Ի՞նչ է փոխվելու դպրոցների ֆինանսավորման կարգը փոխելու դեպքում  

Ի՞նչ է փոխվելու դպրոցների ֆինանսավորման կարգը փոխելու դեպքում  

ԿԳՄՍ նախարարությունը միաժամանակ երկու նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել։ Մեկը վերաբերում է դպրոցների ֆինանսավորման կարգին՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին», մյուսը` դասարանների կազմավորման կարգին. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: Համաձայն դպրոցների ֆինանսավորման կարգի նախագծի, դպրոցները կրկին անցում կկատարեն ըստ դասարանների թվի ֆինանսավորման՝ անցյալում թողնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման մոդելը։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ աշակերտների թվով ֆինանսավորման խնդիրն այն էր, որ եթե երեխաների թիվը քիչ է, դպրոցը տուժում է եւ ավելի քիչ գումար է ստանում, իսկ դասարանների թվով ֆինանսավորման դեպքում ֆինանսավորումն ավելի համահավասար է լինում։

«Այստեղ էլ մի քիչ կտուժեն մեծ դպրոցները, որովհետեւ իրենց դասարաններում շատ երեխաներ կլինեն, եւ ուսուցիչների համար ավելի դժվար կլինի աշխատելը։ Բայց դրա համար էլ հիմա նախարարությունն իջեցնում է դասարաններում աշակերտների թիվը, որի արդյունքը մի քիչ բալանսավորված կլինի։ Ակնհայտ է նաեւ, որ այն դպրոցները, որոնք շատ դասարաններ կունենան, մի քիչ կշահեն»,-ասում է Ս․ Խաչատրյանն ու նկատում, որ անհնար է այնպիսի մի համակարգ ներդնել, որ ոչ մի խումբ չտուժի։ Նկատենք, որ հանրային քննարկման ներկայացված՝ դասարանների կազմավորման կարգի նախագծի համաձայն, նախատեսվում է պարտադիր դարձնել դասարաններում տարրական եւ միջին մակարդակում առավելագույնը 25 եւ ավագ մակարդակում առավելագույնը 20 սովորող ունենալը։

Երեւանի Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանից հետաքրքրվեցինք, թե արդյունավե՞տ լուծում է համարում, որ ֆինանսավորումն այսուհետ կատարվի ոչ թե ըստ աշակերտների, այլ ըստ դասարանների թվի։ «Ճիշտ է այն առումով, եթե կարողանան դասարանների թիվը ճիշտ սահմանել, եւ դասարաններում առավելագույնը 25 աշակերտ լինի»։  
Տնօրենը կարծում է, որ պետք չէ այս հարցում շտապողականություն դրսեւորել, որովհետեւ դասարաններում աշակերտների թվի իջեցումը ենթադրում է նաեւ նոր ուսուցիչների պահանջարկ։ «Իսկ դասարաններում նաեւ դասղեկների գործառույթն է շատ կարեւոր, ու քանի որ այդ ամենը ֆինանսական բավականին մեծ գումար է ենթադրում, պետք է մի փոքր ժամանակահատված երկարաձգել, մինչեւ կարողանանք ֆինանսավորման հարցը լուծել։ Ամեն դեպքում, պետք չէ շտապել»։ 

Եթե ֆինանսավորումն իրականացվի ըստ դասարանների թվի, ավելի շատ փո՞քր դպրոցները կտուժեն, թե՞ մեծերը։ «Դա նաեւ շենքային պայմաններ է ենթադրում, երբ թվաքանակը վերեւից սեղմում են։ Օրինակ՝ եթե ունենք 60 հոգանոց երկու 5-րդ դասարան, ապա այս նոր կարգի դեպքում մենք պետք է ձեւավորենք 20 հոգանոց 3 դասարան, այսինքն՝ 3-րդ դասարանի համար ե՛ւ ուսուցիչների խնդիր է առաջանում, ե՛ւ շենքային պայմանների։ Ինչու չէ, մենք բախվելու ենք նաեւ ծնողական համայնքի հետ, որովհետեւ 3-րդ դասարան կազմավորելու դեպքում պետք է լինի համաձայնություն թե՛ ծնողական համայնքի, թե՛ աշակերտների կողմից, որովհետեւ, դիցուք, այդ 5-րդ դասարանի երկու դասարաններն արդեն 5 տարի ունեն ձեւավորված ծնողական եւ աշակերտական համայնք, հիմա 3-րդ դասարանը ձեւավորելու համար պետք է կարծիքներ հարցնենք՝ ովքեր են ուզում գնալ 3-րդ դասարանում սովորել, եւ հետո՝ որ ուսուցիչները պետք է այնտեղ մտնեն։ Սա էլ է խնդիր,  որովհետեւ 1-ին եւ 2-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները կարող են այլեւս չմտնել 3-րդ՝ նոր ձեւավորված դասարանը, որովհետեւ կարող է ժամաքանակի մաքսիմում զբաղվածություն լինի, եւ ինքը հնարավորություն չունենա նոր ձեւավորվող դասարան մտնել։ Եվ այստեղ ստացվում է, որ այն երեխաները, որոնք Ա-ում կամ Բ-ում էին սովորում, ունեին նույն դասղեկը եւ նույն ուսուցիչները, որոնց սիրում էին կամ չէին սիրում, 3-րդ դասարանի պարագայում կարող է ե՛ւ ուսուցիչները հրաժարվեն, չկարողանան համատեղել, ե՛ւ երեխաներն ու ծնողները զրկվեն նրանից, ինչ ունեին։ Այստեղ էլ խնդիրներ կառաջանան տնօրենի, վարչական անձնակազմի հետ»։

Ըստ տնօրենի, այս փոփոխությունը պետք է փուլային արվի, եւ գոնե սկզբնական փուլում ձեռք չտան միջին դպրոցի դասարաններին, փոխարենը՝ սկսեն նոր ձեւավորվող դասարաններից․ «Ես լուծումը տեսնում եմ սրա մեջ։ Բայց կա նաեւ դրական բան՝ փոքր եւ միջին դպրոցների ֆինանսավորման առումով, երբ առաջանում են շենքային պայմաններ, լիցենզիան լրանում է՝ խաչվելով աշակերտ թվի հետ, որի կարգավորումն էլ չգիտեմ ինչպես են անելու, աշակերտներն այդ դպրոցներում հո 3-րդ հերթով չե՞ն սովորելու, կստացվի, որ այդ աշակերտները կհոսեն մեր դպրոցներ»։ 

Թե ֆինանսական ինչ կորուստներ կկրեն դպրոցներն այս կարգի փոփոխությունից, դժվարանում է ասել, քանի որ, լինելով մաթեմատիկոս, ինքն այլ բանաձեւով է հաշվում, վերադասը՝ այլ, արդյունքում թվերը չեն համապատասխանում եւ հստակ պատկեր չեն փոխանցում՝ զուգահեռներ անցկացնելու եւ համեմատություն անելու համար․ «Բայց մեր նման դպրոցները կարիք ունեն լրացուցիչ ֆինանսավորման, որովհետեւ թե՛ նախկին, թե՛ ներկայիս կարգով ֆինանսավորման դեպքում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվելու։ Դա պետք է լինի մեր հիմնական ռազմավարական խնդիրներից մեկը, որ կրթության ոլորտին պետք են ֆինանսական ներդրումներ»։  

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը կողմ է նոր կարգին, որովհետեւ միաժամանակ նաեւ դասարաններում աշակերտների թիվն է նվազում․ «Ես սկզբունքորեն այս կարգին կողմ եմ, քանի որ ֆինանսավորման կարգն է փոխվում, նաեւ դրույքաչափի 22 ժամն է իջեցվում, եւ դպրոցն էլ պետք է ֆինանսավորվի ըստ դասարանների, որովհետեւ ըստ աշակերտների ֆինանսավորման պարագայում արհեստականորեն դասարաններում աշակերտների քանակն ավելացվեց, ինչը բերեց աղետալի վիճակի, որովհետեւ այլ բան է, երբ մաթեմատիկայի ուսուցիչն աշխատի 20 աշակերտի հետ, եւ եթե որեւէ երեխա թերացում ունի, մոտենա, անմիջապես բացատրի, շեշտադրված կրթություն իրականացնի, եւ այլ հարց է, երբ դասարանում 35 աշակերտ է նստած»։

Այն, որ, շատերի կարծիքով, դասարաններում աշակերտների թվի նվազումը կարող է դպրոցի առաջ մի շարք խնդիրներ դնել՝ կապված շենքային պայմանների, դասասենյակների քանակի, նաեւ լրացուցիչ մանկավարժական ռեսուրսի մասով, տնօրենը նկատում է․ «Եթե այսօր դպրոցն ունի 10-15 դասասենյակ եւ դրանից յուրաքանչյուրում 35 աշակերտ է նստեցնում եւ 350 աշակերտի համար ֆինանսավորում է ստանում, դա նույնն է, որ դպրոցն ունենա 10 դասարան։ Այսինքն՝ դա իրենց ձեռնտու է, որովհետեւ ավել ֆինանս է ստանում պետությունից, եւ երբ որ դասարաններում աշակերտների թիվը նվազեցվում է, պետությունը վճարում է դասարանների թվով, այդ թվում՝ առարկաների թվով, ուսուցիչների ժամաքանակով, եւ որեւէ խնդիր չի առաջանում։ Եվ եթե շենքի ֆիզիկական պայմանները չեն բավարարում 20 դասարան ունենալուն, ուրեմն դպրոցը պետք է բավարարվի 10 դասասենյակով ու 10 դասարանով, որովհետւ դա չի նպաստում երեխաների կրթության որակի բարձրացմանը։ Դպրոցի տնօրենը չպետք է մտածի ֆինանսական հոսքերի մասին, այլ միայն՝ սովորողների կրթության որակի մասին։ Ես միայն ու միայն որակի ջատագովն եմ։ Այո, գուցե փոքր դպրոցները ֆինանսական որոշակի խնդիրներ ունենան՝ կապված այն բանի հետ, որ դասարանների քանակը քիչ է, բայց նրանք հիմա էլ ունեն, որովհետեւ աշակերտների քանակն է քիչ»։      

Տնօրենն ասում է, որ, աշակերտների նոր հոսքի հետ կապված, իրենք եւս ունեն նոր ուսուցիչների կարիք, բայց կարողանում են գտնել որակյալ մասնագետներ․ «Գիտեք, այսօր շատ ուսուցիչներ կան եւ հազարավոր ուսուցիչներ կան, որոնք ուզում են մտնել դպրոց, բայց որակի խնդիր կա։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են մեր բուհերը տարիներ շարունակ դիպլոմ տվել ուսուցիչներին եւ մնացած բոլոր մասնագետներին, որի հիմքը սովորելը չի եղել»։