Նիկոլի հինգերորդ շարասյունը 

Նիկոլի հինգերորդ շարասյունը 

Երբ ասում են, որ մարդը ձեռագիրը չի փոխում, դրա մեջ դարերով թրծված իմաստություն ու ճշմարտություն  կա։ Ոստիկաններն էլ կվկայեն, որ հանցագործի ձեռագիրը միշտ նույնն է լինում։ 

Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը չի փոխվել։ 2018- ին,  երբ Հայկոյի բերանով պառակտեց հանրությանը՝ սև ու սպիտակի բաժանելով, մինչև հիմա նույն գործին է՝ կոտրված բաժակի կտորները նրան չի բավարարում։ Մանր կտորներն անգամ բեկորների, փշուրների է վերածում։ Փշուրներն անցկացնում է պետական մամլիչով ու ավազահատիկ դարձնում։ 2018-ին հանրությանը պառակտելու, թուլացնելու գործը հինգ տարի է նույն ձեռագրով շարունակում է կատարել։ Պարզապես անուններն են փոխվում։ 

Հինգերորդ շարասյունը նույն սև ու սպիտակի բաժանելու այլ անվանումն  է։  Նախկինների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն  սերմանելով կարողացավ թուլացնել, փոշիացնել  պետական կառույցները, բանակը ու թշնամու համար պարատ հող ստեղծել։ Հիմա  նախկիններ տերմինը հարմար չի գտնում օգտագործել, որովհետև հանրությունը հոգնել է նախկիններին քլնգելու նրա ամուլ գործընթացից։ Լրագրողների հետ այս վերջին հանդիպման ժամանակ ինքն էլ խուսափում էր նախկիններ բառը օգտագործել՝ խոստովանելով, որ էլի կասեն նախկիններից խոսացի։ Սպասում էր, որ լրագրողներն այդ հարցը տան, որ չստացվի, թե ինքն է հնչեցնում։ Սպասում էր, որ լրագրողները իրեն նետեն նախկինների ջուրը, որտեղ իրեն զգում է ձկան պես՝ կենդանանում է։ Ինչևէ նախկիններ տերմինը նա փոխարինել է հինգերորդ շարասյուն տերմինով՝ մտածելով, որ հանրությունը կխաբվի նոր տերմինից ու մի որոշ ժամանակ էլ կսևեռվի այդ ուղղության վրա։ Օրակարգ նետեց՝ պատերազմը տանուլ ենք տվել, որովհետև Հայաստանում գործում էր հինգերորդ շարասյունը։

Նա շատ լավ գիտի, որ պատերազմը ինքն է տանուլ տվել, այդ մասին հասարակությունը համապատասխան պիտակավորմամբ միշտ բարձրաձայնում է։ Ինքն է եղել գերագույն հրամանատարը և ինքն է նշանակել ռազմական գլխավոր պաշտոնյաներին ու կորդինացրել նրանց գործողությունը։ Բայց Նիկոլին  ոչ պատերազմի տանուլ տալն է հետաքրքրում, ոչ հազարավոր զոհերը, ոչ էլ կորցրած տարածքները։ Նրան միայն մի բան է հետաքրքրում։ Հինգերորդ շարասյուն ասելով նորից կմանրի հանրության փշրված բեկորները, ու այդ փշուրները կանցկացնի մաղով։ Կսսկացնի պատերազմական փորձություններով անցած մարդկանց՝ վախ ներարկելով, որ խոսողը որպես լրտես, դավաճան կարող է ձերբակալվել։ Զինվորականության լռությամբ կսսկացնի նաև հանրությանը, ու իր թղթե թագավորությունը մի քիչ էլ կերկարաձգի։ Հինգերորդ շարասյունը Նիկոլի նույն ձեռագիրն է։ Պառակտել հանրությանը՝ այս անգամ ավելի ագրեսիվ մեթոդներով։ Նախկինները շրջանառելով, հաղթահարեց կապիտուլյացիայի առաջին փուլը, հինգերորդ շարասյունը շրջանառելով հույս ունի հաղթահարել կապիտուլյացիայի երկրորդ փուլը։