ՀՀ-ում հրդեհները շարունակվում են․ դիտավորյա՞լ են այրում

ՀՀ-ում հրդեհները շարունակվում են․ դիտավորյա՞լ են այրում

Տեղեկություն ստացանք, որ Վանաձորում հերթական հրդեհներն են բռնկվել։

«Հրապարակի» հետ զրույցում ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը նշեց, որ երկու օր է՝ հանրապետության տարբեր հատվածներում տարբեր խոտածածկ տարածքներ են այրվում․ «Այս երկու օրը սկսվել է, օրինակ՝ երեկ մոտ 50 հրդեհ է եղել։ Վանաձորի հրդեհի հետ կապված վտանգավոր բան չկա, այս պահի դրությամբ մարում-հանգում է, վտանգավոր տարածք չի, խոտածածկ տարածք է։ Խումբ չի մեկնել, քանի որ վտանգավոր չի, ինքնամարում է լինելու, Վանաձորի արևելյան հատվածում է։ Հրդեհների մեծամասնությունը մարդկային գործոնի հետևանք է։ Օրինակ՝ աշխարհում սենց վիճակագրություն կա, որ 92 %-ը հրդեհների մարդկային գործոնի արդյունքում է լինում։ Կարող է և դիտավորություն լինել, և անփույթ գործողության արդյունք։ Օրինակ՝ լինում է, որ մարդը գնում է մի տեղ խորոված է անում, դուրս է գալիս, բայց կրակը չի հանգցնում, հիմա հո չի նշանակում, որ դիտավորյալ է անում։ Պետք է մարդկանց իրավագիտակցությունը բարձրանա։ Դրա համար հատկապես այս տարի մենք քարոզչական հազար բան արեցինք, հնարավոր բոլոր ձևերով՝ SMS-ներից սկսած»։


Հիշեցնենք, որ երեկ հրդեհվել են նաև Իջևանի մի շարք խոտածածկ տարածքներ։

Մենք տեղեկություն ունենք, որ իջևանյան հրդեհները ոչ միայն պատահական չեն բռնկվում, այլ նաև պայմանավորված են ամիսներ առաջ Իջևանում տեղի ունեցած ծառահատման հայտնի դեպքերի հետ։ Մեր տեղեկություններով՝ այսկերպ մարդիկ փորձում են վրեժ լուծել վարչապետ Փաշինյանից, որը վերոնշյալ դեպքերից հետո հայտարարարել էր․  «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Դեպքերի մեղավորները, ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստում` մեկնաբանելով հրդեհների ակտիվացումը, նշեց, որ՝ այո,  տեսակետներ կան անտառային տարածքները դիտավորյալ հրդեհելու մասին, հատկապես` Իջևանի տարածաշրջանում։