Աթոռս չեմ տա, կամ պլան X

Աթոռս չեմ տա, կամ պլան X

Որքան հասկանում եմ՝ Նիկոլ Փաշինյանն անցել է պաշտոնն ատամներով պահելու պլան X-ին: «Մի փոքր ուշացումով», իսկ ավելի ստույգ ուկրաինական իրադարձությունների ֆոնին,  դա նկատել են նաև հայաստանյան արևմտամետ կայքերն ու շրջանակները, որոնք այս օրերին ջանք չեն խնայում Նիկոլին այդ պլանից հետ պահելու համար: Նրանց ջանքերը, սակայն, շատ նման են Եվրամիության ջանքերին՝ մի կողմից ազնվորեն աջակցում են Ուկրաինային, բայց մյուս կողմից էլ դեմ չեն Ռուսաստանից նավթ ու գազ ստանալուն: Ավելին ասենք՝ կողմ են, որ Ուկրաինան որպես տարանցիկ երկիր, հետևաբար նաև ռուսական գազի ու նավթի գնի վրա ազդեցություն ունեցող միավոր, դուրս մնա խաղից և ռուսական էներգակիրները համեմատաբար ավելի էժան հասնեն եվրոպական մայրաքաղաքներ: Այսպես արդեն 16 օր: 

Փաշինյանի պլան X-ի միտք բանին, ասել է թե ռազմավարությունը, նույնն է, ինչ նրա մնացած պլաններինը: Խնդիրը շատ պարզ է՝ կառչած մնալ վարչապետի աթոռից ամեն գնով, Հայաստանն էլ կործանվի՝ հրաժարական չտալ: Հայաստանյան արևմտամետ շրջանակները՝ կուսակցություններ, խմբակներ, անհատ գործիչներ, բևեռներ, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, 2018 թվականից սկսած պաշտպանել են Փաշինյանի ռազմավարական բնույթի այդ մոտեցումը և ամեն կերպ սատարել նրան, որ պահի ոչ միայն պաշտոնը, այլև Հայաստանում տեղի ունեցած թավշյա խեղկատակության արդյունքում արևի տակ բացված իրենց տեղը: Իսկ որ թավշյա խեղկատակությունը նրանց առջև ալպյան հյութեղ արոտավայրեր ու մարգագետիններ էր բացել, քննարկման թեմա չէ ու հասկանալի է անգամ 3-րդ դասարանցի Վազգենչիկին:

Որ Փաշինյանը կարող է իրենց քցել՝ արևմտամետները հասկացան 44-օրյա պատերազմից հետո, ավելի ստույգ՝ 2020թ. նոյեմբերի 9-ին, երբ մի հրաշքով դադարեց պտտվել պայմանավորված պարտության մսաղացը: Այդ օրվանից Նիկոլը փոխվեց: Մի գիշերվա մեջ նա «թունդ» արևմտամետից դարձավ «թնդագույն» ռուսամետ, ՀԱՊԿ-ատյացից վերածվեց ՀԱՊԿ-ասերի, ԵԱՏՄ-ն «փաթթած» ունեցողից՝ ԵԱՏՄ-ի թիվ մեկ շահառուի: Այլ խոսքով՝ «բուդյոնովկա» դրեց գլխին ու նստեց: Ստրկամտության ավելի ցնցող պատկեր ռուսները չէին էլ կարող երևակայել: Պուտինը շատ արագ ներեց Նիկոլի բոլոր նախկին չարաճճիությունները և ամեն ինչ արեց, որ նա մնա ու շարունակի «իշխել» Հայաստանում՝ ի փառս Հարավային կովկասում Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության: Իսկ նոյեմբերի 9-ից հետո այդ քաղաքականությունը պահանջում էր չարձագանքել Ալիևի հոխորտանքներին, հնարավորինս հարգալից լինել Թուրքիայի նկատմամբ, հանուն Ռուսաստանի հեռահար նպատակների՝ ընկրկել Ադրբեջանի պահանջների առաջ ու զիջումների շնորհիվ այդ հետխորհրդային անասնաֆերման պահել ռուսական ազդեցության գոտում: Այս ամենը, կարելի է ասել, կատաստրոֆա էր արևմտամետների համար, բայց նրանք հասկանում էին, որ Նիկոլը, թեկուզ Պուտինի տակ, շատ ավելի ընդունելի է իրենց համար, քան որևէ ազգային ուժ, որ կարող էր իշխանության գալ պատերազմից հետո՝ Նիկոլի տրամաբանական հրաժարականից հետո: Եվ արևմտամետ շրջանակները՝ կուսակցություններ, խմբակներ, բևեռներ, անհատ գործիչներ, ՀԿ-ներ, գրանտակեր հացկատակներ, ամեն ինչ արեցին, որ ապահովեն մազից կախված Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը 2021թ. հունիսի 20-ի ընտրություններում:

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության սկսած ռազմական հատուկ գործողությունը, սակայն, լցրեց հայաստանյան արևմտալեզների համբերության բաժակը և նրանք այլևս չկարողացան զսպել իրենց մեջ կուտակված հականիկոլական պոռթկումը: Վրա է հասել ընտրության պահը՝ կամ իրենք մնում են արևմտալեզ ու քննադատում են Պուտին-Նիկոլ տանդեմը, կամ դառնում են նիկոլալեզ և մոռանում արևմտա-սորոսական միլիոնների մասին: Այստեղ Դավիթ Սանասարյան անունով մեկը գնում է Նիկոլի մոտ ու խորհուրդ տալիս՝ մեկ ինքնաթիռ օգնություն առաքել Ուկրաինային, որ Արևմուտքի աչքը քաղցրանա Հայաստանում Սորոսի փողերը քամուն տվողների վրա: Բայց Նիկոլը քաղաքական առումով այդ աստիճան էշ չէր, ու հասկացավ, թե դա ինչով կավարտվի իր համար՝ մանավանդ Մոսկվա կատարելիք պաշտոնական այցից առաջ: Եվ նա մերժեց արևմտալեզների «դեսպան» Սանասարյանին:

Դրանից հետո արևմտալեզների և Փաշինյանի հարաբերությունները կտրուկ վատացան: Իսկ այսօր արդեն Հայաստանում ներդրված սորոսական սբրոդը ոչ մի առիթ բաց չի թողնում Փաշինյանին քննադատելու և անգամ անվանարկելու համար: Ո՞վ կպատկերացներ, որ մի գեղեցիկ օր 100 տոկոսով արևմտալեզ մի կայք Նիկոլի մասին այսպես կարտահայտվեր. «Իրենց հերթին, ՀՀ վարչապետ ու նախագահ աշխատող պաշտոնյաները երեկ փաստացի կանաչ լույս վառեցին Բաքվի գործողությունների համար, երաշխիքներ տալով, որ անշեղ գնում են «խաղաղության դարաշրջան»։ Երեւանում ու Ստեփանակերտում Ռուսաստանի ուկրաինական արշավի աջակցության ցույցերն էլ՝ վրադիր»: Եվ սա դեռ սկիզբն է: Դեռ սպասենք, թե «վարչապետ աշխատող» Նիկոլի մասին էլի ինչեր են գրելու և էլի ինչերի մեջ են նրան մեղադրելու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ուղիղ կուրացիայի տակ գտնվող մյուս արևմտալեզ շնաձկները:

Ահա և հասկացանք Փաշինյան Նիկոլի պլան X-ի մարտավարությունը՝ նա այլևս ստիպված է լինելու իր պաշտոնը պահել երեկվա աջակիցների դեմ պայքարով կամ պայքարի իմիտացիայով: Մնում է միայն, որ Պուտինը հավատա այդ իմիտացիային: Ասենք սակայն, ոչ մի երաշխիք չկա, որ Ուկրաինայի հարցերը լուծելուց հետո ՌԴ նախագահը հաջորդիվ չի փորձելու արևմտյան սբրոդը մաքրել նաև Հայաստանից: Այդ հատուկ գործողության արդյունքում, չի բացառվում, որ ի դերև կելնեն Հարավային Կովկասում ամրապնդվելու՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հույսերը: Բայց սա արդեն բոլորավին այլ խոսակցության թեմա է: Ինձ արդեն այսօր շատ է հետաքրքրում,  թե իր աթոռից կառչած մնալու ինչ նոր պլան կունենա Նիկոլն այդ ժամանակ: