Ապագա չկա ապագա

Ապագա չկա ապագա

Խոսքը սովորական ապագայի կամ ապառնի ժամանակի մասին չէ: Այն միշտ կա մեր կամքից անկախ եւ մեզնից անկախ հանգամանքների բերումով: Մեր խնդիրն այն ապագան է, որ մեզ խոստացել եւ ամեն պատեհ առիթով շարունակում են խոստանալ կապիտուլյանտ Նիկոլը, նրա պարկեշտ աներձագը, բարակ ձայնով էն հաստ բանը, որի անունն է, եթե չեմ սխալվում, Վահագն Ալեքսանյան, ծիծակի պես բարակ էն մյուս բանը՝ անունը Սիսակ, Եղոյան ազգանունով մեկը, որին մինչեւ հինգ անգամ նկատողություն չանեն, ձայնը չի կտրում ու հանգիստ չի նստում տեղը, նախարարի կոստյումի մեջ չտեղավորվող եւ օրումեջ պաշտոն փոխող փոքրիկ Ռոմանոսը… Նրանք շատ էլ չեն, բայց, ինչպես ասում են՝ մի սանրի կտավ են, որոնց հետ որեւէ ապագա ուղղակի չկա:

Քոչարյան Անդոն այնքան հին է, որ նույնիսկ կես ժամ հետո վրա հասնող ապագայի երաշխիք հազիվ թե կարողանա տալ: Բայց Նիկոլից ավելի բարձր է գոռում՝ ապագա կա: Վիգեն Խաչատրյան՝ ինձնից բեթար ավազը թափած բիձա… Ասում է՝ ապագա կա… Քեզ հե՞տ: Պատկերացրեք, որ եթե հայ ժողովրդի 51 տոկոսը Խաչատրյան Վիգենի խելքին լիներ, այսօր ո՛չ Դաշնակցություն կլիներ, ո՛չ հայ ժողովուրդ… Մարդը եղել է ՀՀՇ-ական, հետո՝ լեւոնական, այսօր էլ նիկոլական է: Նրա թե՛ ՀՀՇ-ական, թե՛ ՀԱԿ-ական, թե՛ ՔՊ-ական ելույթները բացառապես վերաբերում են Դաշնակցությանն ու Դաշնակցության որոշ տեղերին, որոնցից արդեն 30 տարի է՝ կախվում է: Եվ ի՞նչ պիտի լինի նրա խոստացած ապագան: Մեկն էլ ունեն՝ ինձնից քաչալ ու ինձնից անգամներ ավելի բութ: Անունը չեմ տա, որ խիղճս չտանջի: Օրերս, ՏԻՄ ընտրությունների առիթով, այսպիսի հզոր միտք էր արծարծել. «Այն տեղերում, որտեղ ՔՊ թեկնածուն պարտվել է, ՔՊ-ն հաղթել է»:

Տիգրան Պետրոսյանի խաղացած երեւի մի 100 պարտիա եմ վերլուծել, որպեսզի հասկանամ, թե ինչ է ուզում ասել: Եվ, ճիշտն ասած, արդեն հուսահատվել էի ու պատրաստվում էի մոռանալ այդ միտքը, բայց մեկ էլ Նիկոլին հիշեցի: Նիկոլը չէ՞ր ասում՝ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչելու: Արա՛ա՛ա՛, բա էս քաչալը հենց դա է ասել՝ ՔՊ-ն պարտվի էլ՝ հաղթած ա… Արի, եղբայր, քեզ իսահակյանախառը մի քառատող նվիրեմ՝ Նոր տարուն Նիկոլի մոտ կարտասանես ու կմնաս պատմության մեջ.  

Ժամանակը իր վախճանին կհասնի,
Եվ արեւը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը առ Նիկոլ չի պակասի
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ...

Լավ, շատ կարեւորեցինք Նիկոլին ու նրա ավազակախումբը: Մի քիչ էլ մեզնից խոսենք ու հասկանանք, թե ինչու ապագա չկա Նիկոլի հետ: Բերաններդ մի բացեք, խնդրում եմ, սա շատ լուրջ թեմա է, որը եթե հենց հիմա վերջնականապես չփակենք, կզրկվենք նաեւ այն ապագայից, որը կա որպես ապառնի ժամանակ, մեր կամքից անկախ եւ մեզնից անկախ հանգամանքների բերումով: Շատ չխառնվեք իրար, բայց Հիտլերի օրինակն եմ բերելու: Եվ այսպես՝ 1945թ․ մայիս, Բեռլին, հաղթական քոչարի, Ստալինը պահանջում է անվերապահ կապիտուլյացիա, իսկ Հիտլերն ու իր կինը՝ Եվա Բրաունը, ինքնասպան են եղել: Հարց՝ Հիտլերը, արդյոք, չէ՞ր կարող հայտարարել, որ ինքը չի կապիտուլացվել, որ ինքը դեռ մի բան էլ հաղթել է, գնար ու դուխով ստորագրեր անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Բայց նա դա չարեց, գերադասեց մեռնել, միայն թե իր ձեռքով չվավերացներ արիացի ժողովրդի համար այդ մեծագույն խայտառակությունը: Մինչեւ ինքնասպան լինելը Հիտլերն ինչ-որ պահի հասկացել էր, որ ինքը Գերմանիայի համար փակել է ներկայի վերջին էջը եւ տեղ չունի իր երկրի ու ժողովրդի ապագայում: Նա կապիտուլյացիայի հասցրեց Գերմանիան, բայց ոտնձգություն չկատարեց գերմանացի ժողովրդի ապագայի հանդեպ:
Իսկ հիմա՝ 2020թ. նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշեր, Շուշին հանձնված է, թուրքը հասել է Գորիս-Կապան-Մեղրի, ռմբակոծում է Վարդենիսը, Շորժան, հայ-հայ է՝ մտնում է Տավուշ:

Արծրունին վերջին անգամ տեսնողներն ասում էին՝ «հաղդելու ենք»: Միքայել Մինասյանը, ողորմի նրա անցավորներին, գրեց. ժողովուրդ, մի քանի ժամից էս կիսախելագարը թուղթ է ստորագրելու… Նույն գիշերը ինչ-որ կազմակերպված հրոսակախմբեր միաժամանակ մտնում են կառավարության շենք, Ազգային ժողով, կառավարության առանձնատների տարածք, ծեծի ենթարկում Արարատ Միրզոյանին, կահույք կոտրում: Իմանալով այդ մասին՝ Էդմոն Մարուքյանը մայկա-տռուսիկով հասնում է ԱԺ, որ եթե բան է, Նիկոլին քցեն, ինքը դառնա վարչապետ: Ոստիկանությունը, ինչպես միշտ, օրենքի կողմն էր բռնել, այն է՝ այնպիսի բան չանել, որ իշխանությունների ծրագիրը տապալվի: Իսկ Նիկոլը բունկերում էր, ու միամիտս կարծում էի, թե որոշել է Հիտլերի պես բունկերում ինքնասպան լինել՝ ստերիլ պայմաններում: Չէ, հա… Նիկոլս մի երկու օրից հարբած լայվ մտավ, թե Հայաստանի հպարտ քաղաքացիներ… Մի խոսքով՝ ինքնասպանության կամ հրաժարականի ոչ մի հետք, փոխարենը՝ 5 հազար զոհ, տասնյակ հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, հարյուր հազարներով անտուն մնացած մարդիկ: Նիկոլը փակել էր Հայաստանի ու մեր ժողովրդի ներկա ժամանակի վերջին էջը եւ հեռանալու ոչ մի մտադրություն չուներ: Մնաց, ու նրա մնալը դարձավ մեր ապագայի գերագույն գլխավոր մարտահրավերը: Նույնը կկատարվեր Գերմանիայի հետ, եթե Հիտլերը մնար: Գերմանացիները մեզնից ինչո՞վ են առավել, որ ոտքի կանգնեցին ու այսօր Եվրոպայում ամենահզոր պետությունն ունեն: Հիտլերին էլ չեն սիրում, որովհետեւ մինչեւ օրս նրա մեղքերն են քավում հրեաների ու հարեւան ազգերի առաջ: Իսկ Նիկոլն ինչո՞վ է առավել Հիտլերից, որ պետք է մնա ու մունդռի ապագան: Հիտլերը, մինչեւ կապիտուլյացիան, ողջ Եվրոպան էր գրավել, մտել էր Փարիզ, հասել Մոսկվայի տակ: Հապա թվարկեք Նիկոլի քաջագործությունները: Բան ունի՞ արած…

Ինձ մարդիկ են մոտենում եւ կիսաձայն փսփսում՝ այդքան խիստ մի դատիր Նիկոլին, նա տերեր ունի, նրան խաղացնում են, իսկ այս ամենն աշխարհաքաղաքական գործընթաց էր, որ գլուխ բերեցին մեծ պետությունները: Ասում եմ՝ շատ լավ, ենթադրենք՝ դուք ճիշտ եք, եւ Նիկոլն ընդամենը խրտվիլակ է: Իսկ ինչո՞ւ չի հեռանում՝ տեսնելով, թե իր դերակատարությամբ ինչպիսի ավերներ են գործվում Հայաստանի դեմ: Վերջապես՝ եթե մարդ էր, ինչո՞ւ համաձայնեց այդ դերակատարումը, չգիտե՞ր, թե ինչ է նախապատրաստվում: Ու էն, որ էշ-էշ գոռում են՝ ապագա կա, ի՞նչ է նշանակում, դեռ չե՞ն ավարտել խամաճիկի իրենց միսիան: Լավ, պե՞տք է մի ձեւով կանգնեցնենք այս դժգույն խամաճիկների ընթացքը, թե՞ պետք է թողնենք, որ հասնեն իրենց վերջին կետին, մինչեւ տիկնիկավարները նրանց նետեն աղբանոց:

Եվ վերջում… Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն… Խնդրում եմ, մի քանի վայրկյանով մի կողմ դրեք ձեր հպարտությունը եւ բացեք ձեր աչքերը: Մենք պետք է մերժենք մեզ պարտադրված այս տրագիկոմեդիան ու այդ ներկայացման մեջ խաղացող բոլոր դերասան-բճերին: Նրանց հետ ապագա չկա, մի փնտրեք ապագա այն մարդու հետ, որ արյունով է փակել ձեր ներկայի վերջին էջը: