Փաշինյանը խոշորին արտոնություններ է տալիս, փոքր բիզնեսը տուժում է

Փաշինյանը խոշորին արտոնություններ է տալիս, փոքր բիզնեսը տուժում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել նոր իշխանության եւ բիզնեսի միջեւ վստահության ստեղծման, գործարարությունը խրախուսելու, փոքր բիզնեսին արտոնություններ տալու, նաեւ խոշորի համար պարզեցված պայմաններ ստեղծելու մասին։ «Հայաստանի Հանրապետությունն իսկապես կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքր բիզնեսը դառնում է միջին, միջինը՝ խոշոր եւ այդպես շարունակ»,- ասում է նա, եւ գոնե միջին վիճակագրական քաղաքացու համար անհասկանալի է՝ հիմա ի՞նչն է կարեւոր՝ մե՞խը, թե՞ նալը, շի՞շը, թե՞, մոդայիկ բառով ասած՝ խորովածը։

Իրականությունն այն է, որ ավելացվում են անուղղակի հարկերը, որոնց մեծ տեսակարար կշիռը, ինչպես հայտնի է, բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա։ Համենայնդեպս, մինչ օրս տնտեսագետների շրջանում այս կարծիքն է տարածված։ Իսկ գլխավոր արտոնությունները շարունակում է ստանալ խոշոր բիզնեսը։ Երեկ գործադիրն իր նիստում ահռելի արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի ընտանեկան բիզնես հանդիսացող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը՝ ազատելով ներմուծած տեխնոլոգիական սարքավորումների, դրանց մասերի, հումքի ու նյութերի համար մաքսատուրք վճարելու պարտականությունից։

Ըստ կառավարության ամփոփաթերթի՝ ընկերությունը պատրաստվում է 14 մլրդ դրամի ներդրում կատարել գուլպայի ու կարի արտադրության մեջ, ինչի դիմաց կառավարությունը նրան ազատում է 1,1 մլրդ դրամի մաքսատուրքի վճարման պարտավորությունից։ 1.5 մլրդ դրամ նախատեսում է ծախսեր սարքավորումների ձեռքբերման ու մասնաճյուղերի կառուցման համար, ստեղծելու է 400 լրացուցիչ աշխատատեղ։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 27 մլրդ դրամ, որից 7,8 մլրդ-ի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 18,9 մլրդ-ի՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 70 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում, այդ թվում՝ Իտալիայում եւ Ֆրանսիայում։ Ի դեպ, չգիտենք, թե ինչ է Ալեքսանյանը տանելու Ֆրանսիա, բայց նկատել ենք, որ որակյալ գուլպաներն անհետանում են Երեւանի խանութներից, եւ դրանց փոխարեն սկսել են վաճառվել վատորակ տեղական արտադրանք։ Կառավարությունը գերակա ոլորտ է ճանաչել տեքստիլի արտադրությունը եւ 2018-2019 թվականներին արտոնություններ տվել «Սաթենկար», «Տավուշ տեքստիլ», «Հելլո», «Լենտեքս», «Մելանտե» ընկերություններին։ Բայց Սամվել Ալեքսանյանի ստացած արտոնությունը գումարային արժեքով ամենամեծն է։ Մարտին ընկերությունն ազատվել է նաեւ 35 մլն դրամ մաքսատուրքից, ի թիվս այլ տեքստիլ արտադրողների։
«Ալեքս տեքստիլին» տրված արտոնությունը խոսակցությունների թեմա է նրա մրցակիցների շրջանում, թեեւ նրանք ընդունում են, որ իրենց էլ է պետությունն աջակցություն ցուցաբերում, բայց 1 մլրդ դրամը մինչ օրս անգերազանցելի «նվեր» են համարում, որի հետ իրենց արտոնություններն անհամեմատելի են։ Բացի այդ, տեքստիլ արտադրողների շրջանում կարծիք կա, որ եթե մարդը 14 մլրդ ներդրում է անում, պետության 1 մլրդ-ից ազատվելը նրան էապես չի օգնի։

«Մելանտե» ապրանքանիշը ներկայացնող «Սաթենկար» ՍՊԸ-ում, որը մարտին ազատվել է հումքի ներմուծման մաքսատուրքից, գտնում են, որ մեծին ու փոքրին առանց տարբերակելու արտոնություն տալը նշանակում է նրանց նույն հարթության վրա դնել։ «Դա, իմ կարծիքով, սխալ է։ Այդ արտոնությունը, գուցե, նրան պետք էլ չէր, բայց մեզ նման բիզնեսին դա շատ էական աջակցություն է,- ասում է «Մելանտեի» մենեջերը,- մենք նույն ձեւով հարկվում ենք, աշխատում ենք նույն դաշտում, երկուսս էլ արտոնություն ենք ստանում, ըստ շրջանառության։ Իրականում խոշորն ավելի մեծ չափով է ստանում, քան միջին եւ մանր բիզնեսը։ Էս ձեւով մեր նման պետությունը չի կարող զարգանալ։ Փոքր պետությունը զարգանում է հենց փոքր ու միջին բիզնեսի վրա հենվելով, իսկ խոշորն աճելու տեղ էլ չունի։ Մեզ նույն հարթության վրա դիտարկելը տրամաբանական չէ։ Միջազգային փորձն էլ՝ բազմաթիվ զարգացած երկրների, ցույց է տալիս, որ այդ երկրներում մանր ու միջին բիզնեսին են զարկ տալիս, դրա համար նրանք ավելի մեծ տեմպով են զարգանում»։
Այսպիսով, խոշորին տրվող արտոնությունները չեն բարելավում մրցակցային մթնոլորտը։

Հակառակը՝ զրկում են փոքրերին աճելու հնարավորությունից, պայմաններ են ստեղծում, որ դրանք, ի վերջո, կուլ գնան։ 2018-ին կառավարությունը 2 անգամ արտոնություն է տվել «Լենտեքս» ՍՊԸ-ին, որը Գյումրիի հնագույն արտադրություններից է, խոշոր հարկատուների ցանկում, 2 տարով ազատել են ԱԱՀ-ի վճարումից, իսկ հունիսին ազատել են նաեւ 687 մլն դրամի ապրանքների մաքսատուրքի վճարումից։ «Մենք թել ենք ներմուծում Հայաստան,  հայտ ենք ներկայացրել էկոնոմիկայի նախարարություն, ազատվել ենք մաքսատուրքից, բայց դրա դիմաց այնքան ավել բաներ են պահանջում, որ պետք է կարողանաս ապահովել՝ այսինչ քանակի աշխատատեղեր, այսքան վաճառք։ «Ալեքս տեքստիլ»-ին, հավանաբար, տրվել է այդ արտոնությունը, այդքան մեծ ծավալի, որովհետեւ մինչ այդ, հավանաբար, ունեցել են չգրանցված աշխատողներ ու այդ արտոնությունը տալուց ցույց են տվել, որ այսքան աշխատող են ընդունելու։ Իրականում նրանք ունեին այդ աշխատողներն իրենց մոտ։ Իսկ մենք ցույց ենք տվել արդեն իսկ ունեցած աշխատատեղերը, եւ այն շրջանառությունը, որ մենք ցույց էինք տալիս, իրական էր»,- ասում է «Լենտեքս» ընկերության մենեջեր Անուշ Հայկյանը։ Նա գտնում է, որ 1 մլրդ մաքսատուրքից ազատումն էական արտոնություն է։
«Ալեքս տեքստիլի» բիզնես-հետաքրքրություններն ու ծավալները տարեցտարի աճում են, բայց կան պարտավորություններ, որոնք օլիգարխի ընտանիքը չի կատարել։ Օրինակ, Արթիկում ահռելի տարածք սեփականաշնորհվեց, մարդկանց խոստացան գործարան բացել,  աշխատատեղեր ստեղծել, դպրոցի շենքը վերցրին, բայց ծրագրերը մնացին թղթի վրա։