Իսկ մեզ երգի թատրոն պե՞տք է, թե՞ ոչ

Իսկ մեզ երգի թատրոն պե՞տք է, թե՞ ոչ

Մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղարիբյանը, այսօր լրագրողների հետ անդրադառնալով մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների լուծարման որոշմանը, նշեց, որ դա որոշում չէ, այլ զուտ կառավարության հանձնարարական՝ կոնկրետ աշխատանք կատարելու։ Նա նեղսրտեց, որ իրենց հանձնարարականը դեռ չավարտած՝ տեղեկանքի արտահոսք է եղել նախարարությունից, որից հետո արհեստական աղմուկ է առաջացել։

Hraparak.am-ի հարցին՝ ի՞նչ սկզբունքով են որոշել կրճատել այդ ՊՈԱԿ-ները, որոնք տարբեր թատրոններ են, տիկին Ղարիբյանն ասաց․ «Հանձնարարականի սկզբունքը հետևյալն է եղել, որ կարող եք համարձակ ձևով ձեր վերլուծությունը կատարել, բայց առաջնորդվել ոչ թե գումարի տնտեսման կամ կրճատումների սկզբունքով, այլ առաջնորդվել պատասխանատվությունների համախմբման և գործունեության արդյունավետության բարձրացման սկզբունքով»։ Այդ դեպքում ինչի՞ց առաջացան այս դժգոհությունները։ Նազենի Ղարիբյանն ասաց, որ դժգոհողները հիմնականում թատրոնների տնօրեններն են, մինչդեռ աշխատակիցներ կան, որ գոհ են։

«Երբ որ տնօրեններն ասում են՝ մենք վիրավորված ենք, իմ համար հարց է առաջացնում՝ ինչի՞ց են վիրավորված, մենք մեր գործն ենք անում, ես պարտավոր չեմ էդ գործի այդ փուլի ընթացքում որևէ մեկին տեղյակ պահել, դա իմ իրավասությունն է»,- ասաց նա։ Մեր հարցին՝ մեզ, օրինակ, Երգի պետական թատրոն պե՞տք է, որի լուծարման հարցը ևս դրված էր նախագծում, Ղարիբյանն ասաց․ «Էնտեղ «լուծարել» բառի կողքը տարբեր բաներ են գրված, չի գրված՝ ժողովուրդ, գնում ենք տուն։ Դա՝ մեկ։ Երկրորդը․ երբ որ Դուք ասում եք՝ մեզ Երգի պետական թատրոն պե՞տք է, թե՞ ոչ, ես հարցն ուրիշ կերպ կդնեմ՝ իսկ մեզ Երգի թատրոն պե՞տք է, թե՞ ոչ։ Այսինքն՝ Երգի թատրոնը կարող է ունենալ պետական ստատուս, կարող է չունենալ պետական ստատուս։ Հարց տվեք ձեզ՝ ինչո՞ւ մենք ունենք պետական ստեղծագործական օջախներ, ՊՈԱԿ-ներ՝ ստեղծագործական, և ինչո՞ւ մենք ունենք տարբեր կազմակերպություններ, թատերախմբեր և այլն, որոնք չունեն էդ պետական կարգավիճակը և նորմալ աշխատում են»։