Ինչպես համընկան Իրանի վրա օդային հարձակումը եւ երկրաշարժը

Գաղտնիք չէ, որ Իսրայելը վաղուց արդեն սպառնում էր օդային հարձակման միջոցով ոչնչացնել Իրանի ատոմային ծրագիրն իրականացնող օբյեկտները: Այնպես, ինչպես տարիներ առաջ ոչնչացրել էր Իրաքում գտնվող՝ Սադամ Հուսեյնի նմանատիպ թիրախները: Իրանում դրանց մի մասը գտնվում է խոր գետնի տակ, հետեւաբար, այդ օբյեկտների ոչնչացման համար պետք է կիրառվեին հատուկ, այսպես կոչված՝ խորքային ռումբեր: Դրանք պայթում են ոչ թե գետնին հասնելիս, այլ գետնի տակ մտնելուց հետո միայն: Քանի դեռ Իրանի հետ ընթանում էին նրա ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները, Միացյալ Նահանգները Թել Ավիվին թույլ չէր տալիս իրականացնել այդ ծրագիրը: Անցյալ տարի Իսրայելը հայտարարեց, որ Թեհրանն արդեն շատ մոտ է ատոմային ռումբ ստեղծելուն, ինքն այլեւս չի սպասելու Վաշինգտոնի հավանությանը եւ օդային հարձակումն իրականացնելու է միայնակ: Այդ հարձակման հավանականությունը բազմակի ավելացավ, երբ Իսրայելում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում իշխանության եկավ Բենիամին Նեթանյահուն, եւ խափանվեցին Իրանի հետ ԱՄՆ բանակցությունները:
Հավանականությունը դարձավ համարյա 100 տոկոսանոց, երբ Արեւմուտքը համոզվեց, որ Իրանը ռազմական համագործակցություն է սկսել Ռուսաստանի հետ՝ մասնավորապես վերջինին վաճառելով Ուկրաինայի դեմ կիրառված անօդաչուները: Դրան հետեւեց ԱՄՆ նախագահի համապատասխան հայտարարությունը: Հարձակումը դարձավ անխուսափելի:
Գետնի տակ խոր թաքցված օբյեկտների ոչնչացման համար նախատեսված խորքային ռումբերն ունեն վտանգավոր հատկություն: Այն տարածքներում, որտեղ կան երկրակեղեւի լարվածություններ, դրանք կարող են առաջացնել երկրաշարժեր: Իրանի տարածքը հենց այդպիսին է:
Թել Ավիվը սովորաբար չի մեկնաբանում իր կողմից իրականացված հատուկ գործողությունները: Այս անգամ եւս այդպես վարվեց: Թեհրանը, որը հայտնի է իր գաղտնապահությամբ եւ աշխարհից ու իր քաղաքացիներից սովորաբար թաքցնում է ինֆորմացիան, հայտնեց միայն անօդաչուներ եւ զինամթերք արտադրող ռազմական գործարանների վրա կատարված հարձակման մասին: Ոչ մի խոսք չեղավ Իրանի ատոմային ծրագիրն իրականացնող օբյեկտների մասին:
Մինչդեռ հասկանալի է, որ սովորական գործարանները չէին կարող այնքան հետաքրքրել Իսրայելին, որ նրա ղեկավարությունը դիմեր այնպիսի ռիսկային քայլի, ինչպիսին Իրանի տարածքի ռմբահարումն էր: Եվ այդ ռմբակոծություններին հետեւած երկրաշարժը կարող է վկայել, որ Իսրայելը հարվածել է գետնի տակ թաքցված՝ ատոմային ծրագիրն իրականացնող իրանական օբյեկտներին:
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԱՅԴ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
Բարեբախտաբար, Իրանում տեղի ունեցած երկրաշարժն այնքան ուժգին չէր, որ վնասեր Հայաստանում գտնվող շինությունները: Քանի որ Թեհրանն Իսրայելին պատասխան հարված չհասցրեց, դա էլ է բարեբախտություն: Ուրեմն լայնամասշտաբ ռմբակոծություններ եւ հրթիռակոծություններ չեն լինի: Պարզ է նաեւ, որ Իսրայելի կողմից ցամաքային հարձակում չի լինի: Իլհամ Ալիեւը, նույնպես, խելքը հացի հետ չի կերել, որ թափահարելով լղարիկ բռունցքը` իր համեմատաբար փոքրաթիվ զինված ուժերին հրամայի հարձակվել Իրանի վրա, որի բազմաքանակ բանակը հայտնի է իր ֆանատիկոսությամբ: Եթե Ադրբեջանն այդպիսի բան անի, շատ կտուժի: Ինչ վերաբերում է Զանգեզուրում միջանցք բացելուն, Ալիեւը ռիսկ չի անի անտեսել Միացյալ Նահանգների նախազգուշացումներն ու սպառնալից ակնարկները: Չէ՞ որ Ալիեւը տեսել է, թե Վաշինգտոնն ինչպես է կարողանում պատժել անխոհեմ, արգելակներ չունեցող բռնապետներին:
Ալիեւը կորցնելու շատ բան ունի: Հայաստանի համար վտանգավոր կարող են լինել նրանք, ովքեր արդեն կորցնելու բան չունեն:
Գրիգոր Էմին-Տերյան
Կարծիքներ