Կա՛մ առաջադրված մեղադրանքն է զավեշտ , կա՛մ այդ ենթադրյալ կաշառք տվողը աշխարհի ամենավատ բիզնեսմենն է

Կա՛մ առաջադրված մեղադրանքն է զավեշտ , կա՛մ այդ ենթադրյալ կաշառք տվողը աշխարհի ամենավատ բիզնեսմենն է

Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։

Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաև առանձապես խոշոր չափերի 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։ Մեզ հետ զրույցում Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանն, անդրադառնալով մեղադրանքի կրճատմանը, ասաց․

«Մենք նախկինում հայտարարությամբ հանդես եկել էինք, որ պարոն Լոռեցյանը մեղադրանքը բացարձակապես չի ընդունում, և առաջադրված մեղադրանքի զավեշտը ներկայացնելու համար ես պարզապես ներկայացրել էի այդ 13 մլն դրամի չափով կաշառքի մեղադրանքը և նշել, որ ամենապարզունակ տնտեսագիտական հաշվարկի շնորհիվ կարելի է գալ եզրահանգման, որ ենթադրյալ կաշառք տվողը խոստացել է տալ մի քանի անգամ ավելի շատ կաշառք, քան ինքը պետք է շահույթ ստանար։ Սա նշանակում է, որ կա՛մ առաջադրված մեղադրանքն է զավեշտ , կա՛մ այդ ենթադրյալ կաշառք տվողը աշխարհի ամենավատ բիզնեսմենն է։ Այս պահին վարույթն իրականացնող մարմինը փոքրացրել է մեղադրանքի ծավալը՝ սահմանելով 2 մլն ՀՀ դրամ, որի մասով, բնականաբար, նույնպես մեղադրանքը չենք ընդունում, և հուսով ենք, որ կա՛մ գործը դատարան չի հասնի, կա՛մ եթե հասնի դատարան, մենք շատ արագ կունենանք արդարացման դատական ակտ»։

Անդրադառնալով պաշտոնական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մեղադրանքի վերացմանը՝ Լոռեցյանի պաշտպանը նշեց․

«Այդ մասով, բնականաբար, վերացավ մեղադրանքը այն պարզ պատճառով, որ այդ մեղադրանքը պարզապես չէր կարող երկար գոյատևել, քանի որ այն իրականության հետ որևէ աղերս չուներ, Գևորգ Լոռեցյանը երբևէ իր պաշտոնեական լիազորությունները չի չարաշահել՝ գոնե այն մասով, որ մասով որ ես, որպես իր պաշտպան առնչվել եմ այս մեղադրանքի հետ»։

Սահակյանին հարցրինք՝ նույնիսկ մեղսագրվող կաշառքի չափի նվազեցման պարագայում, երբ մեղադրանքը կաշառքի մասով, այնուամենայնիվ, պահպանվում է, չի՞ նշանակում, որ այդ դեպքում կա պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ հանցակազմ ․

«Քրեական օրենսգրքի համաձայն՝ կաշառք ստանալու առաջարկն ընդունելն արդեն համարվում է հանցագործություն, և, ըստ երևույթին, վարույթն իրականացնող մարմինը հետագայում կփորձի այդկերպ պաշտպանել իր մեղադրանքը, թե իբր պարոն Լոռեցյանը ընդունել է կաշառք ստանալու առաջարկ, որը, կարծում եմ, նույնպես չի հաջողվի։ Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պարոն Լոռեցյանը կաշառք չի վերցրել, նա իբր համաձայնել է կաշառք վերցնել»։

Պաշտպանը նաև նշեց, որ այս պահին իրենց նպատակն է, որ Լոռեցյանի կալանավորումը չերկարաձգվի, Սահակյանի խոսքով՝ դրանց համար և՛ նախկինում և՛ , առավել ևս, հիմա որևէ հիմնավորում չկա․

«Մենք գտնում ենք, որ կալանավորումը երկարաձգելու հիմքեր այլևս չկան, նախկինում չեն էլ եղել, այս պահին առավել ակնհայտ է, որ նման հիմքեր չկան։ Մեղադրանքի ծավալի նվազեցումը իր հերթին նպաստում է, որ կալանավորումը չերկարաձգվի, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախաքննությունն արդեն ավարտական փուլում է, և նախաքննության ժամանակ գործի քննությանը խոչընդոտելու ռիսկի մասին դատողությունները պարզապես անտրամաբանական են արդեն» 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն դեկտեմբերի 4-ին տարածած հաղորդագրությամբ հայտնել էր, որ «ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են»: