«Անդեսպան» ԱԳՆ

«Անդեսպան» ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, անգամ Արմեն Գրիգորյանի՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակվելու պարագայում իրավիճակը չի փոխվել։ Դատելով ԱԳՆ կայքէջից, այստեղ կատարյալ անտերություն է։ Հայաստանը բազմաթիվ երկրներում չունի դեսպաններ, ԱԳՆ կայքում այդ երկրներում ՀՀ դեսպանի անվան դիմաց գրված է․ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Ն. Գ.՝ Նորին գերազանցություն։ Անունը բացակայում է։ Ասենք, կայքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն արդեն նշանակվել է, հրամանագիրը կա, սակայն դեսպանի դիմաց գրված է՝ արտակարգ եւ լիազոր դեսպան`Ն. Գ. պարոն։ Լիլիթ Մակունցի անունը չկա։ 2020 թվականից Իսրայելից հետ կանչված Արմեն Սմբատյանի անունը 10 ամիս շարունակ չի հանվել ԱԳՆ կայքից․ նա դեռեւս Նորին գերազանցություն ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է Իսրայելում։  

Հայաստանը, դատելով ԱԳՆ կայքից, դեսպաններ չունի Ալբանիայի Հանրապետությունում, Անդորրայի իշխանությունում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում, Աֆղանստանում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում, Բելառուսում, Բանգլադեշում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Գվատեմալայում, Էստոնիայում, Լատվիայում, Թուրքմենստանում, Ղազախստանում եւ Ղրղզստանում, Տաջիկստանում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Լիբիայում,  Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Կորեայի Հանրապետությունում, Կուբայում, Հարավային Աֆրիկայում, Հոնդուրասում, Մալայզիայում, Մոլդովայում, Նեպալում, Շրի Լանկայում, Չիլիում, Պանամայում, Պարագվայում, Պերուում, Սան Մարինոյում, Սինգապուրում, Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիր Ուրուգվայում, Օմանում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխդեսպանի կարգավիճակով պետք է մեկներ նաեւ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը։

Փոխդեսպանին, ի դեպ, նշանակում է ոչ թե ՀՀ նախագահը, այլ ԱԳ նախարարը, եւ Նաղդալյանի նշանակումն արել էր դեռեւս Արա Այվազյանը, ուստի հայտնի չէ՝ այդ նշանակումը կմնա՞ ուժի մեջ, թե՞ կչեղարկվի, ինչպես Այվազյանի շատ որոշումներ են չեղարկվել։