«Team Europe»-ն ինչ աչքով է նայում Վրաստանին, ինչ՝ Հայաստանին

«Team Europe»-ն ինչ աչքով է նայում Վրաստանին, ինչ՝ Հայաստանին

Արպրիլի 22-ին Վրաստանում ԵՄ դեսպանը տեղեկացրել էր, որ, կորոնավիրուսի հասցրած վնասը հաղթահարելու համար, Եվրահանձնաժողովը հանդես է եկել Վրաստանին 150 միլիոն եվրո քանակությամբ մակրոֆինանսական օգնության փաթեթ հատկացնելու նախաձեռնությամբ: «Պարոն վարչապետ, այսօր, երբ Եվրամիությունը ևս զգում է կորոնավիրուսի համավարակի վնասները, մարտահրավերները հաղթահարելու համար դիմում է միջոցների ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս, գլխավոր գործընկերների հետ համակարգված արձագանքման միջոցով: Այս պահին, պարտադիր է դրսևորել համերաշխություն: Հենց այս ոգեշնչմամբ գործողություն է հաշվի առնում Եվրոպայի թիմի, «Team Europe»-ի մոտեցումը, որը միավորում է Եվրամիությունը, անդամ պետությունները և նրանց ֆինանսական ինստիտուտները:Եվրոպայի թիմը Վրաստանի առողջապահության ոլորտին կօգնի և կնպաստի, ինչպես կարճաժամկետ ֆինանսական կարիքների, այնպես էլ՝ հասարակության և տնտեսական առավել երկարաժամկետ, կառուցվածքային արդյունքների ապահովմանը»։
Այս փաթեթով, ինչպես տեղեկացրել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին Նախագահ Արմեն Աշոտյանը, Հայաստանին տրամադրվել է 0 եվրո։ Բայց պարզվում է՝ Հայաստանը չի ուզել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական, նախկինում՝ էկոնոմիկայի փոխնախարար Մանե Ադամյանը Արմեն Աշոտյանին պատասխանել էր, որ մեզ էլ են առաջարկել, մենք չենք ուզում։

Բայց ամենից տարօրինակն այն է, որ այս գումարները «չուզող» Հայաստանը ԱՄՀ-ից 175 միլիոն դոլարի վարկ է վերցնում։ Սա այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, որ եվրոպական վարկերը մշտապես շատ ավելի արտոնյալ են եղել ու կան, քան միջզագային իստիտուտների վարկերը։ Բնականաբար, սա ավելի լավ գիտեն կառավարությունում։ Ուստի հարց՝ այդ եվրոպական այս մեծ փաթեթից չօգտվելը սովորական անփութությու՞ն, թե քաղաքական որոշում է։ Հարցն ուղղեցինք քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանին, ով ասաց, որ ոչ, այդպես չէ։

«Հարցում շարադրված պարամետրերի հետ ես համամիտ չեմ։ Նախ, Եվրամիությունը 100 միլիոն Հայաստանին հատկացրել է, մեկ, երկրորդ, այդ փաթեթը, որը հատկացնում է Վրաստանին, ապա այսօր Հայաստանը պայմանավորվածություն ունի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը գրեթե զրոյական տոկոով վարկեր է տալիս, որն էլ, ըստ վերջին հայտարարությունների, մինչև կես միլիարդ դոլարի հասնելու է։ Եթե դրանից ավելի հայկական կողմին անհրաժեշտ լինի, կդիմի Եվրամիությանը, որևէ խնդիր չէ։ Այսինքն՝ այնպես չէ, որ նրանցը նրանցից ավելի լավ պայմաններով է, չկա նման բան։ էս թեման, ավելին ասեմ, մտահոգվածներն են սարքել մատի փաթաթան, մոռանալով, որ Եվրամիության հետ հարաբերությունները առաջին փչացնողներն իրենք են եղել։ Ու հիմա ինչ-որ հեքիաթներ են պատմում։ Կամ էլ իրենց խելոքի տեղ են փորձում դնել, ինչն իրենց մոտ լավ չի ստացվում», -ասաց Մեհրաբյանը։

Բայց չէ, որ Մեհրաբյանի հիշատակած Եվրոպական միության 100 միլիոն օգնությունը՝ ապա ավելի կոնկրետ՝ 92 միլիոն եվրոն մինչև կորոնավիրուսն էլ նախատեսված էր Հայաստանի համար, և հիմա պարզապես հոդվածների վերաբաշխում է կատարվել և այդ  «մտահոգների» օրոք բանակցված «հին» փողն ուղղվում է կորոավիրուսի դեմ պայքարին։ Եվ այդտեղ «նոր փողը» կազմում է մի քանի միլիոն եվրո։ Ի պատասխան՝ Մեհրաբյանն ասում է․«Ինչ է նշանակում՝ կորանվիրուսի դեմ․․․ որ դա պետք է միայն ուղղվի կորոնավիրուսի՞ն։ Խոսքը վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված, տնտեսության մեջ ստեղծված հիմնախնդիրների լուծմանը։ Այսինքն, եթե ջրամբար պետք է կառուցեն, դա ևս այդ խնդրի լուծման շրջանակներում է »։