Դրական միտում

Դրական միտում

Ամանորի տոներից հետո քիչ-քիչ երկիրը սկսում է մտնել բնականոն աշխատանքային հուն։ Ազգային ժողովը սկսել է գործել, կառավարության մի մասն արդեն նշանակվել է։ Նաեւ բուհական կյանքն է սկսում աշխուժանալ։ Արդեն երեք բուհերում հոգաբարձուների նորանշանակ խորհուրդներն առաջին նիստերն են արել եւ առաջին իսկ նիստում ընտրել են հոգաբարձուների խորհրդի նախագահներին։

Արձանագրենք, որ նոր նախագահները, ի տարբերություն նախկինների, ապաքաղաքական դեմքեր են, եւ այս մասով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ մասնավորապես՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կատարում են իրենց խոստումը․ ապաքաղաքականացնել, ապակուսակցականացնել բուհերը եւ հատկապես՝ դրանց կառավարման մարմինները։

Արձանագրենք, որ Բժշկական համալսարանում երգիչ-երգահան Վահան Արծրունու, Երեւանի պետական համալսարանում ֆիզմաթգիտությունների թեկնածու Գեւորգ Մուրադյանի, Մատենադարանում ազգագրագետ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լեւոն Աբրահամյանի, ավելի վաղ Շիրակի համալսարանում հասարակական գործիչ Լեւոն Բարսեղյանի ընտրվելը դրական երեւույթ է, եւ դա նշանակում է, որ եկել է բուհերի քաղաքականացման արատավոր գործընթացի վերջը:

Այսօր էլ տեղի է ունենալու Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նիստը, եւ կարծում եմ՝ այս գործընթացի տրամաբանությունը կպահպանվի բոլոր բուհերի դեպքում։ Առհասարակ, հոգաբարձուների խորհուրդների դերակատարումը եւ նշանակությունը բուհական կյանքում պետք է փոխվեն։ Դրանք կարող են դառնալ լուրջ հարցեր քննարկելու, բուհական կրթության որակը փոխելու, ինքնավարությունը նոր՝ ավելի բարձր աստիճանի բարձրացնելու մարմիններ, այլ ոչ թե ձեւական միավորներ, որոնք բարձր պաշտոնյաների համար ընդամենը «պրեստիժային» պաշտոն ապահովող կառույցներ էին։