Հոգեւոր ու քրիստոնյա Հայաստանն այսօր դարձել է ոստիկանական Հայաստան

Հոգեւոր ու քրիստոնյա Հայաստանն այսօր դարձել է ոստիկանական Հայաստան

Հարցազրույց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ

- Տեր Հովհաննես, օրեր առաջ հրաժարվեցիք խոսել՝ նշելով, որ կխոսեք միայն 96 ժամ հետո, երբ լրանա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից տրված 4 օրը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ լռությունը, ի՞նչ հույսեր ունեիք։

- Պայմանավորված էր նրանով, որ մեր ժողովուրդը գոնե այս անգամ ուշքի կգա եւ սթափ կմտածի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Ես դրա համար լուռ հետեւում էի, սակայն մեր ժողովուրդը, լինելով նյութապաշտ, նյութն ավելի բարձր է գնահատում, քան թե Աստծո ներկայությունը: Ցավալի է, որ մեր ժողովուրդը, այս անգամ էլ իրական թշնամուն թողած, ներսում է թշնամի որոնում, եւ դրա համար հունիսի 12-ին տեղի ունեցավ արյունահեղություն հենց Երեւանի կենտրոնում, հայը հայի վրա ձեռք բարձրացրեց ԱԺ-ի դիմաց: Ավելին՝ 2018-ից եկեղեցին եւ պետությունը կարծես իրարից տարանջատված են, բայց մինչ այդ միշտ եղել են իրար հետ, կողք-կողքի: Ու բոլոր նախագահները, վարչապետները, նախարարները Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոները միասին տոնում էին: Այսօր այդպիսի բան գոյություն չունի: Դեռ ավելին ասեմ՝ այս իշխանությունը 2018-ին առաջինը հարձակվեց հենց եկեղեցու ու նրա առաջնորդի վրա: Եթե հիշում եք, 3 օր Վեհափառ հայրապետը չէր կարողանում մտնել իր գրասենյակը՝ Մայր Աթոռ, ու ժողովուրդը լուռ հետեւում էր դրան եւ ինչ-որ տեղ ուրախանում: Մինչդեռ, եթե մենք կոչվում ենք հայ քրիստոնյա, ապա պետք է եկեղեցուն սատարենք, նեցուկ կանգնենք, ոչ թե լուռ հետեւենք, թե ինչպես են քարկոծում այն մարդիկ, աղանդավորները, որ շատացել են Հայաստանում: Մենք հայ ենք, բայց քրիստոնյա չենք եւ Հայ առաքելական եկեղեցու զավակ չենք, եթե լինեինք, ապա այդպես չէինք վերաբերվի մեր եկեղեցուն: Թող նայեն մեր թշնամիներին, թե ինչպես են նրանք սատարում իրենց եկեղեցուն ու եկեղեցականներին: Աշխարհում նման բան չկա, ինչը մենք ենք անում:

- Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում նախօրեին հայտարարեց, որ կաթողիկոսի եւ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա, որին ոստիկանները պատասխանել են համարժեք, գործել են որպես պրոֆեսիոնալներ, քանի որ պաշտպանել են ՀՀ պետականությունը: Այլ կերպ ասած՝ կատարվածի պատասխանատվությունն իշխանությունը դնում է եկեղեցու ուսերին:

- Առաջին օրվանից Նիկոլն ու իրեն սատարողները հարձակվել են եկեղեցու վրա եւ մինչ այսօր հարձակման մեջ են, ու երբեւիցե իրենք իրենց մեղքը չեն խոստովանել: Ես դեռ 2018-ից ասել եմ, որ այս իշխանությունը եկել է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար, ու նաեւ ասել եմ, որ ինչքան շուտ ազատվենք նիկոլիզմից, այնքան Հայաստանի փրկությունը շուտ կլինի: Այսօրվա իշխանության համար բոլորը մեղավոր են՝ եկեղեցին, եկեղեցականները, հայ ժողովուրդը, սփյուռքը, Ռուսաստանը եւ այլն, բացի իրենցից, իրենք փրկիչներ են, բայց ո՞ւմ՝ իրենք իրենց փրկում են ժողովրդից: Ու երբ մենք ասում ենք՝ հոգեւոր ու քրիստոնյա Հայաստան, այդքան էլ այդպես չէ, Հայաստանն այսօր դարձել է ոստիկանական Հայաստան: Այսօր ամբողջ աշխարհում ոչ մի երկիր իր կրոնին, դավանանքին չի քարկոծում, իսկ մենք եկեղեցուն եւ եկեղեցականներին դեմ ենք։ Ամոթ է, որ ունենք այսպիսի զավակներ, որոնք ձեռք են բարձրացնում հարազատ ժողովրդի վրա: Հայաստանը եղել է Արցախի երաշխավորը եւ հենասյունը, այնպես չէ՞, բայց Նիկոլը, լինելով Հայաստանի առաջնորդը, Արցախը սկուտեղի վրա հանձնեց Ադրբեջանին, եւ դա փաստ է:

- Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից եւս մի հայտարարություն է արել՝ նշելով, թե դեռ 2018-ին պետք է ասեր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ու դա իր ձախողումն է, որ չի ասել:

- Դե, ուրեմն, իրեն պետք է դատեն եւ պատժեն ամենայն խստությամբ, որ ինքը տեսել ու չի ասել եւ մեր ժողովրդին տարել է կործանման, այդքան զոհ է տվել, տարածքներ է զիջել, բայց դա չի ասել:

- Այս ընթացքում ոստիկանները թե՛ Բագրատ սրբազանին, թե՛ Վեհափառին քաշքշեցին՝ փորձելով արգելել Վեհափառի մուտքը Սարդարապատ, իսկ սրբազանին էլ քամահրանքով կոչ արեցին խաչը հանել, քանի որ այլեւս սրբազան չէ: Երբեւէ նման վերաբերմունք նախկին իշխանությունների օրոք եղե՞լ է հոգեւոր դասի եւ անձամբ Վեհափառի հանդեպ։

- Ոչ եւ ոչ, ավելին` մի հատ փորփրեք եւ տեսեք, թե ովքեր են այն անաստվածները, որ Վեհափառին դեմ են, հոգեւորականությանը դեմ են, ասում են` խաչը հանեք, թող մեկը գա, կանգնի իմ առաջ ու ասի` տեր հայր, խաչդ հանի, քանի որ երկրին, հայրենիքին օգտակար չես եղել.... Նիկոլն իրավունք չուներ Արցախն Ադրբեջանին հանձնելու, չէ՞ որ Արցախի ժողովուրդը քեզ չի ընտրել, Նիկոլ, իսկ եթե Արցախի ժողովուրդը քեզ չի ընտրել, ապա ո՞վ է քեզ թույլ տվել Արցախի ժողովրդի անունից ասել, որ Արցախն Ադրբեջան է, ո՞վ է դրա իրավունքը տվել...

- Հիմա էլ ասում է, որ արցախցիները վաճառվել են ու 5 հազար դրամով գալիս են ցույցերի․․․

- Քանի որ ինքը փողով ոստիկանություն է պահում, կարծում է, թե արցախցիներն էլ այդ փողին գերի են, ինքը հայ քրիստոնյա կոչվելու իրավունք չունի, ես էլ դա եմ իրեն ասում` դու հայ չես, այ Նիկոլիկ, ինչպես ասել եմ 2018-ին։ Ինձնից հարցրե՞լ էիր, որ պատմական Դադիվանքը մի ստորագրությամբ տվեցիր քո բարեկամներին, Աստված քեզ դատավոր, եւ այդ դատն արդեն դռանդ մոտ է: 

- Այս օրերին շատերն են նկատում, որ իշխանությունը չի վարանի եւ կարող է քաղաքացիական պատերազմ հրահրել։ Ինչպե՞ս կարելի է խուսափել այս իրավիճակից եւ խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այս ընթացքը:

- Եթե սրբազան հայրը չլիներ այսօրվա առաջնորդը, դուք չեք պատկերացնի, թե ինչ վիճակ կլիներ Հայաստանում: Այսօր սրբազան հայրն առաջնորդում է, որպեսզի խաղաղությամբ այս հարցը լուծեն, եւ իրենք վայր դնեն իրենց մանդատները, թողնեն հեռանան Հայաստան աշխարհից։ Իմ հայ ժողովուրդն այսքան բարոյալքված չի եղել իր ողջ պատմության ընթացքում, ինչպես այսօր նիկոլիզմի դավաճանության պատճառով.... Գիտե՞ք, ես կեսմարդ եմ դարձել այսօր, բայց անգամ այս վիճակով վերադառնալու եմ իմ Արցախ` իմ դրախտավայրը, ծննդավայրը: Ի վերջո, ամեն ինչ ընկնելու է իր տեղը, բայց, նախեւառաջ, մենք ազգովի պետք է ապաշխարենք, պետք է գնանք Սուրբ Էջմիածին, ծնկի գանք, ապաշխարենք, մեղքերի թողություն ստանանք եւ այն ժամանակ կտեսնենք, որ ամեն ինչ կփոխվի: Այսօր մեր թշնամին սատարում է այսօրվա մեր իշխանությանը, ուրեմն պարզ չէ՞, որ մեր իշխանությունը ճիշտ ուղու վրա չէ, եւ ով սատարում է նրան, նա էլ է դավաճան: Վերջում ուզում եմ ասել, որ ոստիկանները մեր զավակներն են, մեր մոլորված տղաներն են, որոնք մոլորության մեջ են: Ես այն ոստիկանին կհամարեմ իսկական տղամարդ եւ հայ քրիստոնյա, ով իր բաճկոնը, սաղավարտը կհանի եւ կմիանա ժողովրդին, իսկ ժողովուրդը խաղաղ ցույց է կազմակերպել, այդ խաղաղությունը պետք է լինի միշտ, առանց արյունահեղության, իսկ ով արյուն է թափում, նա հայ քրիստոնյա չէ: Հայ ժողովուրդ, ոտքի կանգնեք, որպեսզի կերտենք մեր հզոր Հայաստանը, այսօր աշխարհով մեկ հայ մարդը գլուխը կախ է ման գալիս, որովհետեւ ունի նման առաջնորդ եւ մեծ պարտություն, բայց հայ ժողովուրդն անգամ երբ պարտվել է, քաջաբար է պարտվել, մինչդեռ այսօր մենք թշնամու ոտքերն ընկած՝ խնդրում, աղերսում ենք խաղաղություն։ Երջանկահիշատակ Խրիմյան հայրիկն է դեռ ասել` ունեցեք երկաթե շերեփ, ոչ թե թղթե, իսկ մեր իշխանությունը, թուղթը վերցրած, աշխարհով մեկ խնդրում-աղերսում է խաղաղություն ստորագրել: Ելքը մեկն է` պետք է հզորանանք եւ դռնեդուռ չընկնենք, մեր ժողովուրդը հզոր է ու քաջ, մեզ միայն լավ առաջնորդ է պետք, ինչպես որ պետք չէ պարտված ու դավաճան առաջնորդը: