Հանրությունն ուզում է տեսնել հեղափոխված կանանց, ոչ թե նրանց հեղափոխությունը

Հանրությունն ուզում է տեսնել հեղափոխված կանանց, ոչ թե նրանց հեղափոխությունը
Աննա Հակոբյան

Նվարդ Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին նվիրված ֆիլմը, որը կոչվում է «Նրա հեղափոխությունը», նկարահանվել ու համացանցում տեղադրվել է, երբ Աննա Հակոբյանն արդեն Հայաստանի առաջին տիկնոջ տիտղոսն էր կրում։ Մի կողմ դնելով այդ վիդեոարտադրանքի գեղարվեստական ու բովանդակային կողմը՝ մի քանի դիտարկում միայն անենք։ 
Ֆիլմը հասանելի դարձավ այն նույն ժամանակաշրջանում, երբ Նիկոլի կինը ակտիվ PR արշավ սկսեց մամուլում, իսկ «Հայկական ժամանակը» սկսեց ներկայացնել Աննայի գրասենյակի բոլոր միջոցառումներն ու հանդիպումները։

Միայն դեկտեմբերի 20-ին ՀԺ-ի կայքում 5 նյութ կա այս գրասենյակից, 21-ին ու 25-ին՝ 3-ական։ «Նրա հեղափոխությունը» ֆիլմը հրապարակվեց այն ժամանակահատվածում, երբ Աննա Հակոբյանի՝ «դեկաբրիստի կին» իմիջն արդեն մոռացվում էր, եւ հանրությունն ակտիվորեն քննարկում է նորությունը, որը հնարավոր չէր պատկերացնել ո՛չ Բելլա Քոչարյանի, ո՛չ Ռիտա Սարգսյանի եւ առավել եւս՝ Լյուսյա Տեր-Պետրոսյանի ժամանակներում՝ որ վարչապետի տիկինն իր գործունեության համար հատկացումներ է ուզում ստանալ ՀՀ պետական բյուջեից, իսկ վարչապետը բավարարում է կնոջ այս պահանջը: Խոսվում է, որ Մաշտոցի 47-ը՝ ՀՀ նախագահի նստավայրը, տրամադրվելու է Փաշինյանի տիկնոջը։

Մի խոսքով, եթե Նվարդ Հովհաննիսյանի «կինոն» լիներ «դեկաբրիստի կին» Աննայի կամ ընդդիմադիր թերթի խմբագիր Աննայի մասին, որը փորձում է իր վրա վերցնել ամուսնու ծանր աշխատանքը (իսկ Նիկոլը փայլուն լրագրող էր ու խմբագիր), մինչ վերջինս քաղաքական հայացքների ու ռեժիմին անհնազանդ լինելու պատճառով գտնվում է բանտում, մենք նրան կհասկանայինք։

Բայց Աննա Հակոբյանն առաջին տիկին է, նա այլեւս չի կարող հանրության գութը շարժել, առավել եւս՝ ընկալվել որպես հեղափոխության լեգենդ, ինչը փորձում է անել հեղինակը։ Նախ, հանրությունը հեղափոխության շարունակություն է ուզում, ուզում է տեսնել հեղափոխված վերնախավ եւ վերնախավի ներկայացուցիչների հեղափոխված կանանց, որոնք ավելի համեստ են, ավելի յուրային, քան նախկինների կանայք։ Նա պատրաստ է տեսնել «լոբի մաքրող» Աննային եւ առայժմ չի ընկալում Շվեյցարիայում մեծահարուստ կանանց հետ «կոֆե խմող» ու այդ մասին «համահայկական» հաղորդագրություններ տարածող տիկնոջը։ Եվ ո՞րն է Աննայի  «հեղափոխությունը», եթե նա չի տարբերվելու նախկիններից։ Երկրորդ՝ մարդկանց կեցության ամենահասարակ խնդիրները դեռ լուծված չեն։ Մարդիկ դրան ըմբռնումով են վերաբերվում, հասկանում են, որ ժամանակը քիչ էր, ու համեստորեն սպասում են՝ բնականաբար, համեստություն ակնկալելով նաեւ իր լեգենդար առաջնորդի «լեգենդար» կնոջից։