Ադրբեջանն ուզում է Դադիվանքն «ալբանիզացնել»

Ադրբեջանն ուզում է Դադիվանքն «ալբանիզացնել»

Օրերս Ադրբեջանի Մշակույթի նախարարը հայտարարեց, որ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը «կոչված է հեռացնելու կեղծ գրերը, որոնք հայերը նկարել են ալբանական տաճարների և վանքերի վրա»: 

Այս թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ:

«Սրանով, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ սկսում է Արցախի օկուպացված և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության վերացման կազմակերպված գործընթաց: Հիշեցնեմ, որ դեռևս 2021 թվականի մարտին Ալիևը օկուպացված Հադրութ այցի ժամանակ, մոտենալով 12-րդ հայկական եկեղեցուն, բոլորի աչքի առջև հայտարարում է. «Այս բոլոր գրությունները կեղծ են, դրանք ավելի ուշ են գրվել: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել մեր հնագույն հողերում: Հայերը ցանկացել են հայկական դարձնել այս եկեղեցին և այստեղ հայկական գրություններ են թողել, բայց նրանք ձախողել են»,-մեզ հետ զրույցում ասաց Տաթևիկ Հայրապետյանը: 

Ըստ ադրբեջագետի՝ դրանով իսկ տրվեց մեկնարկ հետպատերազմյան շրջանում հայկական մշակութային ժառանգության վերացման և կեղծման ուղղությամբ: 

«Ադրբեջանի Մշակույթի նախարարությունն անգամ Դադիվանքն է փորձում «ալբանիզացնել»: Մի կողմից, կեղծիքի այս քաղաքականությունը մեզ լավ ծանոթ է, մյուս կողմից, սա հիշեցնում է մեզ հայտնի գործելաոճը, երբ 2000-ականներին սիստեմատիկ կերպով վերացվեցին Ջուղայի հայկական խաչքարերը: Նախիջևանի հայկական բնակչությունից ազատվելուց հետո ադրբեջանական իշխանությունները հայկական հետքը ջնջելու նպատակով սկսեցին նաև իրագործել մշակութային ցեղասպանությունը՝ հողին հավասարեցնելով մոտ 10000-ի հասնող հսկայածավալ քրիստոնեական ժառանգություն՝ եկեղեցիներ, խաչքարեր և գերեզմաններ: Այս գործելաոճը չի փոխվել: 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մենք ականատես եղանք, թե ինչպես անհետացավ եկեղեցին Ջրականում, դա արձանագրվել էր հենց BBC-ի թղթակցի կողմից: Պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծելուց հետո, արդեն օկուպացված Շուշիում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Բաքվի իշխանությունները սկսեցին ամբողջությամբ վերափոխել եկեղեցին: Մի կողմից, մենք գործ ունենք հրահանգված և կազմակերպված «ալբանիզացման», մյուս կողմից՝ մշակութային ժառանգության վերացման հետ:

Նշեմ, որ ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցի՝ պատերազմից հետո «Հայկական պատմական և մշակութային սեփականություն հանդիսացող մոտ 1456 օբյեկտ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրա մեջ ներառված են 161 հայկական եկեղեցի, 591 խաչքար (փորագրված խաչքարեր), Տիգրանակերտի հնագիտական պեղումները, Ազոխի քարանձավը և այլ արժեքավոր վայրեր...»: Հայտնի է նաև, որ հետպատերազմյան շրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձերը այցելել տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին, խոչընդոտվել են Բաքվի կողմից: Այսօր, Բաքուն ակնհայտ խոստովանում է, որ սկսում է հայկական մշակութային ժառանգության վերացման ու կեղծման քաղաքականություն, ուստի պետք է մեծ աղմուկ բարձրացնել և համառ աշխատանք տանել միջազգային կառույցներում ուշադրություն գրավելու և համարժեք արձագանքներ ստանալու համար: Սա որոշակի զսպաշապիկ կլինի Բաքվի համար: Օրինակ, մեծ աղմուկից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ հեռացրել է հայ զինվորներին պատկերող մանեկենները, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակից»: Ուստի կարծում եմ, որ եթե կազմակերպված աշխատանք տարվի, ապա շատ հարցերում կկարողանանք կանխել Ադրբեջանի հանցավոր գործելաոճը կամ համարժեք գնահատականներ ստանալ միջազգային կառույցներից»: