Հարցերի պատասխանները` վաղը

Հարցերի պատասխանները` վաղը

Վաղը` սեպտեմբերի 2-ին տեղի կունենա «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիան: Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է, Ստեփանակերտում նույնպես հանրահավաք են անելու: «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ գրառում էր արել ֆեյսբուքում, որտեղ մասնավորապես նշել էր. «Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո մենք կրկին տեսանք, որ Հայաստանն ու Արցախը միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանող որևէ ներկայացուցիչ չունի։ Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հանդիպմանը ներկայացել էր սեփական օրակարգով ու, ըստ էության, լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները»։ Մենք զրուցեցինք Իշխան Սաղաթելյանի հետ:

- Պարոն Սաղաթելյան, մի փոքր պատմեք, թե վաղը ինչ բնույթի ակցիա է տեղի ունենալու: Հնարավո՞ր է նորից վրաններ տեղադրեքով փակեք Ֆրանսիայի հրապարակը:

- Հիմա, որ պատմեմ, վաղը հանրահավաքին էլ ի՞նչ պետք է ասեմ: Վաղը բոլոր հարցերին ես կպատասխանեմ: Հիմա անոնսավորելը ճիշտ չէ: Վաղվա հանրահավաքը նվիրված է Արցախին, Անկախության տոնի առթիվ է լինելու: Մնացածը տեղում պարզ կլինի:

- Իսկ ի՞նչ կասեք օրերս Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ վերջին հանդիպման մասին:

- Վաղվա հանրահավաքը նախապես էինք պլանավորել` մեկ ամիս առաջ: Ես շատ վաղուց այս դավաճան իշխանություններից որևէ սպասելիք չեմ ունենում: Դրական բան սպասել պետք չէ: Րոպե առաջ սրանք պետք է թողնեն ու հեռանան` հանուն Հայաստանի և Արցախի: Բանական մարդը չի կարող սրանցից լավ իմաստով ակնկալիք ունենալ:

- ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ևս նոր շարժում է սկսել: Շատերի կարծիքով` ընդդիմությունը համախմբված չէ: Համաձա՞յն եք:

- Բոլոր հարցերի պատասխանները կստանաք վաղը: