Երբ լինում են նման վիճակներ, մարդկանց հույսը փշրվում է

Երբ լինում են նման վիճակներ, մարդկանց հույսը փշրվում է

Վերջին օրերին Արցախից ստացվող մտահոգիչ լուրերի, հասարակական տրամադրությունները և շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրների վերաբերյալ խոսել ենք արցախցի, Արցախում այս պահին բնակվող Աննա Մանգասարյանի հետ։

- Դիտարկմանը, որ շրջանառվում են լուրեր, որ իշխանությունների և ընդդիմադիրների հարաբերություններում կան խորացող հակասություններ։ Հաստատո՞ւմ էք այս լուրերը և դա ինչպե՞ս կարող է ազդել Արցախի և շարքային արցախցիների կյանքին, որտեղ մարդիկ ամեն օր գոյության խնդիր են լուծում։

- Ժողովրդի մոտ անորոշ վիճակ է, բոլորը ջղայնացած են։ Ոչ ոք չի հասկանում, որ այս ծանր վիճակյում, երբ թշնամին մի կողմից, ճանապարհի փակ լինելը մի կողմից, ժողովրդին սովի են մատնում։ Չեմ հասկանում, թե ի ՞նչ խաղեր են տալիս։ Հայտարարում են թե հրաժարական են տալիս, հրաժարական չեն տալիս, նոր պաշտպաններ են ի հայտ գալիս, պաշտպաններն են սկսում սպառնալ թե ինչ կանեն, ինչ չեն անի։ Ժողովրդի մոտ անհասկանալի իրավիճակ է։ Սա այն պահն է, որ ժողովուրդը մտածում է իր երեխային հացը ճարի, գիշեր-ցերեկ, արևի տակ, հերթերի մեջ, մեծ ու փոքր, իսկ այդ ընթացքում քաղաքական գզվրտոց է գնում։ Այս իրավիճակը սկսել է հետաքրքրել Ադրբեջանին։ Ես չեմ հասկանում, այս իրավիճակից ոնց ենք դուրս գալու, և եթե շարունակվի, տուժելու ենք մենք՝ շարքային քաղաքացիներս, իրենք դուրս կգան։

- Մեզ մտահոգիչ լուրեր է հասնում, որ հացի պաշարները սպառվում են։ Եթե համեմատենք՝ այս պահին և 10 օր առաջ, ապա հաց ձեռք բերելու խնդիրները խորացե ՞լ են։

- Հիմա ավելի վատ է, մարդիկ, հաճախ ժամերով հերթի մեջ մնալով, կարող են առանց հաց գնալ տուն, այն ժամանակ այդպես չէր։ 

- Այս իրավիճակում ինչպե՞ս է արցախցիների տրամադրությունները՝ Արցախում մնալ-չմնալու հետ կապված, եթե բացվի ճանապարհը կլքե ՞ն Արցախը։

- Ստեղծված իրավիճակի հետ համակերպվել ենք վաղուց, որ պետք է դժվարություններով մնանք մեր Արցախում, բայց վերջին իրադարձությունները շարունակական բնույթ ստանալու դեպքում, խորանալու է ժողովրդի մեջ անորոշությունը։ Սա պետք է հաշվի առնեն քաղաքական դերակատարները։ Երբ լինում են նման վիճակներ մարդկանց հույսը փշրվում է, բայց դեռ կա հույս, որ ամեն ինչ կլավանա։ 

- Տարբեր պաշտոնյաների կողմից լինո՞ւմ են հանդիպումներ քաղաքացիների հետ, որ խոսեն, ներկայացնեն իրավիճակը, դուրս գալու ելքերը։ 

- Ոչ։ Քաղաքացիների հետ հանդիպում չի լինում։ Ոչ ոք չի հանդիպում, որ բացատրի այս իրավիճակից դուրս գալու ելքերը։

 Կարեն Քերիմյան