Շարունակվում է քաղաքական դաշտի եւ ընտրահամակարգի կազմաքանդումը
1994թ․ հաղթական զինադադարից հետո չարժեւորեցինք հաղթանակն ու Արցախի փաստացի ազատագրումը, ինչը շարունակվեց իրար հաջորդող՝ գենետիկորեն նույն տեսակի իշխանությունների կողմից, որոնք բանակցային գործընթացներում խնդիր էին դրել ժամանակ ձգել, որի հետեւանքով հասանք «լավրովյան պլանի» պարտադրանքին։
Սկսած 1996-ից, ԱԺ-ում մեկ տասնյակի հասնող պատգամավորներ՝ Էդ․ Եգորյանի նախաձեռնությամբ, իշխանության ներսում փորձում էին ահազանգել ու կանխել արդեն տեսանելի վտանգավոր զարգացումները եւ ձեւավորվող հոռի բարքերը։ 1996թ․ վիճելի նախագահական ընտրություններից հետո այդ խումբը, ՀՀՇ վարչության նիստում ներքաղաքական լարվածությունը լիցքաթափելու համար, առաջարկեց անցկացնել արտահերթ ԱԺ ընտրություններ։ Առաջարկը ոչ միայն մերժվեց մեծամասնության կողմից, այլեւ նիստի ընթացքում ծեծկռտուք հրահրվեց։ Իրավիճակը շտկելու հաջորդ փորձը՝ 1997թ․ ՀՀՇ համագումարին նախաձեռնվեց վիճակի ներկայացումը իշխող կուսակցության պատվիրակներին, ինչն ընկալվեց մասնակիցների 30 տոկոսի կողմից, եւ որին հետեւեցին հետապնդումներ այն մարդկանց նկատմամբ, որոնք փորձում էին կանխել այն ընթացքը, որը տանում էր անխուսափելի աղետի։
Համոզված լինելով, որ իշխանության ներսից այլեւս որեւէ փոփոխություն հնարավոր չէր իրականացնել, 1997թ․ սեպտեմբերին թվով տասը պատգամավորներ դուրս եկան իշխող «Հանրապետություն» միավորումից եւ ձեւավորեցին «Հայրենիք» պատգամավորական խումբը։ Հաշված ժամերի ընթացքում նախաձեռնվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ պետաիրավական հանձնաժողովի նախագահը՝ նոր ձեւավորված պատգամավորական խմբի ղեկավար Էդ․ Եգորյանը, հեռացվեց, իսկ խմբի մնացած անդամներից շատերի նկատմամբ հետապնդումները շարունակվեցին՝ ոչ միայն աշխատանքից ազատելով, այլեւ հարուցելով շինծու քրեական գործեր։
1998թ․ իշխանափոխությունից հետո քաղաքական հետապնդումները «Հայրենիք» պատգամավորական խմբի, իսկ նույն տարում հիմնադրված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ տարբեր ինտենսիվությամբ շարունակվեցին շուրջ երկու տասնամյակ։
1999թ․ օգոստոսին հանկարծամահ եղավ կուսակցության ղեկավար Էդ․ Եգորյանը։ Դա ժամանակին ընկալվեց որպես առեղծված, որը տեղավորվում էր այդ տարիներին գործելաոճ դարձած ստալինյան սկզբունքի մեջ՝ չկա մարդ, չկա խնդիր։
Թվում էր, թե 2018-ը մեր ժողովրդի համար, այդ թվում՝ ԺՀԿ-ի, կդառնար տասնամյակների մղձավանջից դուրս գալու սկիզբ։ Ցավոք, կարճ ժամանակ անց նկատելի էր, որ այս իշխանությունները նախկինների արժեհամակարգի կրողն ու շարունակողն են, եւ նրանք բերվել են «լավրովյան պլանը» կյանքի կոչելու համար, ինչը եւ արվեց՝ պետականությունը հասցնելով կազմաքանդման եզրին։ Այդ ազգակործան ծրագիրն իրականացնելու համար բոլոր կարող ուժերը լուսանցք մղվեցին, նույնը եւ արվեց ԺՀԿ-ի հետ։ Այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասել էր «․․․հիմնադրման օրից «Ժողովրդավարական հայրենիքն» առանցքային դերակատարում է ունեցել ազատության համար մղվող պայքարում՝ իր վրա ընդունելով քոչարյանա-սերժական բռնապետության բազմաթիվ վայրագ հարձակումներ»։ Քաղաքական գործունեության ընթացքում բազմիցս հետապնդումների ենթարկված Պետրոս Մակեյանը 2008թ․ փետրվարին առաջիններից մեկը դարձավ «քաղբանտարկյալ», եւ այս ամենից հետո նույն Նիկոլի իշխանության ժամանակ կրկին Պետրոս Մակեյանի ընտանիքը ենթարկվեց հետապնդումների՝ 2019թ․ հոկտեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից կազմակերպված հատուկ օպերացիայով։
Ցավոք, պետք է արձանագրենք մեկ կարեւոր փաստ եւս՝ ինչպես նախկին ռեժիմի ժամանակ, այնպես էլ հիմա մարդիկ խուսափում են առնչվել ԺՀԿ-ի հետ՝ շառից, փորձանքից հեռու լինելու համար, ինչի վկայությունն է այն, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ԺՀԿ անդամները, խուսափելով իրենց կուսակցությունով մասնակցելու հնարավորությունից, փնտրում էին կուսակցություն, որոնց հանդեպ Նիկոլը բարեհաճ էր, իսկ արդյունքում նրանց պարտադրվեց ՔՊ-ի ցուցակով մասնակցել։
Այս ամենից կարելի է եզրահանգել, որ Հայաստանում մեծ հաշվով բան չի փոխվել, ավելին՝ քաղաքական դաշտը եւ ընտրական համակարգը շարունակվում է կազմաքանդվել, քաղաքական գործունեություն ծավալելը, ինչպես նախկինում, դարձել է անհնարին։ Բոլոր այն կուսակցությունները, որոնք ակտիվ ընդդիմադիր գործունեություն են ծավալել մինչեւ 2018-ի «հեղափոխությունը», պետք է հստակեցնեն իրենց քաղաքական գիծը եւ հնարավոր գործունեություն ծավալելու հարցը։ Ասվածը վերաբերում է նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը։
Պետրոս Մակեյան
Կարծիքներ