Սահմանին ընդդիմադիրների ներկայությունը ցանկալի չէ

Սահմանին ընդդիմադիրների ներկայությունը ցանկալի չէ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության անդամները շաբաթ օրը մեկնել են Տավուշի մարզ՝ սահմանամերձ համայնքներ։ Բայց այցը հարթ չի անցել։ Իշխանությունները, որ պատերազմական այս օրերին բոլորին հորդորում են միասնականություն դրսեւորել, իրենք են զբաղված պառակտիչ գործողություններով։ Այդ մասին իր էջում ակնարկել էր կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը․ «Սահմանամերձ մարզում մարզային իշխանիկը քեզ խնդրում է, համոզում, որ ռազմական գործողություններից տուժած բնակավայր չգնաս, քանի որ ադրբեջանական բանակը թիրախավորում է քաղաքացիական անձանց, ու դեմքի կեղծված լուրջ արտահայտությամբ քեզ համոզում է, թե թշնամին տեսնելով մեքենադ՝ դրոններ կբարձրացնի երկինք, որ վնասի ու կվնասի բնակչությանը...»։ 

Ինչպես հայտնի է, վերջին օրերին, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ պայմանավորված, սահմանամերձ գյուղեր տանող ճանապարհին անցակետ է դրվել, որպեսզի վերահսկվի մարդկանց տեղաշարժը։ Սակայն այն, փաստորեն, ծառայում է հիմնականում քաղաքական ընդդիմության եւ լրագրողների տեղաշարժը սահմանափակելուն։ Շաբաթ օրը, երբ «Հայրենիք» կուսակցության աշխատանքային խումբը մեկնել է Տավուշ, մարզպետ Հայկ Չոբանյանը, տեղեկանալով, որ կուսակցականներն արդեն  սահմանային անցակետում են, նախաձեռնել է հանդիպում եւ կուսակցության վարչության անդամներ Արսեն Բաբայանին ու Խաչիկ Գալստյանին փորձել համոզել՝ հրաժարվել այդ մտքից։ Սա՝ այն պարագայում, երբ վերջին օրերին իշխանական պատգամավորների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների, հիմնականում՝ բանակում չծառայած դասալիքների, մի ստվար խումբ է մեկնել Տավուշ, եւ սահմանամերձ համայնքներից սելֆիների մարաթոն է կազմակերպվել։ Սահմանին ինքնահաստատվելը մեզանում նոր երեւույթ չէ։

 «Հայրենիքի» խումբը չի հրաժարվել սահմանամերձ գյուղեր մեկնելու մտքից եւ այցելությունը կազմակերպվել է զինվորականների ուղեկցությամբ։ «Հանդիպեցինք Սրբազանին, մարզպետի խնդրանքով հանդիպեցինք իր հետ, տեղում ուսումնասիրեցինք մարդկանց կրած վնասները, շփվեցինք բնակիչների հետ, մեզ համար մատնանշեցինք այն ուղղությունները, որոնցով պետք է աշխատանքներ կատարենք, որպեսզի հնարավորինս մեղմենք բնակչության վնասները»,- այցի մասին մեզ պատմեց Արսեն Բաբայանը։ Մենք տեղեկացանք նաեւ, որ կուսակցությունը՝ ի դեմս ղեկավարի, մոտ 5 հազար հնամաշ անվադողեր է գնել, որոնք մի քանի օր է՝ ուղարկում են զորամասեր՝ սահմանի պաշտպանության համար օգտագործելու նպատակով։