Երբ կռվում են մեր ռազմավարական բարեկամն ու հարևանը

Երբ կռվում են մեր ռազմավարական բարեկամն ու հարևանը

Վրաստանում ներքաղաքական վիճակը ձնագնդի էֆեկտով լարվում է, կվերածվի՞ այն  հեղափոխության՝ դեռեւս պարզ չէ։ Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման նոր փուլը պաշտոնապես հայտարարված է։ Ռուսաստանը չեղարկել է իր 150 հազար քաղաքացիների այցերը Վրաստան, եւ «Ռոսպոտրեբնադզորն» էլ Վրաստանից Ռուսաստան ներմուծվող ալկոհոլային խմիչքներն է արգելել։ Վրաստանը՝ որպես պատասխան քայլ, հրաժարվել է ռուսալեզու ֆիլմերից։ 

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանն ասում է․ «Եթե նկատում ենք, տարածաշրջանում մեր շուրջ անկայունության գոտիներն են․ սահմանի այն կողմում՝ Իրան-ԱՄՆ, սահմանի մյուս կողմում՝ ռուս-վրացական հարաբերություններ։ Սա, իմ կարծիքով, մի ընդհանուր սխեմայի, մի ընդհանուր պլանի մեջ է։ Չեմ կարծում, որ այս դեստաբիլիզացիան, որ հիմա կա Վրաստանում, զուտ պատահականություն է ու պայմանավորված էր միայն այդ միջադեպով, որը, ի դեպ, ոչ թե ռուսական պատվիրակի մեղքն էր, այլ հենց կազմակերպիչների, որովհետեւ իրենք էին նստեցրել Վրաստանի ամբողջականության դեմ քվեարկած ռուս պատգամավորին իրենց խոսնակի աթոռին»։

Նա այդ աթոռը պատկերավոր համեմատում է Առաջին համաշխարհայինի պատրվակ դարձած Ֆրանց Ֆերդինանդի կրակոցի հետ։ Իսկ տարածաշրջանում անկայունության սխեմայում արցախյան խնդիրը վերջին տեղը չի գրավում։ Մանավանդ որ, Վիգեն Հակոբյանի խոսքով, տարածաշրջանային «քնած» կոնֆլիկտները նման սխեմաների դեպքում ռեինկարնացվում են։ Հակոբյանի կարծիքով՝ այս էսկալացիան կարող է բերել նրան, որ կատարվեն  ինչ-ինչ գործողություններ՝ ուղղված տրանսպորտային հանգույցների բլոկադային, ինչն արդեն իսկ ՌԴ-ի կողմից միակողմանի արվում է։ 

Ակնհայտ է, որ ռազմավարական հարեւանի ու, այսպես կոչված՝ ռազմավարական դաշնակցի միջեւ այս հիբրիդային պատերազմը  կարող է Հայաստանի համար նոր գլխացավանքներ առաջացնել։
Վրացագետ Ջոնի Մելիքյանն էլ կարծում է, որ այս փուլում կողմերը նման քայլի հազիվ թե գնան՝ դա ամենածայրահեղ քայլը կլինի։ «Մանավանդ, որ հռետորաբանությունը գոնե վրացական կողմից նվազելու միտում է ցուցաբերում»,- ասում է նա։ ՌԴ քաղաքացիներին Վրաստանից տարհանելու քայլը Ռուսաստանում ոչ միանշանակ է ընդունվել, եւ որոշ խմբեր անհամաձայնության ֆլեշմոբեր են կազմակերպում։ Օրինակ՝ «Եկատերինա» ֆիլմում ռուսական կայսրության միապետուհուն մարմնավորող Յուլյա Աուգն իր պատին է դրել «Բելավիա» ընկերության քաղաքական գովազդը «Կհասցնենք այն երկրներ, որոնց հետ կռվում է ձեր նախագահը»։ Ռուսաստանցի դերասանուհին նկարի վերեւում գրել է․ «Ես էլ չեմ ուզում, որ երաշխավորը (Սահմանադրությամբ) անձամբ ինձ պաշտպանի։ Ուզում եմ ինքս որոշել՝ ուր թռչել»։