Պետությո՞ւն, թե՞ «բարդակխանա»

Պետությո՞ւն, թե՞ «բարդակխանա»

«Վահանով կամ վահանի վրա». այսպիսին էր զինվորին պատերազմ ճանապարհելիս հին հույների բարեմաղթանքը: Ինչը նշանակում էր վերադարձ` հաղթանակով կամ մահացած (վահանի վրա): Բոլոր ժամանակներում բոլոր երկրների բանակներն իշխանության կողմից դաստիարակվում էին հայրենասիրության, քաջության եւ համարձակության ոգով: Դաստիարակվում էին հանուն հայրենիքի սեփական կյանքը զոհաբերելու մտածողությամբ: Առանձին ժողովուրդներն իրենց զինվորներին դաստիարակում են նաեւ դաժանության ոգով:

Օրինակ՝ ասորացիները, մոնղոլները, թուրքերը… Եվ հենց նրանց կողմից էլ ստեղծվեցին միջնադարյան ամենահզոր թագավորությունները: Պակաս դաժան չէին Եվրոպայում բնակվող ցեղախմբերը, որ ուշ միջնադարում տարբաժանվեցին ազգերի ու ձեւավորեցին իրենց ազգային պետությունները: Նոր ժամանակներից հիշենք նացիստական պահնորդական (ԷսԷս) ջոկատներին: Եվ այլն, եւ այլն… Որքան գիտեմ, մինչեւ վերջերս հասարակագիտական այդ կանոնը զերծ էր որեւէ բացառությունից: Բայց այն ի հայտ եկավ 21-րդ դարում՝ հենց մեր երկրում: Այս դեպքում ինչպե՞ս չհիշես «մերն ուրիշ ա» չարչրկված ասացվածքը: 

Այո, «ժողովրդի իշխանության» պայմաններում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կողմից ձեւավորվեց զինվորների եւ նրանց ծնողների դաստիարակության՝ մարդկության պատմության մեջ աննախադեպ մի երեւույթ: Դա վախն է, վախը թշնամու եւ մահվան նկատմամբ: Երեսուն տարի առաջ ադրբեջանցուն շանսատակ արած հայու զավակն այսօր զենքը ձեռքին գերի է ընկնում եւ ծնկաչոք աղերսում է թշնամուն չսպանել իրեն: Հետպատերազմական մեկ տարվա ընթացքում վերը նշված անձի կողմից բանակում ներդրվեց գերության գերադասումը հանուն հայրենիքի մահանալուց: Իսկ հասարակության մեջ էլ ձեւավորվեց գերությունից վերադարձածներին հերոսացնելու աննախադեպ երեւույթը:

Այդ ամենը տեղի ունեցավ, քանի որ ի լրացումն վախին՝ զինվորը չկրակելու հրաման է ստանում եւ չի կարող զենքով պաշտպանել իր պատիվն ու կյանքը: Իսկ թե ինչպիսի ապագա է սպասվում գերի ընկած զինվորին, գիտեն նրանք, ովքեր կենդանի վերադարձել են ադրբեջանական բանտերից: Կամ էլ հետո է իմացվում՝ նման այս պատմությանը. գերեվարված ադրբեջանցիներին հետ հանձնելու հրաման ստացած սպան կատարում է հրամանը, սակայն արդյունքում գերեվարվում է ինքն ու տանջամահ արվում թշնամու կողմից: Նման բան երեւի ամենագազան ու վայրենի ցեղերն անգամ չեն արել: Գենետիկ հիշողությունն է հաստատ թելադրում, որ թուրքին գերի չպիտի լինել. 44-օրյա պատերազմի օրերին զինվոր ճանապարհելիս հարազատներն ասում էին՝ գերի չընկնես: Ինչեւէ, մեկ տարվա ընթացքում Անդրկովկասի ուժեղագույն բանակը վերածվեց թույլ եւ անգլուխ օրգանիզմի: Եվ եթե նախկինում իրենց զավակներին Արցախի տարածք ծառայության ուղարկելու դեմ էին բողոքում ծնողները, ապա այսօր, Նիկոլի «շնորհիվ», դա դարձել է ընդհանրապես հակաբանակային բողոք: 

Չեմ կարող չհիշատակել նաեւ օրերս տեղի ունեցած աննախադեպ երեւույթի մասին. խոսելով սահմանային վերջին մարտերի մասին՝ Նիկոլն անդրադարձավ գերության խնդրին: Նշեց, որ գերի ընկնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվում: Եվ իրավապահները դեռ պետք է պարզեն, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել մեր զինվորները: Զարմանալի էր: Ինչո՞ւ հենց հիմա հիշեց այդ երեւույթի մասին: Մեկ տարի շարունակ չգիտեր, եւ նո՞ր իմացավ: Երբ մի քանի շաբաթ առաջ վերադարձված գերիներին Ֆեյսբուքում հերոսացնում էին, այդ ժամանա՞կ էլ չգիտեր: Թե՞ գիտեր, բայց մինչեւ վերջերս վախենում էր ձայն հանել: Իսկ հիմա էլ նման բան ասաց, որպեսզի գլուխն ազատի՞ հերթական խնդրից: Մի խոսքով՝ ոչ թե պետություն է, եւ ինքն էլ՝ պետության ղեկավար, այլ «բարդակխանա»: Եվ ինքն էլ՝ պարագլուխ: 

Մեկ այլ զարմանալի բան էլ ասաց Նիկոլը. որ զինվորին չկրակելու հրաման տալը պետական դավաճանություն է: Երեւի, իր սովորության համաձայն, մոռացել էր մի քանի օր առաջ կատարած իր խոստովանությունը, որ ինքն է հրաման տվել բանակին՝ Սյունիքում զիջելու սահմանային դիրքերը: Եվ դա բացատրել էր նոր պատերազմից խուսափելու հանգամանքով: Իսկ ի՞նչ է նշանակում դիրքեր հանձնելը, եթե ոչ չկրակելու հրաման: «Ժողովրդավարական» Հայաստանի իրավապահները, իհարկե, այդ խոստովանության մեջ հանցակազմ չեն գտել: Եվ չեն էլ փորձի փնտրել՝ բնականաբար, մինչեւ իշխանափոխությունը:   

Իսկ ինչպե՞ս հաջողվեց Նիկոլին մեկ տարվա ընթացքում բարոյապես եւ հոգեպես ընկճել մեր ժողովրդին: Հիշենք «մի քանի հազար զոհ տալու դեպքում մարդիկ լավ էլ կհրաժարվեն Արցախից» դատողությունը՝ բարձրաձայնված լրագրողի ներկայությամբ: Բազմահազար զոհերին գումարվեցին խայտառակ պարտությունը եւ կապիտուլյացիոն ակտի ստորագրումը: Իր բացասական դերը խաղաց նաեւ նախկինների նկատմամբ զանգվածների՝ հիմնականում չգիտակցված ատելությունը (շուրջ երկու տասնամյակ կռիվ եմ տվել նախկինների դեմ, բայց զերծ եմ այդ ատելությունից): Ավելի հեռուն գնալու դեպքում՝ պետականության հազարամյա բացակայությունը եւ հասարակության լավագույն հատվածի ոչնչացումն օտարների կողմից: Ինչպես նաեւ ներքին կրոնադավանաբանական վեճերի ընթացքում տեղի ունեցած ռազմական բախումներում: Այս ամենը կարող էր հասցնել այն վիճակին, որում հայտնվեցինք մենք այսօր: Բայց կարող էր նաեւ չհասցնել, եթե 2018-ի գարնանը պետության ղեկավար կարգեինք ոչ թե կեղծ դուխով Նիկոլին, այլ գրագետ, խելացի, պետական մտածողությամբ օժտված որեւէ անձնավորության: