«Հրապարակ». Որպեսզի ԶՄՊԿ-ն ՔՊ-ականների համար կթու կով չդառնա

«Հրապարակ». Որպեսզի ԶՄՊԿ-ն ՔՊ-ականների համար կթու կով չդառնա

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանը (ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի) եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ի դեմս գլխավոր տնօրեն Ռ. Խուդոլիի) կնքել են համագործակցության հուշագիր: Մարզպետարանի տարածած հաղորդագրությամբ հայտնում են, որ հուշագիրը կնքել են՝ «հաշվի առնելով զարգացման արդի փուլում Սյունիքի մարզի սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական խնդիրներն ու ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձեւավորման խիստ անհրաժեշտությունը»։ Նախատեսվում է համագործակցությունն իրականացնել առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի եւ սպորտի, տնտեսական, բնապահպանական բնագավառներում։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուշագրի ստորագրման առիթով նշել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր չէ, որ այս բոլոր ուղղություններով սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում։ Այս հուշագիրը նպատակ ունի ավելի հասցեական, համակարգված եւ արդյունավետ դարձնել Սյունիքի ամենախոշոր ձեռնարկության մասնակցությունը մարզի զարգացմանը։ Կարեւոր է նաեւ, որ տարածքային կառավարման մարմիններն ու մասնավոր ընկերություններն ունենան իրենց պարտավորությունների, գործառույթների եւ համագործակցության հստակ շրջանակն ամրագրող փաստաթուղթ։ Ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերը չպետք է փոխարինեն պետության պարտականություններին, ինչպես հաճախ եղել է, այլ պետք է փոխլրացնեն եւ ավելի արդյունավետ դարձնեն մարզի զարգացմանն ուղղված ջանքերը»։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ընդգծելով մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի կարեւորությունը, ասել է. «Շատ կարեւոր է, որ սոցիալական օգնությունը լինի նպատակային եւ միտված լինի կայուն զարգացմանը, իսկ դրա համար ուղղությունների եւ նպատակների համատեղ համակարգումն անհրաժեշտություն է։ Չհամակարգված սոցիալական ծրագրերն ունենում են կարճաժամկետ ազդեցություն, եւ տարիներով ծախսված զգալի գումարները չեն ապահովում կայուն արդյունք։ Այս հուշագիրը հնարավորություն է ընձեռում նախանշել ռազմավարական ուղղությունները եւ համատեղել ջանքերը՝ թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»։

Սյունիքի մեր աղբյուրներն ասում են, որ հուշագրի ստորագրման նախաձեռնությամբ հանդես է եկել ԶՄՊԿ ղեկավարությունը. բանն այն է, որ մարզի ՔՊ-ական պատգամավորներն ու իշխանական որոշ մանր ու միջին չինովնիկներ կոմբինատը դիտարկում են որպես կթու կով եւ օգտագործելով իշխանական դիրքը՝ կոմբինատի միջոցով մարզային տարբեր սոցիալական խնդիրներ են լուծում` փորձելով կոմբինատի հաշվին բարձրացնել թե՛ սեփական, թե՛ իշխանության վարկանիշը: Որպեսզի տեղից ելնողը ԶՄՊԿ-ի փողերով մարզում գործ չանի, կոմբինատը որոշել է համակարգել մարզում իր անելիքները, եւ մարզպետին հուշագիր են առաջարկել: Դա նշանակում է, որ այսուհետ ԶՄՊԿ-ն մարզում ցանկացած սոցիալական ծրագիր կարող է անել միայն մարզպետի համաձայնությունը ստանալուց հետո: Մենք քանիցս գրել ենք, որ Սյունիքում ՔՊ-ական պատգամավորների եւ մարզպետի` Կալավանցի Ռոբերտի ջրերը նույն առվով չեն գնում, ՔՊ-ականները չեն մարսում, որ մարզի ղեկավարումը Փաշինյանը հանձնել է անկուսակցական, ոչ սյունեցի մեկին, ով նաեւ ընդդիմադիր համայնքապետերի հետ նորմալ հարաբերություններ ունի, եւ նշանակման օրվանից «փորում են նրա տակը»: Մարզպետարանի մեր աղբյուրն ասում է, որ կալավանցին թույլ չի տա, որ ՔՊ-ականները ԶՄՊԿ-ի հաշվին սյունեցիների մոտ լավամարդ դառնան եւ բարձրացնեն իրենց վարկանիշը: Իսկ ԶՊՄԿ ղեկավարությունը, ասում են, վախենում է մերժել ՔՊ-ականներին, որովհետեւ նրանք կոմբինատում խոսում են «վերեւների» անունից, իսկ այնտեղ վախենում են, որ մերժելու դեպքում կհայտնվեն վերեւների թիրախում:

Դեռեւս անցած տարեվերջին մենք գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մերձավոր, կապանցի Դավիթ Դանիելյանը մարզի դպրոցներ, քոլեջներ, սահմանամերձ գյուղեր իր այցելություններին ներգրավել է նաեւ ԶՊՄԿ տնօրենի տեղակալներին եւ հրապարակային խոստումներ տվել, թե կոմբինատն աջակցելու է, ասենք, ինչ-ինչ հարցերի ֆինանսավորմանը, մինչդեռ մեր աղբյուրները փոխանցել էին, որ կոմբինատի տնօրենի տեղակալները նման խոստումներ չեն տվել: Գրել էինք, որ  ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին զայրացել է  տեղակալների վրա, որ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ:

Գաղտնիք չէ, որ Սյունիքում իշխանության մարզային կառույցում բառի բուն իմաստով «բարդակ» է, այն կարգի բարձիթողի վիճակ, որ անցած տարվա սեպտեմբերից չեն կարողանում Սիսիանի ՔՊ խորհուրդը ձեւավորել: Այն մինչ օրս ձեւավորված չէ՝ մարզում առկա տարբեր թեւերի ու ճյուղերի ներքին պայքարի պատճառով, թեպետ մոտ տասն օր առաջ հարցը ՔՊ վարչությունում է քննարկվել, եւ Փաշինյանը հանձնարարել է կարճ ժամանակում խնդիրը լուծել: Այսինքն, կարապի, խեցգետնի եւ գայլաձկան պես՝ իշխանական թեւերից ամեն մեկը կոմբինատը քաշում է իր կողմ եւ կթում, որ ռուսների գումարներով սյունեցիների խնդիրները հոգա ու քաղաքական դիվիդենտներ շահի: Որպեսզի ՔՊ-ականները ԶՄՊԿ-ի հաշվին լավամարդ չլինեն եւ պետության պարտականություններն էլ ԶՊՄԿ-ի վրա չդնեն, կոմբինատն առաջարկել է հուշագիր կնքել: Այն կգործի հինգ տարի՝ յուրաքանչուր տարի հաստատված, ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների պլանով: