Ադրբեջանի նախագահը, երեւում է, մտասեւեռվել է մի գաղափարի

Ադրբեջանի նախագահը, երեւում է, մտասեւեռվել է մի գաղափարի

Ադրբեջանի նախագահը, երեւում է, մտասեւեռվել է մի գաղափարի՝ ԱՊՀ-ում եւ առհասարակ աշխարհում կարծրատիպ ներդնել, որ Հայաստանը «հերոսացնում է ֆաշիզմը»: Եկող մայիսին կնշվի նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 75-ամյակը: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ընդունել է Մոսկվայում տոնակատարություններին մասնակցելու՝ ՌԴ նախագահից ստացած հրավերը: Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի ներդրումը հսկայական է: Այդ համապատկերին Ադրբեջանի «մեծագործությունները» խամրում են:

Բավական է ասել, որ պատերազմում ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացել է 109 հայորդի եւ ընդամենը 48 ադրբեջանցի: Ալիեւը հասկանում է, որ հաղթանակի տոնակատարություններին ընդառաջ ռուսաստանյան եւ միջազգային մամուլն անդրադառնալու է թեմային, բնականաբար արվելու են համեմատություններ: Մանավանդ Ռուսաստանում երիտասարդ սերունդն իմանալու է հայազգի զորավարների, գեներալների, ԽՍՀՄ հերոսների, Փառքի շքանշանի ասպետների մասին: Իսկ դա որոշակի հանրային կարծիք անկասկած ձեւավորելու է, ինչպես նաեւ՝ քաղաքական վերաբերմունք: Դրան հակազդելու, հնարավոր հետեւանքները չեզոքացնելու այլ միջոց, քան Գարեգին Նժդեհի «նացիստական անցյալի» թեման է, Ալիեւը չունի: Այդ ուղղությամբ ԱՊՀ երկրների Աշխաբադի գագաթաժողովում ձեռնարկած նախահարձակումը ցանկալի արդյունքի չի բերել:

Երեւանում ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի ներդրումը հսկայական է: Իսկ ԱՊՀ մյուս երկրների համար, ըստ էության, Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի գոյությունից «ոչ տաք է, ոչ՝ սառը»: Նժդեհի դեմ տրամադրված են միայն Ադրբեջանում, բայց ոչ թե «ֆաշիստների հետ համագործակցելու» պատճառով, ինչպես փարիսեցիորեն Ալիեւն է փորձում ներկայացնել, այլ՝ որ 1920-21թ.թ. նա կազմակերպել է Սյունիքի ինքնապաշտպանությունը, թույլ չի տվել, որ այնտեղ հաստատվի բոլշեւիկա-ադրբեջանական իշխանություն: Ձախողվելով ԱՊՀ-ում եւ հատկապես Ռուսաստանում, Ալիեւը որոշել է Նժդեհին եւ Հայաստանին վարկաբեկելու գործում վարձահրավիրել մի քանի հրեական կազմակերպությունների, որոնց ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու եւ հայտարարել, որ Ադրբեջանը «բազմադավան եւ բազմազգ պետություն է՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ հրեաներ չկան»: Հրեաներ, պետք է ասել, չկան նաեւ Ադրբեջանում: Նրանք Բաքվի դժոխքից իրենց փրկել են  1989-91թվականներին: Իսկ մարդահամարի պաշտոնական տվյալներով «հրեա» գրանցված 4-4,5 հազար մարդիկ հուդայականություն ընդունած էթնիկ թաթեր են, որոնց Միրջաֆար Բաղիրովը տվել էր «լեռնային հրեա» անվանումը:

Տեղյա՞կ են այս իրողությանն Ալիեւի ընդունելությանը ներկայացած հրեական կազմակերպությունների ղեկավարները: Ամենայն հավանականությամբ՝ այո, բայց դա չի խանգարել, որ Ալիեւը նրանց հորդորի միջազգայնորեն հետապնդել Երեւանում Նժդեհի արձանն ապամոնտաժելու նպատակ եւ «Հայաստանի իշխանություններին պարտադրել, որ կատարի այդ պահանջը»: Ըստ երեւույթին, եկել է սեպը սեպով հանելու ժամանակը, եւ մենք պետք է բարձրացնենք երկու թեմա: Առաջինը՝ միջազգայնացնել Բաքվում թուրք «ազատարար զինվորի» հուշարձանն ապամոնտաժելու պահանջ: Տասնյակ երկներ ճանաչել են ցեղասպանությունը եւ իրավասու են պարտադրել, որ Ադրբեջանը կատարի այդ պահանջը, որովհետեւ այդ արձանն անարգում է մեկուկես միլիոն անմեղ զոհերի եւ Բաքվի 1918թ. ջարդերի զոհերի հիշատակը: Երկրորդ՝ խնդիր հարուցել, որպեսզի  վերականգնվի ծնունդով Ադրբեջանից ԽՍՀՄ հերոսների հիշատակը: Մասնավորապես, Գյանջայում վերստին կանգնեցվի ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, վերակառուցվի Չարդախլուի Պատվո թանգարանը, Բաքվի փողոցները կրկին կոչվեն ծնունդով այդ քաղաքից ԽՍՀՄ հայազգի հերոսների անուններով: Ֆաշիզմի հետ Նժդեհի «համագործակցությունը» չի ապացուցվել նույնիսկ բերիական քննչական մարմինների կողմից, նրան դատել են Տաթեւի մոտ «կարմիրբանակայինների եւ կոմունիստների գնդակահարության» մեղադրանքով: Իսկ որ ծնունդով Ադրբեջանից՝ Հայրենական մեծ պատերազմում բացառիկ խիզախության համար ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացած հայորդիների հիշատակն անկախ Ադրբեջանում պղծվել եւ անարգվում է՝ անհերքելի իրողություն է: Ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է միջազգայնացնելու այն: Հայաստանի արտաքի՞ն գործերի, թե՞ պաշտպանության նախարարությունը: