Այդ քաղաքը հետագայում իր ածական անունն էլ կունենա, ասենք՝ դիզաբիլիթի լենդ

Այդ քաղաքը հետագայում իր ածական անունն էլ կունենա, ասենք՝ դիզաբիլիթի լենդ

«Դեմ եմ մեկուսացմանը» սոցիալական նախաձեռնությունը ՀՀ կառավարությունից  պահանջում է վերանայել  «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման համար հողատարածքի հատկացման որոշումը: Համաձայն այդ նախագծի՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն Արարատի մարզի Շահումյան եւ Տափերական համայնքներում իրեն անհատույց տրամադրած հողատարածքներում նախատեսում է կառուցել «Երեխաների քաղաք», ուր օթեւան կգտնեն հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա եւ երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառու կարող է լինել մոտ 8 հազարը՝ Հայաստանի այլ մարզերից  եւ մայրաքաղաքից:

«Դեմ եմ մեկուսացմանը» նախաձեռնությանը միացել է ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող 17 հասարակական կազմակերպություն, որոնց բոլորի պահանջն է՝ չեղարկել այս նախագծի համար հողահատկացման  որոշումը։ 

«Մենք կարող ենք» ՀԿ նախագահ, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող Արմինե Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այս հարցի իրավական կողմին՝ մեջբերելով ՄԱԿ-ի կոնվենցիան հաշմանդամություն ունեցող անձնաց մասին, որտեղ հստակ նշվում է, որ անդամ պետությունները պարտավորվում են ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց հիմնարար ազատություններից օգտվելու իրավունքը՝ բոլոր երեխաների հետ հավասար․ «Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ ստեղծում ենք երեխաների քաղաք։ Դժվար էր 21-րդ դարում պատկերացնել նման որոշում։ Ինքս, լինելով հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող, ուղղակի մեծ ցավ ապրեցի ու կոտրվեցի, երբ այդ որոշման մասին լսեցի, փաստորեն, այս որոշման պատճառով իմ ամբողջ կյանքը, 20 տարիների գործունեությունը հավասարվում է զրոյի։ Ի՞նչն է խանգարում այդ գումարներն ուղղել այն ընտանիքներին, երեխաներին, ովքեր ունեն դրանց կարիքը եւ զարգանան իրենց համայնքում։ Ինչո՞ւ այդ նախագծերը չեն արվում հենց այն համայնքներում, որտեղ ապրում են սոցիալապես անապահով մարդիկ եւ հաշմանդամություն ունեցող երեխաներ»։ 

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Արեւ Մելքոնյանն էլ նշեց, որ Հայաստանը ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 2010-ին եւ այդ կոնվենցիայով պարտավորվում է՝ բոլոր դրույթներին համապատասխան, ստեղծել հարմարեցված ու մատչելի երկիր հաշմանդամություն ունեցողների համար։ «Կոնվենցիայի 19-րդ հոդվածում պետությունը պարտավորվում է համայնքը ստեղծել եւ հարմարեցնել հաշմանդամություն ունեցող երիտասարդի համար այնպիսին, ինչպիսին հարմար կլինի իրեն՝ համայնքում լիարժեք իրացվելու համար։ Իսկ ՀՀ-ն, փոխանակ ստեղծի նման պայմաններ, որպեսզի հաջորդ տարվա զեկույցում ցույց տանք, որ մենք դեպի ներառական երկիր գնալու ճանապարհին ենք, մենք ստեղծում ենք ոչ թե հատուկ դպրոց կամ խնամքի կենտրոն, այլ մեկուսացված քաղաք՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որտեղ մարդիկ կմեկուսացվեն հասարակությունից, եւ ներառականության գաղափարը հօդս կցնդի»։

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանն էլ նշեց, որ ներկայացնում է ողջ Լոռու մարզի ձայնը, եւ այս նախագծով մի քանի քայլ հետ ենք գնալու․ «Այնքան էներգիա ենք ծախսել, որպեսզի ապահովենք ներառականություն, բայց հիմա ստեղծում ենք առանձին քաղաք։ Ես ամաչում եմ, որ մենք կունենանք այսպիսի քաղաք, իսկ եթե ինչ-որ բան չի բավարարում, եկեք դա բարելավենք, բուժենք»։ Ըստ նրա՝ առանձին քաղաքի ստեղծումը կտանի դեպի պիտակավորում, իսկ այդ կարծրատիպը վերացնելը հարյուրավոր տարիներ է պահանջելու․ «Կարծրատիպը միտք ու վերաբերմունք է ձեւավորում։ Այդ քաղաքը հետագայում, հաստատ, իր ածական անունն էլ կունենա, ասենք՝ դիզաբիլիթի լենդ։ Մենք պահանջում ենք, որ կառավարությունը հետ վերցնի այդ խայտառակ նախագիծը եւ հողահատկացում չկատարի»։

Հատկանշական է, որ նախագիծը ոլորտի մասնագետների հետ համաձայնեցված չէ եւ չի անցել որեւէ քննարկում։  

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանն իր խոսքում նշեց, որ ոչ միայն ՀԿ-ներն են դժգոհ այս ծրագրից, այլ նաեւ ՄԻՊ-ը, որն անցած շաբաթ հանդես եկավ հայտարարությամբ։ «Մեր դիրքորոշումը միանշանակ է, որ ծրագիրն այս տեսքով իրականացնելը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց եւ սոցիալապես անապահով խմբերի առավել մեկուսացմանը, խարանի ձեւավորմանը․ այն ամբողջությամբ հակասում է երեխայի լավագույն շահին։ Այս ծրագրի հիմքը եղել է նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի «Երեխայակենտրոն քաղաքներ» ծրագիրը, սակայն այդ ծրագիրը չի նախատեսում մեկուսացված բնակավայրերի կառուցում։ Ծրագիրն արդեն երկար ժամանակ իրականացվում է ամբողջ աշխարհում, կան բազմաթիվ երկրների դրական փորձեր, ամեն տեղում նշվում է իր բնակության վայրում, համայնքում երեխայակենտրոն քաղաք կառուցելու կարեւորությունը, եւ դա որեւէ կերպ չի նախատեսում մեկուսացված, առանձին քաղաքի կառուցում։ Սա որեւէ կերպ չի նպաստելու նաեւ ներառական կրթության զարգացմանը, եթե անգամ հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախեն նույնիսկ ամենալավ պայմաններն ունեցող, հարմարեցված դպրոց, որովհետեւ իրենք չեն շփվելու մնացած երեխաների հետ, որն էլի նպաստելու է մեկուսացմանը։ Պետք է նշեմ, որ Սոցապնախարարն էլ է իր մտահոգությունը հայտնել այդ նախագծի կապակցությամբ»,- ասաց նա ու հավելեց, որ հետամուտ են լինելու, որ ծրագիրն այս տեսքով չիրականացվի։ Իսկ ծրագիրը ստացել է կառավարության հավանությունը, քանի որ դիտարկվել է որպես բարեգործական ծրագիր եւ ո՛չ մարդու իրավունքների տեսանկյունից, այդ պատճառով ծրագիրը նույնիսկ չի ուղարկվել ՄԻՊ-ին կամ նախարարություն՝ կարծիք լսելու, ահա թե ինչու ոչ ոք չի իմացել ծրագրի մասին։ 

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանն ասաց, որ միջազգային գործընկերները զարմացած են այս նախագծից եւ կապվել են «Կարիտասի» եվրոպական գրասենյակի հետ, փորձել  հասկանալ՝ ֆինանսավորման աղբյուրը որտեղի՞ց է, բայց դեռեւս հայտնի չէ։ «Այդ ամբողջ ինֆորմացիան գտնվում է մեկ մարդու մոտ, ով Հայաստանում չէ եւ կլինի այստեղ սեպտեմբերի կեսերից հետո»,- ասաց նա ու նկատեց, որ նման քաղաք-մոդելներ ստեղծվել են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, որոնք այլեւս չկան․ «Հիմա պատկերացրեք, թե այս նախագծով քանի տարի հետ ենք գնալու»։ 

Քննարկման մասնակից Արտակ Դավթյանն ասում է, որ նման որոշում պետք է չլիներ, որովհետեւ որոշման մեջ կա մեկուսացման վտանգ։ «Նաեւ որպես իմ՝ հաշմանդամություն ունեցող մարդու աշխատանքի զրոյացում, որովհետեւ երբ ես առաջին անգամ գնացի դպրոց, իմ դպրոցը հարմարեցված չէր, երբ ավարտում էի այն, 60-70 տոկոսով արդեն մատչելի էր, որովհետեւ ես ներկա էի այնտեղ։ Հաշմանդամությունը թունավոր կամ վնասակար չէ, այն մարդու իրավունք է, մեր անձի մասն է, եւ ոչ մեկս ապահովագրված չենք հաշմանդամությունից»,- ասում է Արտակը, ով առաջիկայում պետք է մեկնի ԼՂՀ՝ դիտորդություն անելու ՏԻՄ ընտրություններում։

«Մենք կարող ենք» ՀԿ ներկայացուցիչ Գոռ Ասատրյանի կարծիքով՝ սա շատ զարմանալի նախագիծ է, երբ գնում ենք համընդհանուր ներառման։ Ասում է՝ դատելով հասարակության արձագանքից, այն այդքան էլ դրական արձագանք չգտավ, թեպետ առաջին հայացքից դրական քայլ է թվում․ «Բայց խորանալով հասկանում ես, որ մեծ խտրականություն է իր մեջ պարունակում, ինչն անթույլատրելի է»։