Պատմությունը «ազգափրկիչներ» ու «մեսիաներ» շատ է տեսել

Պատմությունը «ազգափրկիչներ» ու «մեսիաներ» շատ է տեսել

Մինչ հայաստանյան հանրությունը մասամբ Երեւանի կենտրոնական հրապարակում, մասամբ հեռուստաէկրանների առաջ, ու մասամբ էլ համացանցում հետեւում է ասպարեզ իջած նոր առաջնորդի «բեմելին», հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը կայանալու է օգոստոսին վերջին՝ Մոսկվայում։ Սակայն սա չէ կարեւորը։ Կարեւորը համացանցում՝ սոցկայքային հայաստանյան սեգմենտում նկատելի հայրենասիրության գերդոզայավորված վիճակն է, քաղաքական տրամադրությունների շիկացումը, որ «ֆեյսբուքյան ու տելեգրամյան օդը թվում է, թե էլեկտրականացած է» ու թվում է, թե ուր որ է պայթյուն կլինի։

Մինչդեռ, նրանք, ովքեր կրոնի, հատկապես՝ քրիստոնեության պատմություն են ուսումնասիրել, քիչ թե շատ, կհիշեն, որ 1-ին դարում Հռոմեական կայսրության ամենափոքրիկ անկյուններից մեկում, որը հետո կոչվելու է Սուրբ Երկիր, գրեթե նույնատիպ կրքեր էին եռում։ Բոլորի ուշադրությունը սեւեռված էր «Մեսիայի» մասին մարգարեության վրա։ Բոլորը սպասում էին «Մեսիային» ու բանը հասել էր այնտեղ, որ մարգարեությունը մեկնաբանում էին կայամական կերպով ու «Մեսիային» ներկայացնում էին որպես քաղաքական առաջնորդ, զորավար, որ գալու է ու ազատագրելու է Իսրայելի ժողովրդին Հռոմեական լծից՝ վերականգնելով Սողոմոն թագավորի ժամանակների Հրեաստան պետությունն իր երբեմնի հզորությամբ։ Ու մինչեւ մթ 70 թվականը այդ կրքերը եռում էին, չնայած ճշմարիտ Մեսիան, ի դեմս Հիսուս Քրիստոսի եկել էր, չէր ընդունվել, ենթարկվել էր մահապատժի, մեռել էր, հարություն առել ու համբարձվել։ Ու ժողովրդի «կուրացածությունը» հանգեցրեց նրան, որ սկսվեցին որոշակի խժդժություններ ընդդեմ Հռոմեական իշխանությունների, որոնք էլ բերեցին նրան, որ մթ 70 թվականին Երուսաղեմն ավերվեց, Երուսաղեմի հռչակավոր սրբություն հանդիսացող Տաճարը քարուքանդ արվեց ու թալանվեց, հրեաներն էլ սփռվեցին աշխարհով մեկ ու նույնիսկ արգելվեց նրանց բնակությունը Երուսաղեմի տարածքում։ Պատմությունը «ազգափրկիչների» ու «մեսիաների» շատ է տեսել, հաճախ էլ ոգեւորության գագաթնակետին հասած, իրականությունից կրտված ու գերլարված հասարակությունը «թացը չորի հետ վառել է» ու չի հասկացել, թե ինչ է անում։

Իհարկե, այսօր ժամանակներն այլ են, պայմանները այլ են, իրականությունը այլ է, քան որ կար Սուրբ Երկրում 1-ին դարում, սակայն տրամադրությունները, հատկապես՝  համացանցում բավական նման են։ Շատերը «Ֆեյսբուքում» կամ «Տելեգրամի» ալիքներում այսօր գրառումներ էին կատարում, որ իրենց «սիրտը վկայում է, որ Նիկոլը այսօր հեռանալու է», հայտնի «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն էին տարածում։ Էդգար Ղազարյանը նախկին դեսպան է։ Դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող, քաղաքականությանը, հատկապես՝ մեր ռեգիոնին վերաբերող քաղաքականությանը ենթադրելի է, որ պետք է ծանոթ լինի։ Ու պետք է հասկանար այն, որ Հայաստանում իշխանության փոփոխման մի ճանապարհ կա, եթե նման փոփոխության անհրաժեշտության մասին լինի ռեգիոնալ խաղացողների կոնսենսուս կամ եթե գլոբալ ուժային կենտրոնը, որն ավանդաբար մեր ռեգիոնի «նայողն» է` ի դեմս Ռուսաստանի, նման որոշում կայացնի։ Իսկ նման որոշման կայացման, կամ նման կոնսենսուսի մի տարբերակ կա, եթե, օրինակ, համոզվածություն ձեւավորվի, որ եկող իշխանությունը ներկայիս գործող իշխանությունից ավելի լավ կծառայի Հարավային Կովկասի նոր ճարտարապետության ձեւավորմանը։ Այլ ճանապարհ գոյություն չունի։ Ու պետք է աշխատել ոչ թե ընդդիմադիր զանգվածի, այլ հանրային «անտարբերների շերտի» հետ։ Հակառակ դեպքում, ցանկացած «ազգափրկիչ» ունենալու է թիթեռնիկի կյանք, որքան էլ որոտընդոստ լինի նրա «բեմելը» եւ իր քայլերով ամրապնդելու է գործող իշխանությունների դիրքերը։