Պաչյան ռևյու
Վահան Թոթովենց. Նյու Յորք
«- Հա՞յ եք:
- Այո՛:
Երբ հայ լինելս իմացավ, սկսեց հայերեն խոսել:
- Ես քեզ լավ գործ կճարեմ,- ասաց,- դու լավ մանչ ես, բայց մի քանի թեթեւ պայմաններ կան, որոնց պետք է հնազանդվես» (Վահան Թոթովենց, «Երկեր», գիրք 2, էջ 314):
Մերոնք են՝ դարասկզբի ԱՄՆ-ում՝ քաղաքների քաղաք Նյու Յորքում: Մեկը՝ օրեր առաջ ամերիկյան հողի վրա ոտք դրած եկվորը, գործ է փնտրում, մյուսը կամ մյուսները՝ ազգակիցները, արդեն իսկ փոքր բիզնես դրած ոչ խոշոր առեւտրականներ են, ինչպես նաեւ կեղծ քարոզիչներ, խարդախներ, երեսփոխաններ, բախտախնդիր թափթփուկներ: Ահա, նրանցից մեկը եւս․ «Նյու Յորքում» քաղաքի X եկեղեցու մի հայ պատվելի դրամատիկական ակադեմիայի մասին երազող անանուն հերոսին լրջորեն իր սկզբունքներն է ներկայացնում՝ «- Եվ շատ դժվարին սկզբունք է՝ անել մի գործ, որին չես հավատում, ծառայել մի գործի, որի ամենավերջին մասնիկը փուչ է, անբովանդակ, սա շատ-շատ դժվար է, իմ անփորձ տղաս, շատ դժվար է տանելի սկզբունք է» (էջ 315): Քայլ առ քայլ Նյու Յորք ժամանած, առաջին իսկ րոպեից անօթեւան՝ տանիք ու աշխատանք փնտրող տղային այսօրինակ բովանդակությամբ սկզբունքներ հանդիպում են գրեթե ամենուր:
Վահան Թոթովենցի «Նյու Յորք» պատմվածքը (կամ վիպակը), որ նախկինում բնորոշվել է որպես խորհրդահայ հրապարակախոսական գեղարվեստական արձակի նմուշ, առաջին անգամ լույս է տեսել 1927 թվականին՝ «Նորք»-ի 1-ին գրքում, ապա նույն տարում հրատարակվել է առանձին գրքով: «Նյու Յորք»-ը թարգմանվել է նաեւ ռուսերեն, ներառվել «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպի հետ՝ նույն հատորում: Թոթովենցը 1929 թվականին Երեւանում հրատարակում է «Ամերիկա» պատմվածքների ժողովածուն, որն ընդգրկում է տասներկու պատմվածք, սակայն «Նյու Յորքը» գրքում տեղ չի գտնում, հավանաբար, Թոթովեցն այս ստեղծագործության բնույթն ու առաջադրած խնդիրն առանձին է դիտարկել՝ թեմատիկ ժողովածուից դուրս: Հետագայում «Նյու Յորքը» վերահրատարակվում է Վահան Թոթովենցի «Երկերի» (Երեւան, «Խորհրդային գրող», 1989թ.) երկրորդ հատորում՝ «Ամերիկա» խորագրով շարքում:
Այսպիսով՝ «Նյու Յորք»-ը:
Կապիտալիզմի բուն սիրտը ոտք դրած երիտասարդ եկվորի աշխատանքի փնտրտուքը, որի վերջնական նպատակն է դրամատիկական ակադեմիայում ուսանելու երազանքի իրագործումը (Թոթովեցն իր հերոսին՝ ասես դիտավորությամբ, ռոմանտիկ ու հեգնական պատրանքով է օժտում, որպեսզի ի բնե ցույց տա կապիտալիստական սիստեմում այդ պատրանքի դատապարտված լինելը), պատմածքի story-ն է: Արեւելյան գորգերի ռեստավրացիայի արվեստում (ինչը շեշտում է հենց ինքը՝ հերոսը) «- Սա արհեստ չէ, սա արվեստ է,- պատասխանում էի՝ կարծելով, որ գեթ այդ երկուսի տարբերություն կգիտենա այդ ապուշը, որ ամեն ինչ չափում էր բացառապես ամերիկյան դոլլարներով» (էջ 315) հմտավարժ տղան անտունների հետ գնացքի վագոններում, նրանց համար նախատեսված հատուկ կացատներում գիշերելուց հետո վերջապես աշխատանք է գտնում համերկրացիների մոտ՝ գորգերի վերանորոգման, մաքրման ու լվացման արհեստանոցներում (որոնց ոչ մի կերպ արվեստանոցային վերտառել հնարավոր չէ):
Թոթովենցի առաջադրած Ամերիկայում ու ամերիկյան աշխարհում հանդիպող հայրենակիցները հիմնականում չարչիներ, խարդախներ, հանցագործներ, վաշխառուներ ու թափթփուկներ են: «Փարա սարքողների» շքախումբ է, որոնց մեջ են նաեւ «Նյու Յորքով» անցնող կարեւոր ու նույնքան էլ հպանցիկ անձինք՝ X եկեղեցու մի հայ «պատվելի», խաբեբա, կեղծ աստվածապաշտ ու քրիստոնյա, որի կյանքի փիլիսոփայությունն «անկեղծ խարդախությունն» է: Եվ Թոթովենցի հերոսը զայրացկոտ բացականչում է․ «Ես քեզ չեմ մոռանա, հայ քրիստոնյա, դու ինձ սովորեցրիր ավելի շատ, քան բոլոր գրքերը՝ քեզպեսների մասին գրված» (էջ 316): Գորգերի խանութի սեփականատեր՝ զեղծարար պրն Խնալյանը, որ, պարզվում է՝ խանութի իր հանգստասենյակը պոռնկատուն է դարձրել, աշխատակիցների օգնությամբ գնորդ կանանց գայթակղում է Փոքր Ասիայի խորքերից բերված մանուշակից պատրաստված քաղցրավենիքով եւ անուշ յուղերով օծուն փոքրիկ «ֆանտաստիկ բաղնիսով»: Եվ էլի ուրիշներ:
Թոթովենցի Նյու Յորքը մարդկության կոկորդին կանգնած հավաքական թշնամի է, ամբողջովին թշնամական էություն, ինչպես ասում են՝ գրքերից դուրս՝ կյանքի ծանրագույն դպրոց, հակառակորդ-կապիտալիզմի վայրի, մեֆիստոֆելյան աշխարհ, որ պատմվածքում սահմանվում է որպես ավելի վատ տեսակի օփիում, քան եկեղեցին է ու կրոնը: Թոթովենցյան այս հակակրական, արատավոր աշխարհի հանդեպ ցասմամբ, անարդարության խորը զգացումով լցված պատմվածքի հերոսի ձեւակերպած պաստառային բնորոշումների տոնայնությունը մերձակից է Մաքսիմ Գորկու՝ Նյու Յորքը պատկերող «Դեղին Դեւի քաղաքը» ուղեգրական ակնարկի եղանակին:
Հեղափոխության համար դրամահավաք կազմակերպելու նպատակով 1906 թվականին բոլշեւիկների հանձնարարությամբ Գորկին մեկնում է Նյու Յորք, որտեղ էլ գրում է իր հայտնի «Ամերիկայում» ուղեգրական ակնարկների շարքը: Թոթովենցն Ամերիկա է մեկնում 1909 թվականին, ուսանում է Վիսկոնսի համալսարանում, Նյու Յորքում աշխատում իր բարեկամներին պատկանող արեւելյան գորգերի վաճառատանը:
Ահա, Թոթովենցի հերոսի՝ կապիտալիզմը մերկացնող բանաճառը․ «Նյու Յորք 5-րդ ավընյու, ուր կապիտալն ամեն օր արձանագրում է մարդկային սարսափելի անկումներ ու բարձրացումների պատմությունը, այսօր մագնատ, տեր ու տիրական ամբողջ դասակարգերի, հաջորդ օրը ընկած մարդկային խորխորատը, գալարվում է կարիքի, չքավորության, անհեղինակության աղիողորմ ճիրաններում: Մռնչում է այստեղ կապիտալը, տարածում է իր վայրենի ճիրանները, կարծես ոռնում է ուժից, հղփացածությունից, ինչպես ոռնում է հազարավոր շների մի ամբոխ քաղցածության եւ ցրտի մեջ թողնված անմարդաբնակ ու անկենդանաբնակ մի կղզում: Գոռում է կապիտալը՝ որպես կատաղած ծովը նոյեմբերին» (էջ 329):
Հետաքրքիր է, որ, ի տարբերություն Գորկու հերոսի, որը Նյու Յորք է ժամանել հեղափոխության համար գումարներ հայթայթելու հույժ կարեւոր առաքելությամբ, Թոթովենցի հերոսի՝ դրամատիկական ակադեմիայի ուսանող դառնալու փխրուն երազանքն ամենեւին հանրային ու հեղափոխական չէ: Այդուհանդերձ, հենց այդ երազանքի անիրագործելիությունն է այն մղիչ ուժը, որն անգամ ինքնըստինքյան հրումով դեպի հեղափոխությունն է հակում վաճառատներում օրինականությունը շրջանցող խանութպաններից, տարաբնույթ հնարներ բանեցնող համերկրացի վաշխառուներից խաբված ու հարստահարված՝ արեւելյան գորգեր վերանորոգող տղային:
Ի վերջո, նա գտնում է ձախ գաղափարականների ու միանում նրանց շարժմանը:
Կարծիքներ