«Շպիոնոմանիա»

«Շպիոնոմանիա»

Հետաքրքիր է՝ նախկինների դեմ պայքարի տարիներին կարո՞ղ էինք ենթադրել, որ մի օր այդ պայքարը «հաջողությամբ կպսակվի»: Եվ իջեւանցի երիտասարդը փողոցի ուժով կգրավի վարչապետի պաշտոնն ու երկիրը կվերածի «ժողովրդավարության բաստիոնի»: 3 միլիոն քաղաքացիներին էլ, այդ թվում՝ մանկահասակ, որպես իրեն հավասար, «կկարգի վարչապետ»: Եվ այդ «բաստիոնում» կխախտվեն իրենից բացի բոլոր մյուս «վարչապետների» իրավունքները: Ընդհանրապես, կխախտվեն ժողովրդավարության հիմնական կանոնները, երկրում կտիրի ոստիկանական բռնատիրություն: Չբավարարվելով դրանով՝ 44-օրյա պատերազմի պարտության մեղքը «գլխավոր հրամանատար» կոչվածն այլոց վրա բարդելու նպատակով երկրում կծաղկեցնի «շպիոնոմանիայի» երեւույթը: Պատկերացնո՞ւմ եք՝ համարյա թե նախորդ դարի 30-ականների երեւույթը՝ «ժողովրդավարության էլիտար ակումբի անդամ» հանդիսացող երկրում:

Չեք պատկերացնում: Ես էլ չէի պատկերացնում, բայց Փաշինյան Նիկոլի ավելի քան քառամյա վարչապետությունն այնպիսի փորձառությամբ «հարստացրեց» մեր իրականությունը, որ եթե նույնիսկ ավելի ֆանտաստիկ երեւույթներ էլ մարդիկ տեսնեն, արդեն դժվար թե զարմանան:
Նիկոլական «շպիոնոմանիայի հմայքն» այն է, որ այն գիտակցաբար ուղղված է ընդդեմ բանակի: Ավելի ճշգրիտ՝ բանակն ամբողջությամբ կազմաքանդելուն: Եվ դրա համար ընտրվել է հենց հոգեբանական գրոհը բանակի նկատմամբ: Որովհետեւ, երբ վերջինս կառուցվածքային կազմաքանդման է ենթարկվում, վերականգնելը բարդ է, բայց ո՛չ անիրատեսական: Երբ դա տեղի է ունենում հոգեբանական հարթությունում, խնդիրը ծանրանում է տասնյակ անգամներով: Եվ վերականգնելը դառնում է համարյա թե անհնար:

Հենց դրան է միտված նիկոլական «շպիոնոմանիան»: Բայց այդ երեւույթն ընդամենը հերթական քայլն է բազմաքայլ համակցության մեջ (կոմբինացիայում): Ասել, թե հենց սկզբից է մշակվել ողջ համակցությունը, չեմ կարող: Որովհետեւ դրա համար եւս պահանջվում են մտավոր ունակություններ, որ բացակայում է իշխանություն ունեցողների միջավայրում: Ուղղակի սկզբում մի բան են մտածել, դա կյանքի է կոչվել, ինչն իրենց դուր է եկել, հետո մտածել են մեկ այլ բան՝ դա եւս իրագործել են, եւ այդպես շարունակ: Իսկ առաջին քայլերից մեկը, բնականաբար, իրենց որդիների ծառայելու նկատմամբ զորակոչիկների ծնողների շրջանում ահ ու սարսափ սերմանելն էր: Հիշենք ծնողների՝ անցյալ տարվա բողոքի ցույցերը: 

Իսկ առաջին քայլը հենց պատերազմում պարտությունն էր: Ընդհանրապես, պատերազմը հաղթանակների եւ պարտությունների շարան է: Եվ մեկ անգամվա պարտությունը կարող է նաեւ ճակատագրական չլինել, եթե առկա է համապատասխան գիտակցություն: Գործող իշխանության շրջանում այդ գիտակցությունը հակառակ ուղղվածության է: Ահա թե ինչու է բանակում լրտեսներ փնտրելը գիտակցորեն բանակի կազմաքանդմանը տանող գործընթաց գնահատվում: Եվ նշանակություն չունի, որ կարող է այնպես պատահել, որ «լրտեսները» հեչ էլ այդպիսիք չլինեն: Կարեւորն այն է, որ ինչքան հնարավոր է՝ ավելի շատ մարդ իմանա, որ շուրջբոլորը լրտեսներ են: Իսկ այն խնդիրը, որ այդ մարդկանց վրայից լրտեսի խարանը կարող է եւ չջնջվել, երբ պարզվի, որ իրենք լրտես չեն, դա իշխանությանը չի հետաքրքրում: Ի դեպ, ենթադրում եմ, որ նիկոլական «շպիոնոմանիան» սկզբում նպատակ չուներ հոգեբանորեն ջարդելու բանակը: Այն, ինչպես արդեն ասացի, ծագեց 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատվության եւ մեղքի բաժինը զինվորականների վրա գցելու նպատակով: Եվ երբ 2020 թվականի Տավուշի հուլիսյան դիրքային մարտով հպարտացող Փաշինյան Նիկոլի ուղեղում 44-օրյայի պարտությունից հետո ծնվեց խաղաղություն մուրալու գաղափարը, առաջ եկավ նաեւ այն գիտակցումը, որ «շպիոնոմանիան» կարելի է օգտագործել նաեւ բանակը հոգեբանորեն ջարդելու համար: 

Իսկ բանակն անհրաժեշտ է հոգեբանորեն ջարդել, քանի որ այն պետք չէ: Փաշինյան Նիկոլի պարտվողական խաղաղության տեսլականում բանակի անհրաժեշտությունը վերանում է: Առաջին հայացքից այն տրամաբանորեն հիմնավորված է՝ եթե անմիջական հարեւաններիդ հետ «խաղաղության դարաշրջան» ես բացում, ապա, բնականաբար, վերանում է հզոր բանակ ունենալու անհրաժեշտությունը: Եվ հավատում ես, որ քո անմիջական հարեւանները եւս պատրաստ են բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Բայց, իհարկե, այդ հարցում Նիկոլը չարաչար սխալվում է: Հիշեցնեմ, որ «զրո խնդիրներ հարեւանների հետ» բնույթի ռազմավարություն էր որդեգրել Թուրքիան մեկ-երկու տասնամյակ առաջ: Սակայն Էրդողանի՝ իշխանության գալով եւ երկրի հզորացմամբ՝ հարեւանների հետ խնդիրները ոչ թե զրոյացվեցին, այլ երեւի 100 տոկոսի հասցվեցին: Իսկ բանակը՝ սպառազինությամբ հանդերձ, այնքան ուժեղացվեց, որ տեղ գրավեց աշխարհի 15 լավագույն բանակների շարքում: Եվ որպես դրա դրսեւորում՝ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերն էլ, օրինակ, վաճառքի հանվեցին երկրից դուրս:

Վերադառնանք մեր բանակին. այն «փչացնելու» նպատակին է նվիրված նաեւ ընդդիմադիր ակտիվիստներին եռամսյա հավաքների կանչելը: Այդ գաղափարը, որպես ընդդիմադիր շարժմանն ի պատասխան, ծնվեց նախկիններից ժառանգված անձերից մեկի ուղեղում: Բնականաբար, նույնիսկ չգիտակցվեց էլ, որ մեր այսօրվա բանակը խորհրդային ժամանակների «տուգանային գումարտակների» (շտրաֆբատ) միավորում չէ: Բայց, ինչպես ասվում է նման դեպքերում, դա ընդամենը մեկնաբանություն է: Կարեւորն այն է, որ բողոքի ցույցերում առավել ակտիվություն ցուցաբերած անձինք երեք ամսով կհեռացվեն ընդդիմադիր շարժումից: Արվեց նույնիսկ ավելին՝ ըստ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի, «առերեւույթ պետական դավաճանություն գործելու կասկածանքով ձերբակալված որոշ անձանց խափանման միջոց է ընտրվել առաջնագծում հերթապահություն իրականացնելը»: Փաստորեն, նիկոլական իշխանության պատկերացմամբ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելը հավասարեցվեց վերը նշված «տուգանային գումարտակներում» ծառայելու տրամաբանությանը: