ԲԴԽ-ն այսօր կքննի Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը

ԲԴԽ-ն այսօր կքննի Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ ուղղված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որ նա անհապաղ դադարեցնի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները։

«Խնդրում եմ Ձեզ, որպես ԲԴԽ նախագահ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ»,-գրել է դատավորը, ապա պարզաբանել, թե ինչու է նման պահանջով դիմում ԲԴԽ նախագահին։

Ըստ դատավորի՝ ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2020 թվականի թիվ 114-Ա որոշմամբ վարույթ է հարուցվել իր նկատմամբ, քանի որ «առկա են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված դատավորի վարքագծի կանոնների խախտումների առերևույթ հատկանիշներ» իր կողմից քննվող գործերից մեկով։

Վարույթը պետք է քննի Բարձրագւյն դատական խորհուրդը, որի անդամներից մեկն էլ վերջերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված և ընտրված Գագիկ Ջհանգիրյանն է, ում տարիքային շեմի հետ կապված` վիճահարույց կետեր կային, մասնավորապես՝ բազմաթիվ իրավաբաններ հայտարարեցին, որ Ջհանգիրյանը չի կարող ընտրվել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ՝ կապված տարիքային ցենզի հետ։

Մասնավորապես, Դատական օրենսգրքի 20-րդ գլխում ներառված 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, դատավորի լիազորությունները, ի թիվս այլնի, դադարում են, եթե լրացել է նրա 65 տարին: Իսկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է։

Դատավոր Պետրոսյանը, շարադրելով իր պահանջի հիմքերը, վերլուծելով ու համադրելով մի շարք հոդվածներ, դիմել է ԲԴԽ նախագահին՝ խնդրելով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ։

Մենք խոսեցինք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ ճշտելով, թե արդյոք ԲԴԽ-ն պատրաստվո՞ւմ է ընթացք տալ դատավոր Կարինե Պետրոսյանի հայտարարությանը։

«Ես՝ որպես ԲԴԽ նախագահ և օրակարգ ձևավորելու լիազորություն ունեցող անձ, օրակարգում կներառեմ այդ հարցը, կքննարկեմ, չնայած նրան, որ դա ԲԴԽ նախագահի միանձնյա որոշման անհրաժեշտությունն է, ըստ իս, այնուամենայնիվ, ես այդ հարցը կդարձնեմ օրակարգային հարց, կքննարկեմ Բարձրագույն դատական խորհրդում, կլսեմ նաև իմ գործընկերների կարծիքները, իրավական դիրքորոշումը»,-ասաց պարոն Վարդազարյանը։

-Ի՞նչ է նշանակում՝ միանձնյա որոշման, այսինքն՝ Դուք իրավունք ունե՞ք միանձնյա որոշում կայացնել և դադարեցնել Ջհանգիրյանի լիազորությունները։

-Ըստ գրության՝ էդպես է, տիկին Պետրոսյանի գրությունից ես էդպես եմ հասկանում։

-Իսկ օրենքն ի՞նչ է նախատեսում, Ձեր լիազորությունների շրջանակում Դուք կարո՞ղ եք անմիջապես մեկ գրությամբ դադարեցնել Գագիկ Ջհանգիրյանի կամ ԲԴԽ որևէ այլ անդամի լիազորությունները։

-Օրենքն էդ մասում, իմ կարծիքով, բաց ունի, օրենսդրական կարգավորումը հետևյալն է, որ ԲԴԽ նախագահը հայտարարություն է տարածում։ Հիմա թե այդ հայտարարությունը քննարկման արդյունքում է տարածվում, թե օրենքի ուժով, թե դա էնպիսի լիազորություն է, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ունի՝ անկախ ԲԴԽ կարծիքը հաշվի առնելու, այդ հարցերը դառնալու են այսօր ԲԴԽ-ում քննարկման առարկա։

-Եթե Դուք միանգամից հայտարարություն տարածեք Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, դա խնդիր կառաջացնի՞ օրենքի տեսանկյունից, կարո՞ղ են հետո վիճարկել այն։

-Պարոն Մակարյան, ես շատ հստակ պատասխանեցի, որ այդ հարցը դառնալու է քննարկման առարկա։ Դեռ էս պահին ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել։ Ոչ թե խուսափում եմ պատասխանից, այլ իրավական դիրքորոշում այս պահին դեռ չունեմ հստակ ձևավորված։ Մենք չենք ունեցել պրակտիկա նման հարցի վերաբերյալ, այդ իսկ պատճառով իմ գործընկերների կարծիքն ինձ համար չափազանց կարևոր է։

-Իսկ արդեն խոսե՞լ եք Ձեր գործըկերների հետ այդ թեմայով, նախնական քննարկում ունեցե՞լ եք, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ։

-Դեռ ոչ։ 

-Իսկ ե՞րբ եք պատրաստվում այդ հարցը դարձնել քննարկման առարկա։

-Այո, բայց ժամը չեմ կարող ասել, երբ որ կարողանանք ԲԴԽ-ում ունենանք քվորում, կոնսենսոս, ունենանք բավարար ձայներ, բավարար կարծիքներ՝ լսելու։

-Բա՞ց է լինելու քննարկումը։

-Չէ, քննարկումը չի կարող բաց լինել, քանի որ դա օրենքով նախատեսված քննարկում չէ,  այլ ընդամենը իրավական կարծիքներ լսելու։ Ընդհուպ որոշում կայացնելու անհրաժեշտություն չի լինելու, ընդամենը իրավական դիրքորոշումների ճշտում, կոլեգաների կարծիքների արտահայտում է լինելու, պարտադիր չէ, որ այդ քննարկումը լինի նիստերի դահլիճում կամ նիստի տեսքով տեղի ունենա, դա կարող է լինել սուրճի բաժակի շուրջ նաև։

-Հիմա, եթե դուք նույնիսկ սուրճի բաժակի շուրջ հավաքվեք, և կարծիքների փոխանակում տեղի ունենա, դա հետո իրավական ի՞նչ հետևանք կարող է ունենալ, ընթացակարգային առումով ի՞նչ է սպասվում։

-Ընթացակարգային առումով սպասվում է հետևյալը․ տիկին Պետրոսյանի գրությանը պետք է պատասխան տրվի։ Այդ պատասխանի նախագիծը կամ բովանդակությունը քննարկվելու է ԲԴԽ անդամների հետ, իրենց կարծիքը լսելուց հետո։

-Իսկ հետո դա կարո՞ղ է նախադեպ հանդիսանալ մյուսների դեպքում, հատկապես եթե որոշվի, որ Ջհանգիրյանի լիազորությունները չեն դադարելու, դրանից հետո այլ դատավորներ այլևս իրավունք չե՞ն ունենա նորից վիճարկելու Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների հարցը։

-Չեմ կարող ասել, քանի որ, ասում եմ, նախադեպ չի եղել։ Այսօր-վաղը կձևավորվի այդ նախադեպը։