Իջեւանից «չերեզ Եվրոպա»՝ դեպի Թուրքիա

Իջեւանից «չերեզ Եվրոպա»՝ դեպի Թուրքիա

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն էլի ասուլիս տվեց, ու էլի ասաց` տալու է...Ալիեւն ուզում է, ինքն էլ տալու է...Այս անգամ` Տավուշից չորս գյուղ: Մի ճղճղված քարտեզ ցույց տվեց, ու ասաց` սա է լինելու Հայաստանը: Վատ երազում անգամ նման բան չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանի ղեկավարը հլու հնազանդ կատարի Ադրբեջանի ղեկավարի բոլոր ցանկությունները: Բայց, արի ու տես, որ այդ մղձավանջն արդեն իրականություն է դարձնում իջեւանցի Նիկոլը: Այս անգամ խոսքը նրա կողմից ատելի Արցախի մասին չէ, Արցախը տվել- պրծել է, այլ իր հարազատ ծննդավայրի` Տավուշի:

Այդ անկլավ կոչված գյուղերը, պատմական Հայաստանի տարածքում են, անգամ Սովետական Հայաստանի շրջանում են մերը եղել, 70-ականներին ՍՍՀՄ ղեկավարությունը դա կցել է Ադրբեջանին, դրանք պարզապես եղել են ադրբեջանաբնակ գյուղեր: Եվ այդ գյուղերը թշնամուն տալով մենք վտանգի տակ ենք դնում Տավուշի մյուս գյուղերը, անանցանելի դարձնում դրանց ճանապարհնեորը, քանի որ որոշ գյուղեր հասնելու համար պետք է անցնենք ադրբեջանական անցակետերով, ադրբեջանական դարձած ճանապարհներով: Իսկ թե դա ինչ վտանգերով է լի, գիտենք Հաքարիի կամրջից... Բայց, ծնունդով տավուշեցի Նիկոլի համար դա խնդիր չէ, դե մի քանի գյուղ էս կողմ, մի քանի գյուղ` էն կողմ... 

Թվում էր, թե այս ասուլիսից հետո Տավուշում մեծ բողոքի ալիք կբարձրանա, ոտքի կկանգնեն թեկուզ տավուշեցի ԵԿՄ-ականները: Բայց, ինչպես գիտենք, Փաշինյանն իր բոլոր քայլերից առաջ իրեն ապահովագրում է. Տավուշում էլ ԵԿՄ-ն դարձրել է իր ու Սասուն Միքայլեյանի ձեռքի գործիքը: Տավուշի ԵԿՄ-ում հիմա հիմնականում մարդիկ են, ովքեր արցախյան պատերազմների հետ առանձնապես կապ չեն ունեցել, ինչպես նաեւ` սահմանամերձ Տավուշի պաշտպանությանը: Այստեղ մարդիկ են, ովքեր չունեն ընդգծված հայրենասիրական գաղափարներ ու մղումներ` ոնց ասեն, այնպես էլ կանեն: Փաշինյանը նախապես իրավական գործընթացներ սկսեց նաեւ Տավուշի ականավոր զինվորականների` Գրիգորի Խաչատուրովի, գեներալ Անդրանիկ Մակարյանի նկատմամբ: Դեռ նոր իշխանության եկած Փաշինյանը գիտեր, թե հետո ինչ աղետ է բերելու Հայաստանի գլխին, ուստի իր իշխանությանը սպառնացող բոլոր վտանգները չեզոքացրեց ժամանակին:

Փաշինյանը ոչ մի սրտացավություն չունի ոչ իր մեծ հայրենիքի, ոչ իր ծննդավայրի, ոչ էլ նրա բնակիչների նկատմամբ: Հիշենք, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունքի արժանացան իջեւանցիները, երբ նոր իշխանության եկած Նիկոլը որոշեց «արգելել ծառահատումները»: Թե ինչ եղան իջեւանյան ծառերի ու իջեւանցիների հետ գիտենք` կատաղած Փաշինյանը ուզում էր Իջեւանում տեսնել իջեւանցիների արյան գետեր...

Տավուշում Փաշինյանի վարկանիշը ցածր է, անգամ նրան հավատացողները սկսել են անիծել իրենք իրենց` վերջինիս ձայն տալու համար: Այնուամենայնիվ, Իջեւանում ու նրա հարակից գյուղեում դեռեւս կա մի փոքրաթիվ խումբ. դա նրա հարազատների, ընկերների, մերձավորների շրջանակն է, որոնք տարբեր եկամտաբեր պաշտոններ են ստացել, իշխանական արտոնությունների համը տեսել եւ պատրաստ են համակերպվել Տավուշի մի մասը թուրքին հանձնելու հետ, միայն թե իրենք մարզպետ ու քաղաքապետ, ոստիկանապետ ու մաքսայինի ղեկավար մնա: Կորցնելով Նիկոլ վարչապետին, նրանք կկորցնեն իրենց բարեկեցությունը: 

Փաշինյանը տալու է ամեն ինչ, անելու է ամեն ինչ` մեր թշնամու կամքը բավարարելու համար: Նա Հայաստանը խոշոր քայլերով տանում է թրքացման: Բայց դա ուղղակի չի անում, այլ` Հայաստանը Թուրքիա է տանում «չերեզ» Եվրոպա, որ մարդիկ չհասկանան, թե ուր է տանում: Որ ճանապարհին հետքը կորցնի...