Երկու ուժերի հետ էլ տարաձայնություններ ունենք

Երկու ուժերի հետ էլ տարաձայնություններ ունենք

«Հրապարակի» զրուցակիցը նախկին ՀՀԿ-ական, այժմ «Կայունություն» կուսակցության առաջնորդ Ֆիրդուս Զաքարյանն է:

- Պարոն Զաքարյան, այս կիրակի Վեդի խոշորացված համայնքում ընտրություններ են լինելու: Շատերն ակնկալում էին, որ Դուք այստեղ մասնակցություն կունենաք, սակայն ընտրություններին որոշեցիք չմասնակցել: Ինչո՞ւ:

- Դե գիտեք նախորդ անգամ այնպես ստացվեց, որ Վեդիում ընտրություն տեղի չունեցավ, հիմա մենք կարող էինք մասնակցել, սակայն երկու ուժերի հետ էլ գաղափարական տարաձայնություններ ունենք: Հենց այս պատճառով էլ որոշեցինք ընտրություններին չմասնակցել: Ուրիշ պատճառ չկա:

- Գարիկ Սարգսյանի նախընտրական քարոզարշավներին չե՞ք մասնակցում:

- Չէ, մասնակցություն չենք ունեցել, ընդհանրապես չենք մասնակցել Գարիկ Սարգսյանի նախընտրական քարոզարշավներին: Քանի որ երկու ուժերի հետ որոշակի տարաձայնություններ ունենք, այդ պատճառով որևէ մեկի նախընտրական քարոզարշավին չենք մասնակցում:

- Կմանրամասնե՞ք, թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը:

- Դրանք տարբեր են, հիմա չեմ կարող մանրամասնել:

- Իսկ Ձեր կուսակցության անդամները Վեդիում ո՞ր թևին են աջակցում:

- Գիտեք ոնց՝ այդտեղ մենք լավ կորիզ ունենք: Մարդկանց ազատ ենք թողել, ով ոնց ցանկանում է, ուղղորդումներ չեն եղել: Կուսակցությունն այդ գործընթացներին որևէ ձևով մասնակցություն չի ունեցել:

- Այսօր վարչապետը Երասխի մասին մի շատ կարևոր հայտարարություն արեց: Մասնավորապես նշեց, որ հայկական կողմն առաջարկել է թշնամուն մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք՝ իրենց տարածքից:

- Ես լսեցի այդ հայտարարությունն, իհարկե չգիտեմ նման բան կա, թե չկա: Երասխում դիրքերն այս պահին մեզ համար բոլորովին նպաստավոր չեն: Անմիջապես առաջին բլուրի գագաթից թշնամին ողջ Երասխ բնակավայրը տեսնում է և ամեն պահի կարող է ինչ-որ մի վատ բան տեղի ունենալ: Եթե ստացվի այնպես, որ ադրբեջանցիները հենց այդ դիրքը թողնեն, ես կարծում եմ դա առաջադիմական և դրական քայլ կլինի: Խոսքս առաջին դիրքի մասին է: Նույնիսկ 90-ականներին տղաները մտածում էին, որ այդ դիրքը պետք է գրավեն, սակայն մնաց ու մնաց: Այդ դիրքը կոնկրետ ափի մեջ է: Մեր վրա էնտեղից ամեն օր կարող են կրակել, եթե մեր հարևանները այդ դիրքը թողնեն, լավ կլինի: