Դատական ատյաններից մինչեւ Ժակ Շիրակ․ ինչ պատահեց, երբ սնանկացավ «Կրեդիտ-Երեւան» բանկը

Դատական ատյաններից մինչեւ Ժակ Շիրակ․ ինչ պատահեց, երբ սնանկացավ «Կրեդիտ-Երեւան» բանկը

Սիմոն Էլչյանը երկքաղաքացի է, բժիշկ նա ունի Ֆրանսիայի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ 1998թ․ ապրիլի 2-ին Ֆրանսիայի «Ձեռներեցներ առանց սահմանի» միջազգային ընկերության տնօրինության ժողովի որոշմամբ, բժշկությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Գրան Պրի» մրցանակով՝ 90 հազար ԱՄՆ դոլար գումարով։ Նա որոշել է այդ գումարն օգտագործել ՀՀ-ում (այսուհետ նաեւ ՀՀ) քաղցկեղաբանության կենտրոն հիմնելու համար։ Այդ նպատակով նշված գումարը 1999թ․ ի պահ է հանձնել «Կրեդիտ Երեւան» բանկին։ Եվ հենց այդ ժամանակվանից էլ սկսվել է նրա ոդիսականը։

2001թ․ դեկտեմբերին, երբ «Կրեդիտ-Երեւան» բանկը սնանկ է ճանաչվել, ավանդատուների մի մասը կարողացել են հետ ստանալ իրենց ավանդները՝ գումարի կամ գույքի տեսքով։ Ժամանակավոր ադմինիստրացիան 2003թ․ իրեն վերադարձրել է 20․000 ԱՄՆ դոլար գումար։ Նույն թվականի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկում սկսվել է «Կրեդիտ Երեւան» բանկի լուծարման գործընթացը, եւ լուծարային հանձնաժողովի կառավարիչ է նշանակվել Հովհաննես Թոռչյանը։ Էլչյանը 2004թ․ հունվարի 8-ից գրանցված է որպես բանկի պարտատեր, իսկ նույն թվականի սեպտեմբերի 25-ից սկսվել է 4-րդ հերթի պարտատերերի վճարումները, որտեղ ինքը 314 պարտատերերի ցանկից գրանցված է 45-րդ հերթական համարով։ 2004թ․ սեպտեմբերի 27-ին Էլչյանին վճարել են 5439 ԱՄՆ դոլար գումար, որից հետո իրեն ոչինչ չեն վճարել, իսկ բանկային հաշվի մնացորդը կազմել է 72․265 հազար ԱՄՆ դոլար։

Տարիներ շարունակ Սիմոն Էլչյանը պայքարել է հայաստանյան դատական տարբեր ատյաններում, ժամանակին նամակներ է հղել անգամ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա ողջամիտ կասկածներ ունի, որ Հովհաննես Թոռչյանը, չարաշահելով պաշտոնը, յուրացրել է իրեն պատկանող գումարը եւ չի վերադարձրել 72․265 հազար ԱՄՆ դոլարը՝ ունենալով գույք եւ միջոցներ։ Սիմոն Էլչյանը, դիմելով Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, իր բողոքում նշել է, որ հետաքննիչը քրեական գործի հարուցման հիմքը բացահայտելու համար ունեցել է բոլոր նախադրյալները, սակայն չի կատարել այն գործողությունները, որոնք կարող էր կատարել, օրինակ՝ բացատրություն վերցնել Հովհաննես Թոռչյանից, ստուգել սնանկացած բանկերի ավանդատուների պահանջը բավարարելու համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2003թ․ գումարներ տրամադրելու հանգամանքը, պարզել՝ այդ բանկերի շարքում արդյոք եղե՞լ է «Կրեդիտ-Երեւան» բանկը, եթե այո, ապա այդ միջոցները երբ են տրամադրվել, ծառայե՞լ են իրենց նպատակին, թե՞ ոչ, իր հետ պարտատերերի նույն հերթում գտնվող մյուս անձինք 2004թ․ սեպտեմբերի 27-ից հետո ստացե՞լ են հատուցում, թե՞ ոչ, որոնց արդյունքում քրեական գործ հարուցելու հիմքի առկայության հարցը կարող էր լուծվել։

Էլչյանն իր բողոքում նշել է նաեւ, որ գործողություններ չեն կատարվել պարզելու, թե արդյոք մյուս պարտատերերի՝ խոշոր գործարարների գումարներն օրենքով սահմանված կարգով են նրանց վերադարձվել, թե դա կատարվել է ի վնաս մյուս պարտատերերի։ Անցյալ տարի, դեկտեմբերի 28-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է ամբողջությամբ մերժել Սիմոն Էլչյանի բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Մարտի 20-ին Սիմոն Էլչյանի գործը քննվելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ «Առաջին ատյանում ինձ մերժել էին՝ պատճառաբանելով, որ փաստեր չունեմ։ Բայց ես Կարինե Պետրոսյանի (նա զբաղվում էր այդ բանկով) գործերի մեջ տեսել եմ, որ իրենք մեկ միլիոն ԱՄՆ դոլարից ավելի վճարում են կատարել ինչ-որ մեկին, որը հերթի մեջ չէր։ Դա արդեն կասկած է հարուցում, որ ինքը վճարել է մեր հաշվին։ Բանկը սնանկ է ճանաչվել 2001թ․, 2003թ․ սկսված էր պարտքերի մարումը, ես ընդգրկված եմ չորրորդ հերթում, սակայն մինչ օրս ոչ մեկին ոչինչ չի տրվել։ Ես ակնկալում եմ, որ ոստիկանությունը զբաղվի եւ բացահայտի, թե ինչ կեղծիքներ են եղել, հարուցվի քրեական գործ։ Լեւոն Մարկոսի գործով հարուցվել է քրեական գործ, դա եղել է 2018թ․ վերջին, իսկ իմ գործով չեն ուզում քրեական գործ հարուցել։ Թավշյա հեղափոխությունից հետո ակնկալում եմ, որ կգործի օրենքը»,- մեզ հետ զրույցում նշեց Սիմոն Էլչյանը։