Թշնամու առաջխաղացումն ու Նիկոլի «բառախաղացումը»

Թշնամու առաջխաղացումն ու Նիկոլի «բառախաղացումը»

Ադրբեջանական լրատվամիջոցները նոյեմբերի 16-ին ունեցած կորուստների վերաբերյալ թվեր են հրապարակել՝ 7 զոհ, 10 վիրավոր։ Նոյեմբերի 16-ին Իշխանասարի փեշերին կռված զինվորականները միջնորդ-աղբյուրի կողմից «Հրապարակին» փոխանցել են, որ իրականում ադրբեջանական կողմի մարդուժի կորուստներն ավելի մեծ են եղել։

«Հայերով շատ ուժեղ ջարդ ենք տվել։ Տեսել ենք, որ դրանք շատ-շատ են, ու որ եթե չկրակենք, կրվելու ենք, մեր բայեվոյ զենքերը հանել ենք ու ջարդել»,- ասում է զինծառայողը՝ փաստորեն, հաստատելով, որ չկրակելու հրաման եղել է ու խախտվել է։

Հայկական կողմի հայտարարած թվերն էլ՝ 1 զոհ, 24 կորած, հավատ չեն ներշնչում։ Մարտական գործողության մասին լուրն առնելու պահից Երեւանում խոսում էին, որ զոհերի թիվը մոտ երկու տասնյակ է։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ հայկական կողմն ունի 15 զոհ։ Անգամ Փաշինյանի ընտանեկան թերթը՝  «Հայկական ժամանակը», գրեց, որ իր տեղեկություններով՝ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ սկսված փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ եւ 6 վիրավոր: Այլ աղբյուրներ ավելի մեծ թիվ են ասում:

Հրաման լինել-չլինելու եւ պետական դավաճանության թեման երկու օր է՝ բուռն քննարկվում է բոլոր հարթակներում՝ ԱԺ-ից մինչեւ սոցցանցեր։

Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նման հրաման չի եղել, եւ որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է։ «Կես տարի առաջ էլի Դուք ասել էիք՝ «դե հո Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի՞ սկսելու: Ուրեմն՝ պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում»,- հակադարձեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հազարավոր մարդկանց «սրտի հովան» լինելով։ Մյուս «հովանն» ընդդիմության կողմից «դիվանային բանակի» մոբիլիզացումն էր «Ազգակործան դավաճան» ֆլեշմոբի ներքո։ Այն կարելի էր եւ չհայտարարել։ Ամեն օր ընդդիմությունն ու սոցցանցերի հականիկոլ բաղադրիչը հենց այս ֆլեշմոբն են իրագործում, «զրո» արդյունքով։

Երեկվանից ամենուր «չկրակել» հրաման տվողի փնտրտուք է։ Ո՞վ է այդ անձը՝ ոչ ոք չգիտի, եւ, միեւնույն ժամանակ, գիտեն բոլորը, գիտեն անապացույց եւ ինտուիցիայի ուժով։ Մուրադովի բերած խոշտանգված տղայի մարմինը՝ Տարոն Սահակյանի, նոր հարց առաջացրեց։ Ո՞վ է ադրբեջանցի գերիներին ազատ արձակողը։ Անունը դարձյալ անհայտ է։ Խոշտանգված Տարոնը ջերմուկցի էր եւ գերի ընկնելուց ու կտտանքների ենթարկվելուց առաջ ընկերների հետ ադրբեջանցիների է գերեվարել։ «Թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել»,- գրել է «Փաստինֆոն»՝ պատմելով, թե ինչ սարսափելի վիճակում է եղել խոշտանգված տղայի մարմինը։ Բայց Տարոնի մարմնի լուսանկարները չտարածվեցին աշխարհով մեկ, դեսպաններին չուղարկվեցին, ֆեյսբուքյան «դիվանը» ֆլեշմոբեր չարեց այդ լուսանկարով, ու ոչ ոք չգրեց՝ «բոլորս Տարոն ենք»։

Մենք զանգահարեցինք ՄԻՊ Թաթոյանի գրասենյակ, հարցրինք, թե արդյոք որեւէ աշխատանք արվե՞լ է այս դեպքով, կամ՝ հայտարարություն եղե՞լ է օմբուդսմենի կողմից։ «Այս պահի դրությամբ՝ ոչ»,- եղավ պատասխանը։ ԱԳՆ-ն նույնպես լռում է։ Իսկ Եվրադատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը մեր հարցին, թե ինչու մենք չենք բարձրաձայնում միջազգային ատյաններում, որ ադրբեջանցիները խոշտանգել ու սպանել են Տարոն Սահակյանին, պատասխանեց. «Տարոն Սահակյանի մարմինը խոշտանգված չէ: Կան բազմաթիվ բեկորային վնասվածքներ: Ինչ խոսք, հերոսական տղա է եղել: Նրա մահվան հանգամանքները, թե ինչու է նա հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, դեռ ճշտվում են»:
Նոյեմբերի 18-ին՝ երեկ, նոր  կադրեր հայտնվեցին համացանցում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մերոնց բահերով ու փայտերով քշում դիրքից, ու մերոնք ենթարկվում են։ Սա նշանակում է, որ նրանք էլ ունեն չկրակելու հրաման, երկրորդ՝ որ մերոնք թիկունք չեն զգում։ Ջահելներին միայնակ են թողել դիրքերում։  

Անհասկանալի է նաեւ ադրբեջանական զինուժի առաջխաղացման պատկերը։ ՊՆ-ն հայտնեց, որ թշնամին երկու դիրք է գրավել։ Բայց քանի՞ կիլոմետր է առաջ գնացել՝ բառ անգամ չկա։ ՊՆ-ի կայքը ծանր է աշխատում, մեկումեջ է բացվում։ ՊՆ-ն խոսնակ չունի։ Ի վերջո, ինչքա՞ն է առաջ գնացել թշնամին։ Հարցը երեկ հնչեց ԱԺ-ում, եւ վարչապետը «դուման» արեց․ «Բալանսի առումով ոչ մի բան չի փոխվել, կան ներխուժված հատվածներ, որտեղ մենք ու ադրբեջանցիներն ունենք դիրքեր, նախկինում էլ ունեինք։ ․․․Ո՛չ ավելի խորացել են, ո՛չ ավելի չեն խորացել, երեկվա գործողությունների արդյունքում որեւէ բան չի փոխվել»։

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Սա կոչվում է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, երբ թշնամին աստիճանաբար փոքր տեղային մարտեր է կազմակերպում եւ աստիճանաբար առաջ է գալիս։ 2021-ի մայիսին հաջողեց 2 կմ առաջ գալ Իշխանասարի Սեւ լճի հատվածում»։ Ինչքա՞ն են «առաջ խաղացել» ամսի 16-ին։ «Ես կոնկրետ չեմ տիրապետում, բայց, ըստ իմ իմացածի, թշնամուն հաջողվել է մոտ 3 կմ առաջ գալ ու փաստացի դիտարկել ճանապարհը»,- պատասխանում է Հոխիկյանը։ Մի ակտուալ հարց էլ՝ ՌԴ-ին Փաշինյանը գրավոր չի դիմում, բայց ՌԴ-ն նոյեմբերի 9-ից հետո գլուխ էր գովում, որ կարողացավ լուծել կոնֆլիկտը: Իրենք պատասխանատվություն են ստանձնել խաղաղության համար, գերիներ ու մարմիններ են վերադարձնում: Չի՞ կարող ՌԴ-ն առանց դիմելու գործել։ «Սա արդեն քաղաքական հարց է։ Ինչո՞ւ գործի, եթե էս վիճակն իրեն ձեռնտու է, ու բոլորի սանձն իր ձեռքում է»։