Պուտինը դարձավ ավելի կարեւոր ներամերիկյան իրադարձություն, քան ամերիկյան Superbowl-ը

Պուտինը դարձավ ավելի կարեւոր ներամերիկյան իրադարձություն, քան ամերիկյան Superbowl-ը

Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնի` Վլադիմիր Պուտինից վերցրած հարցազրույցը շարունակում է քննարկվել ողջ աշխարհում: Այն Youtube-ում ունեցել է մոտավորապես 200 միլիոն դիտում։
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ամերիկացիները շատ են սիրում խոսել մարքեթինգային թվերով։

«Մի քանի ժամ առաջ ծանոթանում էի ամերիկյան ֆուտբոլի՝ Superbowl-ի տվյալներին, ըստ պաշտոնական տվյալների՝ եզրափակիչ խաղն ԱՄՆ-ում դիտել է 116 միլիոն մարդ, իսկ այս պահի դրությամբ, երբ մենք Ձեզ հետ զրուցում ենք, Պուտինի հարցազրույցը Թաքերի էջում մոտավորապես 200 միլիոն մարդ է նայել, ավելի կոնկրետ` 195 միլիոն մարդ։ Պուտինը դարձավ ավելի կարեւոր ներամերիկյան իրադարձություն, քան ամերիկյան Superbowl-ը։ Սա` էպատաժային, էմոցիոնալ մասով արձագանքի մասին»,- ասաց Մաթեւոսյանը։

Այս հարցազրույցը շատ ուշադիր պետք է դիտեր ու լսեր Նիկոլ Փաշինյանը՝ համոզված է քաղաքագետը, չնայած խիստ կասկածում է, որ ուշադիր դիտելուց հետո էլ Փաշինյանը ճիշտ եզրահանգումներ կաներ։ «Թաքեր Կառլսոնը պատահական մարդ չէ։ Բացի այն, որ մենք նրան գիտենք որպես հայտնի ամերիկացի լրագրող, բավականին մեծ լսարան, բավականին մեծ հարգանք ունեցող, նա այն ներամերիկյան ներիշխանական խմբերի ներկայացուցիչներից է, որոնք երկար տարիներ ԱՄՆ-ում ազդեցություն ունեն քաղաքականություն որոշելու հարցում։ Թաքեր Կառլսոնի հայրը սառը պատերազմի ժամանակ Կենտրոնական հետախուզական վարչության կարեւորագույն պաշտոնյաներից մեկն է եղել: Այն մարդկանցից է եղել, ով աշխատել է Սովետական Միության դեմ հենց գաղափարական պայքարի տիրույթում։ Թաքերը հենց այդ ընտանիքի ներկայացուցիչ է, եւ եթե նկատել եք, հարցազրույցում էլ Պուտինն ասաց՝ Դուք էլ էիք ուզում դառնալ կենտրոնական հետախուզության աշխատակից։ Այսինքն՝ նա ցույց տվեց, որ շատ լավ տիրապետում է, թե ում հետ է հարցազրույց ունենում։ Սա՝ առաջինը, այսինքն՝ հասկանանք, որ նա պատահական մարդ չէր։ Պատահական մարդ չլինելով՝ ինքը ներկայացնում է շատ կոնկրետ ներիշխանական խմբավորումներ Միացյալ Նահանգներում, որոնք ավելի շատ կապված են Հանրապետական կուսակցության հետ, խմբավորումներ, որոնք կապված են Դոնալդ Թրամփի հետ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Այդ հարցազրույցի հիմնական նպատակն այն էր, որ այդ խմբերն առանց միջնորդների, առանց որեւէ ֆիլտրի շփվեին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Այդ խմբերին անհրաժեշտ էր ՌԴ նախագահի կարծիքը մի շարք հարցերի վերաբերյալ, թե ինչպես է նա տեսնում ուկրաինական ճգնաժամի ավարտը, ինչպես է տեսնում ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները, ինչպիսին են ՌԴ-ի եւ Չինաստանի հարաբերությունները՝ հատկապես Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ սպասվելիք պատերազմական գործողությունների տրամաբանության շրջանակներում։ Պուտինն այդ հարցերի պատասխանները եւս տվեց։

«Մենք տեսանք, որ ինքը պատրաստ է բանակցությունների, բայց դրա հետ մեկտեղ պատրաստ չէ զիջել ոչինչ, ինչն արդեն ռուսական վերահսկողության տակ է, ներառյալ Ղրիմի 20 տոկոսից ավելին իր վերահսկողության տակ է պահում։ ՌԴ նախագահը ցույց տվեց, որ այս իրողությունների հետ իրենք պետք է հաշվի նստեն, այլ տարբերակ չունեն»,- ասաց քաղաքագետը։ Առանձնակի կարեւոր էր Չինաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը․ Պուտինը չասաց, որ Չինաստանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, ասաց, որ իրենց բարի հարեւանն է։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-Չինաստան պատերազմի ժամանակ Ռուսաստանը կաջակցի Չինաստանին, բայց ոչ ավելի, քան Չինաստանն աջակցեց Ռուսաստանին ներկայիս փուլում։ 

«Պուտինի հարցազրույցի վերաբերյալ ամենամեծ արձագանքը ոչ միայն ԱՄՆ-ում է եղել` իմ դիտարկումներով, այլեւ հենց Չինաստանում, որովհետեւ այնտեղ շատ լավ հասկացել են, թե ինչ է իրականում կատարվում։ 2014 թվականից, երբ Ուկրաինայում Մայդանում իշխանափոխություն տեղի ունեցավ, ռուսական կողմի առաջարկն էր՝ եկեք մեզ հետ բանակցեք, եկեք հասկանանք` ինչ ենք անում։ Տեսեք, փաստորեն, 10 տարի դիմադրեցին դրան, բայց հիմա Միացյալ Նահանգների ներիշխանական խմբերի ներկայացուցիչները գալիս են Պուտինի հետ բանակցությունների, այսինքն՝ Պուտինը ստացավ այն, ինչն ինքն ուզում էր»,- ասաց Մաթեւոսյանը։

Արժույթի միջազգային հիմնադրամի 2023 թ. տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունն ամենազարգացողն է Եվրոպայում։ Դա նշանակում է, որ ՌԴ-ն կարողացել է ադապտացնել իր տնտեսությունը, արդյունաբերությունը պատերազմին, ինչը չեն կարողացել անել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ «Ես չեմ կարծում, որ այս հարցազրույցից հետո պատերազմն անմիջապես կավարտվի, կամ եթե Թրամփը եկավ իշխանության, 100 տոկոսով այն ծրագիրն է իրականացնելու, որը Պուտինն իր հարցազրույցում մատնանշեց՝ ԱՄՆ եւ ՌԴ փոխհարաբերությունների տրամաբանության շրջանակներում»,-ասաց քաղաքագետը։ Փաստացի, ճգնաժամն այնքան է սրվել, որ Արեւմուտքը կարիք ունի ՌԴ նախագահի հետ շփման այս ձեւաչափին։ «Այս հարցազրույցն ուղղված էր ոչ թե արեւմտյան հասարակություններին, այլ առաջին հերթին ամերիկյան եւ ընդհանրապես եվրոպական վերնախավերին, եւ ես վստահ եմ, որ իր նպատակին ծառայեց»,- ասաց Մաթեւոսյանը։

Իսկ ինչո՞ւ պետք է Փաշինյանն ուշադիր դիտեր այս հարցազրույցը, քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանի նախագահի հարցազրույցը ցույց է տալիս մի բան, որ այն ամենը, ինչ 10 տարի շարունակ ռուսական իշխանությունն ասում էր, ինքը մոտ է դա ստանալուն։ «Դա նշանակում է, որ իրենք պետք է սկսեն Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսությունը։ Եթե Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը գնալու են այդ ճանապարհով, ես ուզում եմ հասկանալ՝ այստեղ, Հայաստանը ղեկավարող մարդիկ ինչի՞ վրա են հույսը դրել, ինչո՞ւ են իրենք բարեկամական հարաբերությունները փչացնում եւ մեզ թշնամի դարձնում պետության հետ։ Սա ամենակարեւոր հարցն է, որ մենք պետք է մեզ տանք այս հարցազրույցի հետքերով։ Ես այս հարցին կուզեի պատասխանեին ՀՀ ներկայացուցիչները, իրենք ո՞նց են պատկերացնում փոխհարաբերությունները ՌԴ-ի հետ իմ նկարագրածի համատեքստում, թե՞ շարունակելու են անմեղսունակ ձեւակերպումները, որ Հարավային Կովկասն արդեն ԵՄ մաս է։ Մեր երկրի ղեկավարների մենթալ, մտավոր քարտեզը չի համապատասխանում գետնի վրա գոյություն ունեցող քարտեզին, այս խզումը մեզ շատ թանկ է արժենալու»,- եզրափակեց Մաթեւոսյանը։