Պատրա՞ստ ես կյանքդ զոհել հանուն Նիկոլ Փաշինյանի

Պատրա՞ստ ես կյանքդ զոհել հանուն Նիկոլ Փաշինյանի

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի խումբ կա՝ «ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎԱ ԼԻՆԵԼՈՒ։ ԿԵՑՑԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» անունով։ Այս խմբում ժամանակին կարելի էր ընդգրկվել առանց բարդությունների՝ կոճակի մեկ հպումով։ Այսօր իրավիճակ է փոխվել՝ խումբ ներթափանցելու համար պետք է դաժանագույն քասթինգ անցնել, պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսին անգամ Ստալինի օրոք չէին պարտադրի։ Բացի հարցաշարը՝ նաեւ պետք է հրաժարվես Սահմանադրությամբ քեզ երաշխավորված՝ ազատորեն կարծիք հայտնելու, քննադատելու իրավունքից։ Հարցաշարն ու պարտավորությունների ցանկը կարծես մեր օրերում չեն կազմվել, այլ հեռավոր 37 թվին՝ անձի պաշտամունքի ժամանակներում։ Այս մեթոդներին, որով նիկոլապաշտները գործում են, անգամ Հյուսիսային Կորեայի նախագահը կնախանձեր։

Խմբում ընդգրկվելու համար պետք է հոգեպես պատրաստ լինես բառացիորեն սրբադասելու, աստվածացնելու, միակ եւ անվերապահ ճշմարիտ Աստված համարելու Նիկոլ Փաշինյանին եւ խոստանալու, որ որեւէ թթու խոսք չես հնչեցնի ո՛չ «երկրային Աստծու», ո՛չ էլ նրա ուսապարկային «գելխեղդ» թիմի անդամների հասցեին։ Այս խումբն իր հարցերով բառացիորեն ապացուցում է, որ Փաշինյանն ու իր թիմը, նրանց ձեւավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բառի ամենաուղիղ իմաստով, վերածվել են աղանդի։

Ահավասիկ, առաջին հարցը, մեջբերում ենք բառացի՝ նույն քերականական սխալներով․ «Պաշտպանում եք արդյոք Թավշյա Հեղափոխության արժեքները, գործող իշխանություններին, Իմ Քայլը եւ Քաղաքացիական Պայմանագիր քաղաքական կուսակցություններին?»։

Ուշագրավ է, որ նիկոլական այս խմբի ադմինի մոտ այնքան խորն է նստած ստրկամտությունը, որ նա, թքած ունենալով լեզվական բոլոր կանոնների վրա, մեծատառ է գրել անգամ այնպիսի բառեր, որոնց սխալ լինելն անգամ տարրական դասարանի աշակերտը գիտի։ Օրինակ՝ «Թավշյա հեղափոխություն» բառակապակցության մեջ ոչ միայն «թավշյա»-ն է մեծատառ գրել, այլեւ՝ «հեղափոխություն»-ը։ Կամ՝ իրենց կուսակցության անվանման երկու բառն էլ մեծատառ է գրել՝ «Իմ Քայլը»։ Նույնը «Քաղաքացիական պայմանագիր» բառակապակցությունում է՝ երկու բառն էլ մեծատառ։

Հաջորդ հարցը․ «Համաձայն եք արդյոք գործող իշխանությունների, Իմ Քայլը եւ  Քաղաքացիական Պայմանագիր քաղաքական կուսակցությունների ցանկացած որոշման, ինչպիսին էլ որ այն լինի?»։
Հետո գալիս են արդեն անձի պաշտամունքին ու ստալինիզմին հարիր հարցադրումները․ «Համարում եք արդյոք Նիկոլ Փաշինյանին  Թավշյա Հեղափոխության եւ ազգի առաջնորդ, կհամաձայնվեք արդյոք նրա ցանկացած որոշման հետ եւ կկանգնեք արդյոք հարկ եղած դեպքում նրա կողքին?»:

Խմբում ընդգրկվելու համար պետք է  անվերապահ «այո» ասել այս հարցերին ու խոստանալ, որ չկա Աստված Նիկոլից բացի, եւ Մուհամեդն է մարգարեն նրա, եւ որ պատրաստ ես անգամ կյանքդ զոհել նրա ոտքերի տակ՝ հարկ եղած դեպքում, իհարկե։ Անհարկի պետք չէ, քանզի դու կարող ես դեռ նրան՝ գերագույն գլխավոր Աստծուն պետք գալ, ասենք, կոշիկները մաքրելու, վերարկուն պահելու, նրա համար ջուր բերելու կամ ջրի շիշը բռնելու եւ, որ շատ ավելի կարեւոր է, ձայն բերելու հարցում։
Հարցադրումների փուլը «պատվով» հաղթահարելուց հետո պետք է համաձայնություն տաս խմբի անդամների համար սահմանված որոշ արգելքներին, եթե, իհարկե, շատ ես փափագում ընդգրկվել այս խմբում։ Հակառակ դեպքում կզրկվես այդ բացառիկ հնարավորությունից։

Օրինակ՝ գլխատառերով գրված է․ «ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ»։ Հաջորդիվ՝ նախազգուշացումներ՝ արդեն փոքրատառերով․ «Պիտակավորումները, վարկաբեկիչ, գռեհիկ, վիրավորական, բռնություն քարոզող, խտրականություն կամ ատելություն քարոզող, ինչպես նաեւ օրենքով արգելված այլ արտահայտությունները կջնջվեն»։

Կամ այս մեկը՝ «ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԻՐԱՎՈՐԵԼ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ», որի ներքո մանրամասնված է․ «Արգելվում է վիրավորել ՔՊ եւ Իմ Քայլը ներկայացուցիչներին, ԱԺ եւ ավագանու Իմ Քայլը խմբակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի վստահությունը վայելող նախագահական ինստիտուտին»։

Այս մեկն արդեն շատ հետաքրքիր է։ Փաստորեն, իմքայլականներն այս խմբում միամտաբար կամ հատուկ խոստովանում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն իրենց առընթեր «ինստիտուտ է», որը վայելում է Նիկոլ Փաշինյանի վստահությունը, ուստի նրան չի կարելի որեւէ կերպ վիրավորել։ Ասել է թե՝ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանության ներքո է։