Ժողովրդավարությունը որպես սպառնալիք

Ժողովրդավարությունը որպես սպառնալիք

Ժամանակին, երբ կռիվ էի տալիս ժողովրդավարական սկզբունքների կյանքի կոչման համար, չէի պատկերացնում… որ ժողովրդավարություն կոչվածը դառնալու է մեր հայրենիքի ամենամեծ սպառնալիքը, որ ժողովրդավարության անվան ներքո երկրում ձևավորվելու է ավելի բիրտ ոստիկանապետություն, քան առկա էր նախկինում, որ ժողովրդավարության անվան ներքո Արցախը կարող էր հանձնվել թշնամու ողորմածությանը: Եվ չէի պատկերացնում, որ ժողովրդավարության անվան ներքո մենք զրոյացնելու ենք Ղարաբաղյան շարժման և արցախյան հաղթական պատերազմի ձեռքբերումները թե՛ Արցախի Հանրապետության և թե՛ Հայաստանի Հանրապետության առումներով: Ինչն այսօր համարում եմ աններելի սխալ՝ հաշվի առնելով Վրաստանի «կարմիրվարդային» հեղափոխության դասերը: Կամ 2014 թվականի ուկրաինական «մայդանային» հեղափոխության օրինակը: Որպես արդարացում կարող եմ ընդամենը ասել, որ ինձ թվում էր, թե մեր ժողովուրդը խելացի է, ու մենք կխուսափենք այլոց սխալները կրկնելուց: Հատկապես որ արդեն տեսել էինք նրանց սխալների հետևանքները:

Բայց…

Բայց 44-օրյա պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո 2021 թվականին Նիկոլը կրկին ընտրվեց այն նույն ժողովրդի կողմից, որի մի քանի հազար զավակներին նա, որպես գլխավոր հրամանատար, սպանդանոց էր ուղարկել: Դա ևս հայաստանյան ժողովրդավարության դրսևորում էր, իսկ այսօր մենք էն բանի մեջ ենք ընկել ավելի շատ հենց այդ ընտրության և ոչ թե պարտության հետևանքով: Պատճառն այն է, որ նախկիններին անձնավորող՝ առաջին արցախյան պատերազմի հաղթական ղեկավարի (ղեկավարների) ու 44-օրյա պատերազմում պարտված Նիկոլի միջև ժողովուրդն ընտրեց պարտվածին: Ժողովուրդը չընկալեց, որ Քոչարյանն ու Սարգսյանը որքան էլ նախկին ու ատելի լինեին՝ նրանք անձնավորում էին հաղթանակն ու անվտանգությունը, իսկ Նիկոլը՝ պարտությունը: Ինչը թե՛ անբնական էր և թե՛ հակագոյութենաբանական երևույթ: Ընտրեց թե՛ անմիջականորեն՝ նրան քվե տալով, և թե՛ անուղղակի՝ չմասնակցելով 2021 թվականի խորհրդարանական ընտրությանը: Ինչը ևս հայաստանյան ժողովրդավարության ամենացցուն և բացասական դրսևորումներից մեկն էր: Ինչի արդյունքում, կրկնվեմ, այսօր կանգնած ենք Արցախն ու հայոց պետականությունը կորցնելու սպառնալիքի առջև:

Ավելի փոքր մասշտաբով նույն երևույթն առկա է Արցախում. 2020 թվականի մայիսին արցախցիների կողմից նախագահ ընտրված Հարությունյան Արայիկն այսօր դարձել է Արցախի գոյության վտանգներից մեկը: Թե՛ իր հակասական քայլերով և թե՛, որ ավելի կարևոր է, Նիկոլի կամքի կատարածու «աշխատելով»: Ինչը հաստատ ծանր վիճակում գտնվող Արցախի դեպքում հանցագործության աստիճանի սխալմունք է: Արայիկն, իհարկե, կարող է արդարանալ, որ ինքը մահկանացու է, իսկ մահկանացուն անսխալական չէ: Սակայն նա չի կարող չհասկանալ, որ իր կարգավիճակում աններելի է նման սխալներ թույլ տալը: Աններելի է Արցախի ճակատագրով մտահոգ անձանց նեղ շրջանում խորհրդակցություն անցկացնելն ու դրա արդյունքում խոստանալը, որ հրաժարական է ներկայացնելու, իսկ այնուհետև դա հերքելը՝ կառավարման քաոս առաջացնելով: Հերքելուց էլ խորհրդարանի մեծամասնություն կազմող դաշինքի անունից ժողովրդավարությանն ու ժողովրդի իրավունքներին ապավինելը: Օրինակ, այսպես. «Արցախի Հանրապետության նախագահին ընտրել է ժողովուրդը, ով տվել է իր վստահության քվեն ու հաստատել քաղաքական որոշումներ կայացնելու նրա լիազորությունը»: 

Ի դեպ, գոյություն ունի համընդհանուր մի ցուցիչ, որի շնորհիվ պարզ է դառնում թե ով ով է թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում: Դա Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է այս կամ այն երևույթի կամ ղեկավար անձի նկատմամբ: Բնականաբար, այդ «պատվին» արժանանալու համար տվյալ անձը կամ երևույթը պետք է ամեն որոշակի պահի լուրջ խոչընդոտ հանդիսանա ադրբեջանական հակահայ ծրագրերի առումով: Կամ էլ, բնականաբար, հակառակը՝ նպաստի դրանց իրականացմանը: Եվ նշանակություն չունի, թե ում կողմից է արտահայտվում այդ դիրքորոշումը՝ Ադրբեջանի ղեկավարի թե երկրորդական կամ նույնիսկ երրորդական կարգի պաշտոնյայի կողմից: Մասնավորեցնեմ՝ երբ ադրբեջանական պահանջով պետնախարարի պաշտոնից հրաժարական պարտադրվեց Ռուբեն Վարդանյանին, և նրան փոխարինեց բավական ակտիվ Գուրգեն Ներսիսյանը, ադրբեջանական քարոզչական թիրախում հայտնվեցին Արցախի իշխանության ինստիտուտները: Վերջին մի քանի օրում թիրախում կրկին Ռուբեն Վարդանյանն է, որն ընդամենը հասարակական նախաձեռնություն է ներկայացնում: Հիշեցնեմ՝ վերջինիս ճակատագիրն, ըստ ադրբեջանցու, «կորոշվի ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից համապատասխան կարգով»։ Իսկ Հարությունյան Արայիկը որպես անձ երբևէ չի եղել ադրբեջանական քննադատության թիրախում: Նա նույնիսկ դադարել է այդպիսին լինել որպես երկրի նախագահ, այսինքն՝ որպես պետական ինստիտուտ:

Հ. Գ. Ինչ մնում է Աղդամով պարեն ստանալու՝ կարծես թե խմորվող գաղափարին, ապա այդ առումով որևէ առաջարկ անելու իրավունք ինձ չեմ վերապահում. դա արցախցիների լուծելու խնդիրն է: Որովհետև հիշում եմ նախորդ դարի 90-ականների սկզբի՝ հացի, ջրի, լույսի ու գազի բացակայության պայմաններում վերապրելու ծանրությունը: Այն էլ ոչ թե ամբողջական, այլ թերի շրջափակման պայմաններում: