Աշխարհը պետք է պատրաստ լինի նոր պանդեմիաների․ ԱՀԿ

Աշխարհը պետք է պատրաստ լինի նոր պանդեմիաների․ ԱՀԿ

Միջազգային հանրությունը պետք է դասեր քաղի ներկայիս կորոնավիրուսային պանդեմիայից եւ պատրաստվի նոր համաճարակների եւ պանդեմիաների։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։ Տեսակապի միջոցով դիմելով փոքր կղզի-պետությունների առողջապահության համակարգը ներկայացնողների գագաթնաժողովի մասնակիցներին, նա մասնավորապես ասել է․ «Մենք բոլորս պետք է քաղենք ներկայիս պանդեմիայի դասերը»։

Նա ընդգծել է, որ պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի աշխարհը պատրաստ լինի նոր համաճարակների եւ պանդեմիաների, դրանց կանխարգելմանը, հայտնաբերմանն ու արագ արձագանքմանը, առաջնային բուժօգնության համակարգի ուժեղացմանը։ Գեբրեյեսուսը նաեւ խոսել է պատվաստումային անհավասարության եւ պատվաստումային նացիոնալիզմի մասին, որի հետեւանքով աշխարհի հարուստ եւ աղքատ երկրների միջեւ անհավասարությունը նույնսիկ պատվաստումային հարցում խորացել է։ Ներկայումս աշխարհում կատարված պատվաստումների 77 տոկոսը բաժին է ընկնում 10 պետությունների։ Իսկ շատ երկրներ, որոնք ունեն աղքատիկ եկամուտ, չեն կարողանում բավարար քանակությամբ պատվաստանյութ հայթայթել։