Ո՞վ է պատերազմի պատասխանատուն

Ո՞վ է պատերազմի պատասխանատուն

Համացանցում պատահաբար հանդիպեցի Ուկրաինայի հետ կապված հայաստանյան փորձագիտական կարծիքի, որն ուղղված է ռուսական արտաքին քաղաքական թեզեր ձեւակերպելուն, այնուհետեւ դրանք հերքելուն: Տարածված հնարք է: Փորձեմ օգտագործել դիալեկտիկական մատերիալիզմի սկզբունքներից մեկը՝ բացասման բացասումը (կամ հերքման հերքումը): Ասեմ, որ ինձ դուր են գալիս թե՛ տրամաբանական դատողությունները եւ թե՛ հատկապես դրանք հերքելը՝ ՀՀ առաջին նախագահի «Պարզագույն սիլոգիզմի օրինակը» վկա:

Առաջին թեզում ասվում է. «ՆԱՏՕ-ն ուզում էր ընդլայնվել Ուկրաինայի հաշվին եւ այդ երկրում միջուկային զենք տեղադրել»: Այնուհետեւ հետեւում է հերքումը. «Առաջին դեպքում մտադրությունը (իրական, թե մտացածին) համեմատվում է գործողության հետ: Համեմատեք. մենք հանձնել ենք Արցախի մեծ մասն այն պատճառով, որովհետեւ «նախկիններն» ուզում էին այն հանձնել: Չիրականացված մտադրությունները ստուգելն այնքան էլ հեշտ գործ չէ»: Հերքմանն անցնելուց առաջ զգուշացնեմ, որ սովորաբար այն ավելի երկար է տեւում, քան բուն դատողությունը: Դա նման է օրենքին եւ դրա մեկնաբանությանը: Ով երբեւէ կարդացել է որեւէ մեկնաբանություն, կվկայի ասածս: Հիմա անցնենք հերքմանը: 

Կարծում եմ, որ Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնվելու եւ այդ երկրում միջուկային զենք տեղադրելու ցանկությունն առավել քան իրատեսական էր: Բայց այն ուներ իր նախապատմությունը, որն առնչվում է 2014 թվականի պատերազմում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքները կորցնելուն: 2019-ի մայիսին Ուկրաինայի նախագահ ընտրվելով՝ Վլադիմիր Զելենսկու ուշքն ու միտքը Դոնեցկն ու Լուգանսկը վերադարձնելն էր: Ինչը բնական է՝ հիշենք կրտսեր Ալիեւին: Դրա հաջողության դեպքում հերթը կհասներ Ղրիմի թերակղզուն: Կրկին հիշենք Իլհամին՝ հիմա էլ աչք է տնկել Սյունիքի վրա: Զելենսկու մտադրությունն ակտիվ փուլ մտավ արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո: Այն վերածվեց հստակ ուղղորդված քաղաքականության, եւ նա խոսքից անցավ գործի: 

Առաջին հերթին դրվեց երկրի ռազմական ուժերի սպառազինության արդիականացման խնդիրը: Հենց միայն մի քանի տասնյակ թուրքական բայրաքթարներ գնելը դրա դրսեւորումն էր: Իսկ դա հիմնականում հարձակողական զինատեսակ է: Սպառազինություն էր գնվում նաեւ արեւմտյան երկրներից: Բանակային զորավարժանքները դարձան հաճախակի: Ես ռազմական փորձագետ չեմ ու չեմ հաշվել դրանց քանակը 2019-ի մայիսից այս կողմ, բայց վստահ եմ, որ դրանք ավելի շատ են եղել, քան նրա՝ նախագահ դառնալուց առաջ: Եվ հատկապես 2020 թվականի մեր պատերազմը: Սակայն հասկանալով, որ Ուկրաինան միայնակ ոչինչ չի կարող անել ընդդեմ Ռուսաստանի, Զելենսկին փորձեց «խաղի» մեջ ներգրավել ՆԱՏՕ-ին: Իսկ որ Դոնեցկի ու Լուգանսկի վրա հարձակումն առաջ էր բերելու ՌԴ-ի միջամտությունը՝ կասկածից դուրս էր: Ոչինչ, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի բախումը կարող էր կործանել երկրագունդը: Կարեւորը Ուկրաինան էր, սակայն հենց Ուկրաինան էլ դարձավ զոհը:

Արեւմուտքի ներգրավումը ենթադրում էր մասնակցություն թե՛ սպառազինության մատակարարման եւ թե՛ կենդանի ուժի տեսքով: Այդ ենթադրությունը միս ու արյուն էր ստանում անցյալ տարեվերջից Արեւելյան Եվրոպայի երկրներում ամերիկյան սպառազինության լրացուցիչ տեղակայման շնորհիվ: Ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ական զինվորականների հայտնվելու շնորհիվ: Կիեւի մետրոյում նման զինվորականների լուսանկարն անձամբ եմ տեսել՝ մոտավորապես՝ «մեր փրկիչները» մակագրությամբ: Արդեն խոսվում էր նաեւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ ներառելու հնարավորության մասին՝ ի պատասխան ռուսական հնարավոր ներխուժման: 

Ի դեպ, հենց 2021-ի դեկտեմբերի կեսերին առաջին անգամ բարձրաձայնվեց, թե ՌԴ-ն գալիք գարնանը հարձակվելու է Ուկրաինայի վրա: Դա կատարվեց շվեդական պարբերականներից մեկի միջոցով: Կանխազգալով մոտալուտ պատերազմը՝ Ռուսաստանը փորձեց հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Հենց կանխազգալով եւ ոչ թե այն նախագծելով՝ ընդունեք, որ դրանք խիստ տարբեր բաներ են: Պատերազմին նախորդած երկու ամսում Ռուսաստանը փորձեց ԱՄՆ-ի հետ պայմանավորվել անվտանգության հավասարաչափ երկկողմանի ապահովման հարցում: Հիշենք ՌԴ նախագահի նախաձեռնությունը եւ ԱՄՆ-ի բացասական պատասխանը: Ինչպես նաեւ հայաստանյան ռուսատյացների ձեռառնոցին՝ սա էլ միջանկյալ: Փորձը կրկնվեց, սակայն կրկին ապարդյուն: ԱՄՆ-ն այդպես էլ չցանկացավ ընդունել, որ Ուկրաինան պետք է մնա չեզոք երկիր՝ կատարելով բուֆերի դեր ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ: 

Այսպիսով, եթե ԱՄՆ-ն համաձայներ Ուկրաինայի չեզոք կարգավիճակին, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի խնդիրն էլ լուծվեր այդ երկրի՝ դաշնային հանրապետության ձեւափոխվելու ճանապարհով, ապա հաստատ չէր լինի այսօրվա պատերազմը: Հատկապես որ Ռուսաստանը կողմ էր արտահայտվում հենց այդ ձեւաչափին: Բնականաբար, Ղրիմի հարցը մեջտեղից համարյա դուրս էր եկել, քանի որ հատկապես դրա պատճառով ՌԴ-ի դեմ սահմանված սանկցիաները հիմնականում վերացվել էին: Բայց ԱՄՆ նախագահը չընդունեց խաղաղության առաջարկը: Թե ինչու՝ պետք է պարզեն ամերիկյան լրագրողները: 

Դրանից կրկնակի ոգեւորված Զելենսկին ընտրեց պատերազմի ճանապարհը, ինչին նպաստեց նաեւ ռուսատյացությունը. այն հզոր է տրամաբանությունից: Այդ ամենի արդյունքում իրենց կյանքով ու գույքով այսօր «վճարում» են Ուկրաինայի քաղաքացիները: Իսկ ԱՄՆ նախագահն ընդամենը աղոթում է նրանց համար: Այստեղ է, որ ծագում է հարցը՝ իսկ ո՞վ էր պատերազմի գլխավոր պատասխանատուն: Սակայն այդ հարցն այսօր ոչ մեկին չի հետաքրքրում. Ռուսաստանը հարձակվել է եւ, ուրեմն, աշխարհի աչքում վերածվել է զավթիչ պետության: Աշխարհի եւ «մեր ժողովրդավարների»: Իսկ Դոնեցկի եւ Լուգանսկի տարածքների հրետակոծումներն ու ահաբեկչական խմբերի ներթափանցումները մոռացվել են: Դա հիշելու փոխարեն ավելի ազդեցիկ է ծաղրանկարում ՌԴ ղեկավարին Երրորդ Ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերի նման պատկերելը: Պատկերացնո՞ւմ եք՝ 1939-ին Լեհաստանի դեմ ճիշտ նույնպիսի ռազմական  գործողություն, ինչպիսին այսօր ռուսականն է, նախաձեռնած Հիտլերին: Անձամբ ես չեմ պատկերացնում:

ՀԳ. Այս հոդվածը պետք է գրվեր, քանի որ անընդհատ մեղադրվում է մի կողմը, սակայն ստվերում է մնում մյուս երկու կողմերի վարքը: Դա հատկապես զարմանալի է մեր երկրում, որն այս հակամարտության մեջ տրամաբանորեն ռուսական կողմից պետք է լիներ՝ Արցախի հարցով պայմանավորված: Եթե նույնիսկ չլիներ Ռուսաստանի դերը Արցախի մնացած մասի եւ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Տարբերությունը Հայաստանի ու Ռուսաստանի չափերի ու կարողությունների մեջ է: Սակայն կյանքը ցույց տվեց, որ հայաստանյան «ժողովրդավարներն» առաջնորդվում են ոչ թե հայրենիքի մտահոգությամբ, այլ մնացած ամեն ինչով: