«Մենք ազատ շնչելու ազատություն ստացանք»

«Մենք ազատ շնչելու ազատություն ստացանք»

Այսպես է բնութագրվում նիկոլական ժամանակաշրջանը՝ նրա աջակիցների կողմից: Հասկանալի է, իհարկե, որ ավելի գրագետ ձեւակերպումը կլիներ «մենք ազատ շնչելու հնարավորություն ստացանք»-ը: Բայց, ինչպես ասվում է, մեղադրելու չէ՝ դա է «նիկոլական ժողովրդի» գրագիտության մակարդակը: Ու դա պետք է հենց այդպես լիներ, որովհետեւ խելքը գլխին ոչ մեկը չէր կարող հունիսի 20-ին քվե տալ Նիկոլի կուսակցությանը: Լիներ նա Երեւանի փոքր կենտրոնի, թե ամենաաղքատ որեւէ բնակավայրի բնակիչ: Լիներ բժիշկ թե ուսուցիչ, գործարար, բանվոր թե գործազուրկ: Կամ էլ նույնիսկ նրանց շրջանակից, ովքեր 2018-ի ապրիլին գետնին նստած կամ պառկած վիճակում փողոց փակելով եկան իշխանության: Նրանց շրջանակից, ովքեր փողոց փակելու շնորհիվ հնարավորություն ստացան ֆռֆռալու «պադավատներով», պետության, իմա՝ հարկատուներիս հաշվին, արտասահմանյան գործուղումների մեկնել, հսկայական պարգեւավճարներ ստանալ եւ այլն: Ում անելիքը ձմռանը՝ տաք, իսկ ամռանը հով դահլիճում նստած՝ կոճակ սեղմելն է: 

Ի դեպ, այդ ամենն անցողիկ է, իսկ նիկոլական իշխանության վերարտադրությունը բազմապատկում է հայրենիքը մաս առ մաս կորցնելու վտանգը: Եվ խելքը գլխին մարդը չէր ցանկանա, որպեսզի սեփական, թեկուզ անցողիկ հաճույք ստանալը տեղի ունենար հայրենիքի կորստյան գնով: Եվ Հայաստանի Հանրապետության խելքը գլխին քաղաքացին կհասկանար, որ Նիկոլի վերարտադրության դեպքում հայրենիքի հանդեպ սպառնալիքների վտանգը մտացածին չէ: Այն առավել քան իրական է, այն չափից դուրս իրական է: Այն Սյունիքի եւ Գեղարքունիքի երեկվա տարածքային կորուստն է, Երեւան-Կապան ճանապարհն է, վաղը հերթը կհասնի Արարատի եւ Տավուշի մարզերին, այն…

Ընդամենը մեկ օրինակ հարեւան Վրաստանից: 2004 թվականի «վարդերի հեղափոխությունից» հետո թուրքական կապիտալի առջեւ բացվեց Սեւ ծովի ափին գտնվող՝ Թուրքիային սահմանակից Բաթումի քաղաքը: Սկզբնական շրջանում դա ցնծությամբ ընդունվեց՝ նոր աշխատատեղեր, բարձրահարկ գեղեցիկ շինություններ, ծառայությունների ակտիվացում եւ այլն: Սակայն մեկուկես տասնամյակ անց թուրքական կապիտալն արդեն տեր ու տնօրինություն է անում քաղաքում, Բաթումին լցված է թուրքերով, իսկ վրացիներն իրենց երկրում ապարդյուն փորձում են խոչընդոտել մահմեդական մեծ մզկիթի կառուցման ծրագիրը: Փորձում են խոչընդոտել թե՛ փողոցային բողոքի ակցիաների միջոցով եւ թե՛ Բաթումիի քաղաքային իշխանության մակարդակում:  
Իսկ հիմա անցնենք հոդվածի բուն վերնագրին, դրա բովանդակության առարկայական քննարկմանը: Նիկոլը մարդկանց տվեց ազատ շնչելու հնարավորություն՝ ասում են նրանք, ովքեր այլ փաստարկներ չեն կարող ներկայացնել առ այն, թե ինչու են աջակցում նրան: Ու ծագում է հարցը՝ իսկ նախկինների օրոք իրենք զրկվա՞ծ էին դրանից:

Նախկինների օրոք որեւէ ձեւով փակվե՞լ էր զուտ շնչելու, խոսելու, վիճելու, պայքարելու հնարավորությունը: Ոնց որ թե՝ ոչ․ դա ասում եմ սեփական փորձից: 2000-ականների սկզբից ես պայքարել եմ նախկինների իշխանության դեմ, երբեմն ստացել եմ սպառնալիքներ, պատահաբար խուսափել եմ ոստիկանական մահակից, բայց շարունակել եմ պայքարը:

Իսկ դա նշանակում է, որ ես եղել եմ ազատ ու ակտիվ կյանք եմ վարել նախկինների օրոք, եւ ինձ համար անհրաժեշտ չէր, որպեսզի գար Նիկոլն ու այդ հնարավորությունը տար ինձ: Ու ես չեմ հիշում, որ նման փաստարկում անողները երբեւէ եղած լինեին իմ կողքին՝ փողոցում, ընտրատեղամասում եւ թե նույնիսկ Ֆեյսբուքում: Եվ այնպես չէր, որ մեկը գործարարի ջիղ ունենար ու չկարողանար զբաղվել դրանով: Իհարկե, կային գործարարներ, որ խնդիր էին ունենում եւ այն աստիճան, որ հեռանում էին: Սակայն մյուսները մնում էին, չէ՞, այստեղ եւ իրենց հնարավորություններին համապատասխան գործ անում:

Ի վերջո, նիկոլական իշխանության ավելի քան երեք տարվա ընթացքում չապացուցվեցին, չէ՞, քոչարյանական 4 միլիարդի եւ սաշիկյան «հիսուն-հիսունի» առասպելները՝ անընդհատ ու պարբերաբար տարածվող Նիկոլի թերթի կողմից:  

Այնպես որ՝ կարելի է արձանագրել, որ իբրեւ թե ազատ շնչելու հնարավորություն ստանալու վերաբերյալ կեղծ մտավարժանքն ընդամենը հայրենասիրության բացարձակ բացակայության քողածածկույթ է: Իհարկե, այն դեպքում, երբ նման բան ասողն ընկալում է նիկոլիզմի վտանգը հայրենիքի առումով: Դե իսկ վտանգի չընկալման դեպքում ասվող խոսքն ընդամենը կրկնօրինակված օդի տատանում է՝ ճիշտ այնպես, ինչպես նոր խոսել սովորող երեխայի դեպքում: Իսկ այդ քողածածկույթը վաղը շատ ավելի ծանրագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու մեզ, եթե չկարողանանք իշխանությունից հեռացնել Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունը կրող անձին: