Էդգար Թաթիկյան. Արտադրված եմ ԽՍՀՄ-ում

Էդգար Թաթիկյան. Արտադրված եմ ԽՍՀՄ-ում

Կալինինի 42, բնակարան 22 

Սա պատմություն է, որը սկսվել է պադեզդում: Մեր պադեզդում: Էն, որ թքում էինք պատի սպիտակ մելի վրա, լուցկու պոչով հավաքում թրջված մելը, վառում ու վերեւ էինք գցում: Լուցկին կպնում էր պադեզդի պատալոկին ու վառվելով՝ սեւ հետք թողնում: Մարդու կամ դռան ձեն լսելուց փախնում էինք ուղիղ հայաթ, յանի թե չբռնվեինք: 

Սա պատմություն է կարոտի մասին: Էն մասին, թե ինչքան շատ եմ կարոտել Երեւանը, իմ տեսած ու հիշողությանս մեջ ցմահ մխված Երեւանը: 
Մեծացել եմ: 

Պատմությունը ունիվերմագում երեք երեխայով ադյալի հերթ կայնելու մասին է: Հարեւանները Սվետին նախանձում էին, որ երեք էրեխա ունի ու իրեք հատ ադյալ կարա առնի, որովհետեւ ունիվերմագի պահեստապետն ասել էր, որ ամեն մեկին մի ադյալ ա ծախելու: Քիչ էր մնում տանը կախած մեռելի նկարն էլ հերթի մեջ դնեին, որ իմռտնի ադյալից մի հատ ավել առնեին: Բա շենքի տակի տնտեսականը էնքան հարմար տեղ էր: Պահեստի դուռը հայաթի կողմն էր, աչքից հեռու, պահեստապետն էլ՝ դիլիջանցի՝ մորս զեմլյակը: Մեր տանը էն տարածված ափսե-բաժակ-գդալներից չկար, սաղ իմպռտնի էին, դրանք տակից էին ծախում, չեխոսլովակյան խռուստալ, յուգասլավսկի ադյալ, գդալ-պատառաքաղն էլ՝ մելխիոր: Որովհետեւ մայրս Դիլիջանից էր, պահեստապետի զեմլյակը: Հերս էլ դափոնով փող էր աշխատում: Էսօրվա պես հիշում եմ սովետական հարյուր ռուբլիանոցների դաստեն մեր էրկաթի ոտերով պուճուր սեղանի վրա: Լեւի գործ էր արել: Մի քանի յաշիկ մեխ էր հանել զավոդից: Պահեստապետի մաղարիչը՝ առանձին, դիրեկտորինը՝ առանձին, մնացածն էլ՝ Բեղլու Սամվելի հետ հալալ ախպերափայ: 

Հերս մորս հանդիպել ա մորքուրենց տանը տնվոր մնացող ընկերոջն այցելելիս: Էդ ընգերոջ տղեն հորս գովքն անելիս ասել ա. 
- Լյովա ձյաձյան մենդալ ա ստացել, պրյոմնիկ են տվել… 

Մեդալը մոտս ա, իսկ պրյոմնիկը դիխլաֆոսի զոհ գնաց: Մի օր մերս տեսավ, թե ինչպես են պրյոմնիկի միջից տառականներ դուրս գալիս: Քանդեց ու տեսավ մեջը լիքը տառական: Առավ դիխլաֆոսն ու հայդե՝ սովետի ձայնը բարձրացնող տեխնիկական առաջընթացի վրա փչեց: Դրանից հետո Մոսկվան էլ լռեց, Երեւանն էլ: 

Սկսե՞մ: Չորսը տարի էր անցել, երբ սովետը օլիմպիական խաղերը բարով-խերով արել էր ու Չիբուռաշկի անմեղ դեմքով սիմվոլը ցույց տվել: Հսկան օրորվում էր հարբած մարդու նման: Իրա տարածքում ապրող ազգերին լցրել էր մի բոչկի մեջ, փլյուշ արել, արաղ քաշել ու խմել էր՝ հավատալով, որ անմահական ջուր է խմում: Էդ անտերի գրադուսն էնքան ուժեղ էր, որ յոթանասուն տարի հարբած ֆռֆռացել ա, չի ջոկել, որ ոտի տակն ա խախուտ, դրա համար ա օրորվում:
Բայց քանի սովետը կանգուն ա, որոշեցի ծնվել: Հերս՝ Մետիզ գործի, քուրս-ախպերս՝ երեւի մանկապարտեզ: Ես եմ ու մերս: Մեկ մարմին, երկու հոգի: Մինչեւ մերս կզանգեր Մետիզի պռախադնո, թե Լյովիկին ասեք՝ ցավերս բռնեց, ես բռնեցի լույս աշխարհ գալու ճամփեն: Հինգերորդ հարկից հասանք չորրորդ ու… 
- Մարուս տոտա, էրեխեն ծնվում ա… 

Մարուս տոտան իրան չկորցրեց, սավետսկի ադեկալոնով ախտահանեց սավետսկի մկրատն ու խռթ կտրեց պորտալարը: Հաղթանա՜կ: Ում եմ հաղթել՝ չգիտեմ, բայց… հաղթանակ: 
Ծննդատանը անընդհատ լացում էի, կաթ չէի ուտում, մենակ լացում էի: Ո՛չ ես էի քնում, ո՛չ մորս էի թողում քնի: Բժիշկները անհույս, բայց լուրջ դեմքով զննում ու քննում էին: Ունիկալ դեպք է, երբեք չեն հանդիպել: Մի երկու օր էլ որ բան չուտի, կմեռնի: Էս որ լսեցի, ավելի ուժեղ լացեցի: Գիշեր էր, մայրս արդեն որերորդ գիշերն է՝ չի քնել: Սկսեց աղոթել. 

- Այ Աստված, էս էրեխուն ի՞նչ ա էղել: Թե մեռնելու ա, թող շուտ մեռնի, որ ինձ էլ չտանջի, ինքն էլ չտանջվի: Թե ապրելու ա, թող հանգստանա ու ապրի… Հանգստացա: Ապրեցի: 
Մենակ իր ձագին անսահման սիրող մայրը կարա Աստծուն նման բան ասի: 
Սովետի տելեվիզրով մի սերիալ էին ցույց տալիս՝ «Դոլգայա դառոգա վ ձյունախ»: Ըտեղ մի պուճուր տղա կա, որ մի սերիայում կորում ա, ու բոլորը սկսում են իրան կանչել: 
- Էդգա՜ր, Էդգա՜ր… 

Քուրս ու ախպերս էլ, թե բա՝ մամա, պուճուր ապերիկ ենք ուզում, անունն էլ՝ Էդգարիկ: Տենց ես ծնվեցի ու կոչվեցի Էդգար: Մեծը քուրս ա, միջնեկը՝ եղբայրս, ես էլ տան պուճուրն եմ: Մինչեւ քրոջս ծնվելը, մայրս մի տղա ա ունեցել, բայց էրեխեն մահացած ա ծնվել: Էն թվերին իրեք էրեխուց ավել ունենալը Երեւանում գեղցիություն էր համարվում: Մերոնք դժվար թե երեքից ավել երեխա ունենային: Սա նաեւ իրա պատմությունն ա: Ես չորրորդը պիտի լինեի կամ չլինեի… 

Մեծ գռուզավիկն ու Իլյա Բոբոնիչը 

Էլի լացում եմ: Երեք տարեկան եմ: Ականջս ա ցավում: Դժվար ա չլացել, երբ ականջիդ հետեւում պինգպոնգի շարիկի չափով թարախ ա հավաքվել: Մաման տանը էղած ալոեի հյութ ա կաթացնում, էլ եսիմինչ ա անում: Իրիկունը հորս հետ որոշում են բժշկի տանեն: Դիլիջանցի ծանոթ բժիշկ կա, մերս ասում էր՝ Վալոդ քեռիի հարեւանն ա: Որոշեցին ու տարան: 

Ականջի բժիշկներին էն ժամանակվանից սիրեցի: Ճակատին կլոր, փայլուն բան ա դրած, ոնց որ այլմոլորակային լինի: Իլյա Բաբկենիչը խիստ դեմքով ականջս ա ստուգում ու հազար տարվա զեմլյակի իրավունքով մորս մեղադրում, թե խի եք ուշացրել: Շուտ բերեիք՝ առանց վիրահատության կբուժեի: Քանի որ Վալոդ քեռին մամայենց մեծ ախպերն ա ու անառարկելի հեղինակություն, ուրեմն իրա հարեւանն էլ ա լուրջ մարդ: Մերս գլուխը կախ լսեց, ու որոշեցին ինձ վիրահատել: Տանը լացուկոծս դրի: Անգամ բժշկի փայլուն կլորը չհամոզեց, որ չվախենամ: Քուրս ու ախպերս էլ կրակի վրա բենզին լցրին, թե հեսա քեզ Իլյա Բոբոնիչի մոտ ենք տանելու: Էն ժամանակ Բոբո ձյաձյայից շատ էի վախենում: 

Մեր տանը սկսվեց ինձ համոզելու գործընթացը: Ամեն մեկը մի բանով ուրախացնում էր: Աչքս ախպորս խաղալիք կանստռուկտռների վրա էր, էդ էլ ստացա, բայց Բոբոնիչի վախը չանցավ: Իրիկունը հերս տուն էկավ ու իրանից գոհ ասաց. 
- Միջանցքում քո համար բան եմ դրել, ծանր ա, գնա բեր՝ տենանք ինչ ա: Վազեցի միջանցք ու տեսա սովորական գառդոնի տուփ: Վրեն նկարներ չկային: Զոռով քարշ տվի մեր միսենյականոցի մեջտեղն ու բացեցի: 

Մեր տունը երկու սենյականոց էր: Մի սենյակում հորս խորթ մայրն էր ապրում՝ Մանյան, իսկ զալն ու խոհանոցը մեր հինգի տունն էր: Էս փոքրությունից էր, թե դեֆիցիտից՝ չգիտեմ, բայց մենք մեծ խաղալիքներ չունեինք: Պուճուր հորքուրս քրոջս համար ռումինական, թե հունգարական ընտիր տիկնիկներ էր բերել: Մաման չէր թողում դրանք հայաթ իջացնեինք: Ախպերս էրկաթից մեքենաներ ուներ: Կռան, տրակտոր: Դրանց կանստռուկտռ էինք ասում: Էլի տակից առած ապրանք էր: Հենց ախպերս տանը չէր լինում, թաքուն հանում խաղում էի: Հիմա դրանցից մենակ տիկնիկներն են մնացել: Պահել եմ, որ էրեխեքս էլ դրանցով խաղան… 

Տուփից դուրս եկավ մի մեծ գռուզավիկ մեքենա: Էդ խաղալիքը երկու հրաշք ուներ: Նախ՝ շատ մեծ էր, համարյա իմ չափ, հետո՝ էն հետեւի մասը բարձրանում էր, ոնց որ վրի բեռները սամասվալ անող իսկական մեքենա: Սամասվալի մասը կապույտ էր, ակները՝ սեւ, շոֆեռի տեղը՝ սպիտակ, իսկ ֆառերը՝ դեղին: Ուրախությունից ականջիս ցավը մոռացա, բայց նվերը հենց ընենց չէր: Պիտի առանց լացուկոծի գնայի վիրահատության: Գռուզավիկն արեց իր գործը՝ համաձայնեցի: Համ էլ, մեկ ա, որ չհամաձայնեի, զոռով կտանեին: 

Մինչեւ հիվանդանոց գնալը մտանք շենքի կողքի ֆոտոն, որ նկարվեմ: Հագել էի յուգասլավսկի սպարտիվկա ու սպարտիվկի գույնի կոշիկներ: Լուսանկարիչն ինձ նստացրեց բարձր թախտի վրա, կողքս արհեստական ծաղիկներով զամբյուղ դրեց, հրահանգեց բռնել զամբյուղի պոչից ու չթարթել, չշարժվել: Ինքը դիմացս եսիմինչ զոնտիկներ բացեց, դզմզեց: Զոնտիկի վրա լույս վառեց, անջատեց: Գնաց-էկավ, հա ասեց՝ չթարթես, չշարժվես: Մեկ էլ հանկարծ ասեց, թե վերեւ նայի: Չըխկ: Ֆսյո, մի իրեք օրից կգաք կտանեք: Իմ առաջին նկարն էր: Ինչ-որ իմաստով՝ նաեւ վերջինը, որովհետեւ էդ օրվա վիրահատության հետեւանքով ողջ հետագա կյանքս փոխվեց: Երեւի մերս էլ էր նման մի բան զգում, դրա համար տարավ նկարվելու… 

Իլյա Բաբկենիչը սովետական դասական ղասաբի նման ինձ վիրահատեց, թարախը մաքրեց ու վերջ դրեց ականջացավին: Մերոնք ասում էին, թե էնտեղ ինչ-որ ներվի ա կպել, ինչ ա արել, բայց էդ հետո պարզվեց, կամ տեսողությանս թուլացման անհասկանալի պատճառը գտնելու համար հիմք դարձավ, չգիտեմ: Էն ժամանակ էդ փաստը ինձ քիչ էր անհանգստացնում: Հիմա ազատ խաղում էի իմ գռուզավիկով: Մենակ նեղվում էի, երբ մերս մի քանի մետրից ինձ բաներ էր ցույց տալիս ու հարցնում, թե ինչ է, բայց չէի տեսնում, ու մերս ավելի էր անհանգստանում: Հետո էնքան ցույց տվեց, որ խոհանոցի սաղ առարկաները անգիր հիշեցի ու արագ ասում էի: Հեշտ էր, որովհետեւ մերս միշտ նույն հերթականությամբ էր ցույց տալիս, կարայի առանց նայելու ասել, բայց համոզիչ երեւալու համար նայում էի ու ասում: Դժվար թե մերս նկատած չլիներ իմ հնարամտությունը, հատկապես բռնվեցի, երբ նոր առած կանաչ գարոխի բանկեն ցույց տվեց ու հարցրեց, թե վրեն ինչ ա նկարած: Վստահ եմ, որ գարոխ չեմ ասել: 

Իլյա Բաբկենիչը Վալոդ քեռուս հարեւանն էր, Վալոդ քեռիս՝ անառարկելի հեղինակություն, իսկ մայրս՝ կասկածամիտ վանեցու աղջիկ: 

Մեկ-մեկ ականջս ցավում էր, բայց սաղ ասում էին, թե կմեծանաս, կմոռանաս: Մեծացել եմ: Չեմ մոռացել: 

Առաջին ընտրությունները, աղջիկներին պիտի պաշտպանել, ու տանկերը գալիս են 

Շենքի լիազոր Մերուժը տնետուն ընկած՝ բենզին էր հավաքում, որ լցնեն շշերի մեջ ու բերանը շոր խոթած շիշը շպրտեն սպասվող ռուսական տանկերի վրա, որոնք կայարանից գալու էին ու Կալինինի փողոցով եսիմուր գնային: Մինչեւ էդ կայարանում կրակոցներ էին էղել, ու մի օր ախպորս հետ գնացինք ու ծակած պատերը տեսանք: Ասում էին՝ ֆռռացող պատրոնով էին կրակել, էն, որ կրակելուց հետո ֆռռալով դուրս ա գալիս ու դռելի պես ծակում ա: Իմ համար անհասկանալի էր, թե ինչու են իրար վրա կրակել, բայց օդի մեջ անհանգստություն ու վախ կար: Մաման ասեց, որ բալկոն դուրս չգանք ու եթե կրակոցի ձեն լսենք, պառկենք պոլին: 

Դասարանում իմ կողքը Վարդուհին էր նստում: Սաղս էլ պուճուր-մուճուր էինք, բայց ինքը մեզանից պուճուր էր, էլ չեմ ասում, որ Գայանեի հետ համեմատած լրիվ թզուկ էր դառնում: Գայանեն էլ մեզանից մեծ էր ու անցած տարի մնացել էր առաջին դասարանում ու հիմա մեզ հետ պիտի սովորեր: Անտարբեր էր սովորելու հանդեպ, ասում էին՝ մայրը ֆռռացող է, բայց իմ համար էդ բառն ուղիղ իմաստ ուներ: Մտածում էի, որ երեւի հայաթներում շատ ա ֆռֆռում ու չի հասցնում էրեխու դասերով զբաղվի, դրա համար էլ Գայանեն տենց վատ ա սովորում: Ընկեր Հարությունյանը իրա վրա շատ էր ջղայնանում, բայց Գայանեն տենց էլ անտարբեր մնաց: 

Դպրոց գնալուց առաջ մաման ինձ ասել էր, որ պտի չարություն չանեմ, ոչ մեկին չնեղացնեմ, ու եթե մեկին նեղացնում են, պաշտպանեմ: 

Դասարանում զույգ եղբայրներ ունեինք՝ Արամն ու Արեգը: Արամը շատ ակտիվ էր, էն ժամանակվա լեզվով ասած՝ չարաճճի, իսկ Արեգը՝ լրիվ հակառակը․ քիչ էր խոսում, լավ էր սովորում ու իրեն հանգիստ էր պահում: 

Կիրակի օրը մամայի հետ գնացինք պոչտա, որ ընտրություններին մասնակցենք: Մաման մի թուղթ վերցրեց ու նստած աղջկան ասեց. 
- Էս գրած անուններից ո՞ւմ պիտի ընտրենք: 
- Ում ուզում եք: 
- Բա էս մեկը ի՞նչ «այո» ու «ոչ» ա: 
- Էդ էլ հանրաքվե ա, անկախությանը «այո» կամ «ոչ» պիտի ասեք: 

Սովետի օրոք երբեք ընտրություններ չէին եղել: Մերս ծնված օրից երբեք երկրի ղեկավար չէր ընտրել, չգիտեր, թե ոնց են ընտրելու, չգիտեր, թե ում են ընտրելու: Թղթի վրա տեղ կար, որի դիմաց անուններ էին գրված, էդ տեղերից մեկի վրա պտի պտիչկա դնեինք ու վերջ: 

Դպրոցում արդեն անցել էինք Ա տառը: Էնքան սիրուն տառ ա, նենց հաճույքով էի գրում: Վարդուհին մի քիչ լավ չէր գրում, օգնում էի իրան: Տեսել էի, թե ոնց ա ընկեր Հարությունյանը ձեռներիցս բռնում ու գրիչը շարժում: Ես էլ Վարդուհուն էի տենց օգնում: Մի քանի փորձից հետո սկսեց ստացվել: Դասամիջոցին Վարդուհին նստած գրում էր, որ սիրուն ստացվի, ու տնեցիք ուրախանան իրենց աղջկա հաջողությամբ: Էդ պահին դասարանի տղերքը իրար հետ կատակով կռիվ էին անում ու պատահաբար կպան Վարդուհու ձեռքին: Տետրի մեջ մի հաստ գիծ գնաց, ու «ա» տառը խզբզոց դարձավ: Վարդուհին սկսեց լացել, իսկ թեւին կպնողը իրա վրա գոռաց, թե խի ես լացում, հեսա ընկեր Հարությունյանը կգա ու ինձ բան կասի: Տեղիցս վեր կացա ու էդ տղու վրա գոռացի. 
- Չես կարո՞ւմ քեզ հանգիստ պահես: 
- Հլը սրան նայեք: Սիրածիդ բան ասինք, դրա համար ես պաշտպանո՞ւմ: Բոլորը մտածում էին, որ կողքին նստած դասընկերուհուն պիտի սիրահարվեին, բայց ոչ ես: Ես կողքի շարքի հետեւի նստարանին նստած դեղնամազ գեղեցկուհուն էի սիրահարվել: 

Իմ առաջին սիրո անունը Լուսինե էր՝ լույս, աչքի լույսի պես աղջիկ: Դեղին խոպոպներ ուներ, սպիտակ մաշկ ու սիրուն, շատ սիրուն աչքեր: Դասերի ժամանակ անընդհատ շուռ էի գալիս իրա կողմը: Էնքան էի ջղայնանում, երբ էրեխեքից մեկը ընկեր Հարությունյանին ջղայնացնում էր, ու ինքը մեզ ստիպում էր ձեռքերը մեջքին դրած ուղիղ նստել ու չշրջվել: Այ, էս չշրջվելն էր իմ պատիժը: 
Մամայից թաքուն դուրս եկա բալկոն, որ ռուսական տանկերը տենամ: Կալինինի փողոցը դատարկ էր: Դիմացի շենքի կռիշին մարդիկ էին կանգնած՝ ուսներին երկար բան կար, բայց լավ չտեսա, թե ինչ էր: Փողոցի կենտրոնում մի հատ մեքենա անցավ, որի բագաժնիկի մեջ մարդ էր նստած: Էդ մարդու ձեռը բենզինի կանիստր էր, ու ինքը բենզինը լցնում էր փողոցի կենտրոնական գծով, որ հենց տանկերը գան, էդ լցրած տեղը վառեն ու վերեւից էլ բենզինի շշեր քցեն վրեքները: Մտածեցի, որ փողոցի վրա լցվող բենզինը մենք ենք տվել, ու հենց մեր բենզինով են վառելու ռուսական տանկերը: 

Տանկերը չեկան: 

Հատված «Արտադրված եմ ԽՍՀՄ-ում» անտիպ վիպակից

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ