այդ ամենը: Հայաստանում շատ ավելի անմեղ երեւույթների համար քրեական գործեր են հարուցվում, օրինակ` ֆեյսբուքյան գրառումներ անելու եւ այլն: Այնպես որ, նման «ժողովրդավարության» պայմաններում այլ բան սպասել պետք չէ»: